Համայնքապետը հետո զանգել է, ներողություն է խնդրել․ Վանեցյան

Համայնքապետը հետո զանգել է, ներողություն է խնդրել․ Վանեցյան

Մենք գրել էինք, որ ՀՖՖ-ն ֆուտբոլի զարգացման նոր ռազմավարություն է մշակել։ Ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է Հայաստանի հեռավոր համայնքներում ֆուտբոլի դաշտեր կառուցել, քանի որ մարզերում, չունենալով այլ հետաքրքրություններ, երեխաներն ավելի հաճախ են ֆուտբոլ խաղում, և հետաքրքրությունն այդ սպորտաձևի հանդեպ առավել մեծ է։ ՀՖՖ փոխնախագահ, նախկին սպորտային մեկնաբան Արմեն Մելիքբեկյանն այդ ծրագիրն առաջինը հենց իր հարազատ գյուղում՝ Իջևանի շրջանի Աչաջուր համայնքում է ցանկացել իրականացնել, սակայն ծննդավայրում իրեն այդ նպատակի համար հողատարածք չեն տրամադրել, համայնքապետ Կարեն Ղալթաղչյանն առաջարկել է դպրոցին կից ֆուտբոլի դաշտը վերանորոգել, սակայն Մելիքբեկյանը չի ցանկացել։ Ղալթաղչյանին հարցրինք, թե որն է պատճառը, որ հողատարածք չեն տրամադրել։ 

«Տարածքում այդպիսի հողեր չկան, բայց մի տարածք ունենք՝ դպրոցի դաշտն է, այդտեղ ենք մենք ցանկացել, որ ինքը սարքի, բայց ներդրում չի եղել։ Մենք ցույց ենք տվել այդ տարածքը, ինքը գնացել է, որ որոշի, թե ինչ է անելու, բայց պատասխան չի եղել, ինձ ասաց՝ մի տարածք լինի, որ դաշտ սարքենք, ես էլ այդ տարածքն եմ ցույց տվել»,- մեզ հետ զրույցում ասել էր համայնքապետը։

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին հարցրինք, թե նման դեպքերում ինչպես են լուծում հարցերը։ Պատասխանեց, որ այդ լուրն իրականությանը չի համապատասխանում․ «Այդ դեպքն իրականությանը չի համապատասխանում, դա կեղծ լուր էր եղել, բոլոր համայնքները մշտապես մեզ հետ համագործակցում են, աջակցում են, չեմ կարծում, որ Հայաստանում գտնվի մեկ համայնքի ղեկավար, որին առաջարկվի իր համայնքում կառուցել անվճար ֆուտբոլի դաշտ, և նա չաջակցի, չտրամադրի մեզ ֆուտբոլի դաշտ»։

Բայց չէ՞ որ համայնքի ղեկավարը հաստատել էր, որ նման բան է եղել։

«Համայնքապետը հետո զանգել է Ֆուտբոլի ֆեդերացիա և ասել է, որ հարցը սխալ է հասկացել, և ներողություն է խնդրել»,- պատասխանեց Վանեցյանը։