«Հրապարակ». Կառավարությունն ապօրինի դիմել է ՍԴ-ին, ՍԴ-ն էլ կատարել է կառավարության խնդրանքը

«Հրապարակ». Կառավարությունն ապօրինի դիմել է ՍԴ-ին, ՍԴ-ն էլ կատարել է կառավարության խնդրանքը

Սահմանադրական դատարանը մարտի 24-ին Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել Հռոմի ստատուտը: Այն միջազգային պայմանագիր է, որով հիմնվել է Միջազգային քրեական դատարանը։ Հենց այս դատարանն է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում է կայացրել, եւ հիմա Հայաստանի Հանրապետությունն անդամագրվում է այդ հանրույթին։ Սահմանադրագետ Վարդան Պողոսյանին այս կապակցությամբ հարցրինք, թե իրո՞ք այդ կանոնադրությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ նկատի ունենալով, որ Հայաստանը նախկինում չի միացել այդ կանոնադրությանը, հենց ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանելու հիմքով։

«Բնականաբար, չի համապատասխանում, որովհետեւ Սահմանադրական դատարանը որեւէ կերպ չի հերքել այն բոլոր փաստարկները, որոնք ՍԴ-ն իր 2004 թվականի որոշման մեջ էր արձանագրել, հերքման նշույլ անգամ չկա։ Երկրորդը՝ Սահմանադրական դատարանն ընդհանրապես իրավունք չուներ նման գործ քննելու, այսինքն՝ ՍԴ-ն գերազանցել է իր լիազորությունները, ապօրինի ձեւով քննության է ընդունել կառավարության ներկայացրած դիմումը եւ ապօրինի որոշում է կայացրել»,- պատասխանեց Պողոսյանը։

Իսկ ինչո՞ւ է սահմանադրագետը կարծում, որ ՍԴ-ն իրավունք չուներ նման գործ քննելու։ «Որովհետեւ ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ երբ միջազգային պայմանագիրը հակասում է Սահմանադրությանը, այդ դեպքում այն չի կարող ուղարկվել Ազգային ժողովի վավերացմանը, այսինքն՝ Սահմանադրությունն ասում է, որ չի կարող վավերացնել, եթե հակասում է Սահմանադրությանը։ Սահմանադրական դատարանը 2004 թվականին արդեն իսկ որոշում է կայացրել, որ Հռոմի կանոնադրությունը հակասում է Սահմանադրությանը, եւ որեւէ հնարավորություն, որ այդ գործը նորից քննվի, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը չի տալիս։ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են եւ վերանայման ենթակա չեն: Այդ կանոնից կա միայն մեկ բացառություն, որը սահմանված է «ՍԴ-ի մասին» օրենքում, որտեղ ասվում է, որ եթե խոսքն օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի մասին է, ապա հնարավոր է, որ ՍԴ-ն վերանայի իր նախկինում կայացրած որոշումը միայն այն դեպքերում, եթե ինքը՝ ՍԴ-ն, տվյալ նորմատիվ իրավական ակտը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Եթե Սահմանադրությանը չհամապատասխանող է ճանաչել, ուրեմն վերանայելու հնարավորություն ընդհանրապես գոյություն չունի։ Հիմա մեր պարագայում խոսքը չի էլ գնում օրենքի որեւէ դրույթի սահմանադրականության մասին, այլ խոսքը գնում է միջազգային պայմանագրով Հայաստանի ստանձվող պարտավորությունների մասին, եւ ամենակարեւորը՝ Սահմանադրական դատարանն իրավունք չունի ընդհանրապես նման հարց քննարկել, որովհետեւ արդեն իսկ ճանաչվել է հակասահմանադրական։ Սահմանադրական դատարանի կայացրած այս ապօրինի որոշման մեջ նույնիսկ փորձ արված չէ՝ ցուց տալու, թե ինչն է փոխվել  ՀՀ Սահմանադրության 2004 թվականի որոշմամբ մատնանշված դրույթներում, եւ ինչ նոր ընկալում կա դրանց վերաբերյալ, որ հանկարծ Սահմանադրական դատարանը որոշել է, որ այս անգամ կանոնադրությունը համապատասխանում է Սահմանադրությանը։ Կարճ ասած՝ ապօրինի կազմ ունեցող Սահմանադրական դատարանի կողմից ակնհայտ ապօրինի որոշում է սա»,- պատասխանեց Պողոսյանը։

