Եռաբլուրը գարուն է բերում

Եռաբլուրը գարուն է բերում

Արամազդ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գարուն է եկել։ Գարունը իր հետ նոր կյանք է բերում, նոր սպասելիքներ, նոր հույսեր և երազանքներ։ Արթնանում է բնությունը, ծաղկում է հողը։ Տնքում է ԵՌԱԲԼՈՒՐԸ, բաբախում է սիրտը Եռաբլուրի։ Քանի՞ գարուն է պառկած այդ հողում, քանի ապագա, քանի երազանք։

Մեր ժողովուրդը սիրում է մեռած հերոսներին, մեր ժողովուրդը սիրում է հպարտանալ նրանց գործերով՝ ոչինչ որ անավարտ են, ոչինչ որ կիսատ են, ոչինչ որ չհասցրեցին։ Կարևորը ինքնագովազդվող «հայրենասերներների» մի հոծ բազմություն  առիթ է ստացել հիշողություններ հորինել իր ողորմելի ներկայությունը հերոսների մոտ կանգնած լինելու, կամ նրանց հետ պայքարի մեջ իր կասկածելի «մասնակցությունը» թմբկահարելու համար։ Լավաշը, թարխունը և խաշած ձուն իրենց «հայրենասիրության» անառարկելի և վառ ապացույցն է, իրենց ծննդականը և կենսագրության վկայականը։

Դավաճանված է Հայաստանը, դավաճանված է Արցախը՝ Եռաբլուրի Արցախը՝ այն Արցախը որի համար մարտիրոսվեցին հերոսները և դու՛ք հերոսներով հպարտացող թշվառներդ կանգնած եք այդ հերոսների ստեղծագործությունը՝ ազատագրած Արցախը դավաճանաբար հանձնածի կողքին, միթե՞ չեք հասկանում որ դրանով դուք կրկին սպանում եք այն հերոսներին որոնց անունը հնչեցնելով միայն դուք կաք։ Պղծվում է սուրբ հողը ձեր ոտնահետքերով։ Բզկտվել է հայրենիքը ձեր մասնակցությամբ, տոները սուգ են դարձրել ձեր գոյությամբ։ Դա՞ էլ չեք հասկանում որ ձեր անխելքության պատճառով չարքապատկան պատուհասը շուտով ձեր իսկ փառաբանած հերոսներին է պղծելու և խնդիր է դրել նրանց ջնջել ձեր հիշողությունից, ինչպես փորձում են Նժդեհի և Մոնթեի պարագայում։

Տնքում է ԵՌԱԲԼՈՒՐԸ, բաբախում է սիրտը Եռաբլուրի։ Պատիվ ու արժանապատվություն է պահանջում ապրողներից ԵՌԱԲԼՈՒՐԸ։ Հատուցում է պահանջում ԵՌԱԲԼՈՒՐԸ։

ԳԱՐՈՒՆ Է ԲԵՐՈՒՄ ԵՌԱԲԼՈՒՐԸ»։