Դիտարկմանը, որ 2004 թվականից հետո 2 անգամ սահմանադրություն է փոխվել, գուցե դա՞ է հիմքը, որ հարցը կրկին քննվել է, նա պատասխանեց․ «Սահմանադրության այն դրույթները, որոնց հակասել է Հռոմի կանոնադրությունը, խոսքը 2 դրույթների մասին է, այդ դրույթները ո՛չ 2005 թվականին, ո՛չ էլ 2015 թվականին որեւէ իմաստային փոփոխության չեն ենթարկվել: Այդ դրույթների իմաստը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությունն իրականացնում են ՀՀ դատարանները (այլ ոչ թե որեւէ Քրեական միջազգային դատարան` Կ. Ս.), եւ այդ դրույթը որեւէ ձեւով չի փոխվել ո՛չ 2005-ին, ո՛չ 2015-ին։ Միայն 1 իրավական ճանապարհ գոյություն ուներ, որ Հայաստանը նորից անդրադառնար Հռոմի կանոնադրությանը, դա ՀՀ Սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելն էր, որը հնարավորություն կտար ՀՀ-ին ստորագրելու եւ վավերացնելու Հռոմի կանոնադրությունը։ Նման ճանապարհով այլ երկրներ անցել են, փոխել են իրենց սահմանադրությունը, սահմանադրության մակարդակով հնարավորություն են տվել, որ տվյալ երկիրը կարողանա վավերացնել այդ կանոնադրությունը, օրինակ՝ Ֆրանսիան։ Մեր պարագայում նման բան չկա, մեզ մոտ իշխանությունները որոշել են, որ ընդհանրապես կարեւոր չէ, թե Սահմանադրությունում ինչ է գրված, եւ քանի որ Սահմանադրական դատարանն էլ արդեն իսկ դարձել է գրպանային դատարան, իրենք ապօրինի կերպով դիմել են, ՍԴ-ն էլ ապօրինի կերպով, առանց որեւէ հիմնավորման, ըստ էության, վավերացրել է կառավարության խնդրանքը»,- պատասխանեց Պողոսյանը։

Նշենք, որ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը մեզ հետ զրույցում ասել էր

«Սահմանադրական դատարանի՝ սույն թվականի մարտի 24-ի ՍԴՈ-1680 որոշումը հրապարակված է/տեղադրված է Սահմանադրական դատարանի կայքում: Ձեռնպահ մնալով հիշյալ որոշման առնչությամբ մեկնաբանություններից՝ հակիրճ փաստեմ, որ ՍԴՈ-1680 որոշմամբ ՍԴ-ն արձանագրել է, որ տվյալ գործով ՄՔԴ կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության ստուգման և 13.08.2004թ. ՍԴՈ-502 որոշման՝ գործի քննությամբ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության ստուգման հանգամանքների միջև առկա է էական տարբերություն: Մասնագիտական շրջանակներում, անշուշտ, հարցի առնչությամբ կարող են լինել /առկա են ոչ միատեսակ ընկալումներ և գնահատականներ, որոնց առնչությամբ մեկնաբանություններից զերծ կմնամ: Սահմանադրական դատարանը՝ Կառավարության դիմումի հիման վրա իրականացրել է միջազգային պայմանագրով ամրագրված պարտավորությունների սահմանադրականության ստուգում, իսկ փաստաթղթի վավերացումն Ազգային ժողովի իրավասության տիրույթում է»: