Նախկինները չգիտեն` ինչ են ուզում, նորերը՝ ինչ անեն

Նախկինները չգիտեն` ինչ են ուզում, նորերը՝ ինչ անեն

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց: Նրա աջակիցները դա համարում են քաղաքական հետապնդում, ընդդիմախոսներն՝ արդարադատության հաղթանակ: Մի իրավիճակ է, երբ նախկինները հստակ չգիտեն ինչ են ուզում, նորերը՝ ինչ անեն: Պետության ապագան, փաստորեն, կապվում է Ռոբերտ Քոչարյանի դատվել-չդատվելու հետ:

Գործնականում, սակայն, Հայաստանի խնդիրները չեն լուծվի, եթե երկրորդ նախագահը նույնիսկ ցմահ ազատազրկվի: Չեն լուծվի նաեւ, եթե դատարանը նրան արդարացնի, եւ դրան հետեւի Փաշինյանի հրաժարականը կամ տեղի ունենա նոր «հեղափոխություն»: Հայաստանը հայտնվել է խուլ փակուղում: Եւ որովհետեւ արտաքին ճեղքման քաջության քաղաքական ուժ չկա, բոլորը մտասեւեռվել են ներքին խնդիրների վրա: Այնքան, որ ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով է ստեղծվում: Ի՞նչ պիտի պարզվի: Ամեն ինչ տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ:

«Ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել,- ասում է իմքայլական խորհրդարանականը: Իսկ նախորդ պատերազմում հաղթե՞լ ենք: Երկրորդ նախագահն ասում է՝ այո, ոչ միայն Ղարաբաղն ենք ազատագրել, այլեւ՝ յոթ շրջան, միացրել ենք Ղարաբաղին, ստեղծել անվտանգության գոտի: Եթե որեւէ մեկն ասի, որ մենք ղարաբաղյան պատերազմում չենք հաղթել, նրան խարույկ կհանեն: Ահա սա է Հայաստանի, հայ ժողովրդի խնդիրը՝ որ մենք ապրում ենք միֆականացված, մեր ձեռքով միֆականացրած կյանքով:

Եւ չկա մի սթափ հայացք, մի անաչառ խոսք, որ մեզ վերադարձնի իրականությանը: Որովհետեւ երբ ասում են՝ «պատերազմը չի ավարտվել»՝ հետեւում է, որ մենք չենք հաղթել: Քանի որ հաղթանակով պատերազմն ավարտվում է, գալիս է խաղաղությունը: Նախկինները չեն զորում ասել, որ քսան տարում այդպես էլ չկարողացան Ադրբեջանին խաղաղություն պարտադրել: Նորերը չգիտեն՝ պատրաստվեն հաջորդ պատերազմի՞ն, թե՞… Ընտրել են դարձյալ ժամանակ ձգելու տարբերակը:

Որովհետեւ թե՛ նախկինների, թե՛ նորերի վրա ահագնացած է «հող ծախելու անեծքը»: Նախկինները սեփական փորձով վստահ են, թե ի՜նչ ռումբ կպայթի, եթե նորերին շարունակաբար մեղադրեն «հող հանձնելու» մտադրության մեջ: Նորերը յուրացրել են նախկինների դիվանագիտական բոլոր հնարքները: Միշտ կարելի է ասել, որ Ադրբեջանը բանակցություններից ցանկալին իրականության տեղ է ներկայացնում: Իրական է, մինչդեռ, համանախագահների մարտի 9-ի հայտարարությունը: Նախկիններն ասում են, որ միջնորդներն այլեւս չեն խոսում Վիեննայի օրակարգից: Նորերը դրանից հավասարակռությունը կորցնում են այնպես, որ արտգործնախարարը խոսում, բայց այդպես էլ հասկանալի, նույնիսկ՝ կռահելի ոչինչ չի ասում: Չկա միջակայքի խոսք: Ոչ ոք հներին հարց չի տալիս՝ իսկ ինչու՞ Վիեննայի օրակարգը ձեր իշխանության երկու տարում կես-քայլ իրականություն չդարձավ: Կամ՝ իսկ ի՞նչ էին խոսում ժնեւյան ոչ արարողակարգային զրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը: Նախկինները ծաղրում են վերելակային դիվանագիտությունը»:

Անցած քսան տարում ինչու՞ ոչինչ փոխել չի հաջողվել՝ հարցը կախվում է օդում: Պատասխանը ստանդարտ է. «Մենք ոչինչ չենք զիջել»,: Բայց դա հաջողությու՞ն է: Իհարկե՝ ոչ: Հաջողություն կլիներ, եթե չզիջելն ամրագրված լիներ դիվանագիտական համապատասխան ձեռքբերումներով: Երբ հակառակորդ կողմը հրաժարվում է Կազանի փաստաթղթից, եւ ոչինչ չի փոխվում, ո՞րն է այստեղ հայկական կողմի հաջողությունը: Նախկինների ջատագովներն ասում են՝ «գիտեին, որ Ալիեւը կմերժի, դրա համար էլ համաձայնություն էին տալիս Կազանի փաստաթղթին»: Նույնը կարող են նորերն ասել: Բայց արժե՞ երկրի, պետության, ժողովրդի ապագան պայմանավորել նման ձեռնածություններով: Ի՞նչ հեռանկար է պատկերվում գոնե առաջիկա մեկ-երկու տասնամյակի կտրվածքով: Որեւէ հաստատություն ունե՞նք, որ զբաղվում է ռազմավարական պլանավորմամբ: Թե՞ ամեն ինչ կապում ենք մարտիմեկյան գործի կամ հոկտեմբերի 27-ի բացահայտման հետ: Ենթադրենք՝ երկուսն էլ բացահայտվեց, դրանից Հայաստանի համար, հայ ժողովրդի կյանքում ի՞նչ է փոխվելու: Շատ հնարավոր է՝ հակառակ էֆեկտ ունենանք: Հանկարծ պարզվի, որ անկախությունը, ղարաբաղյան պատերազմը, այն ամենը, ինչի վրա անցած երեսուն տարիներին կառուցվել եւ դրսեւորվում է մեր ինքնությունը, մեծ սուտ է, խաբկանք: Որ մենք անվանապես ենք միայն ինքնիշխան: Որ կառավարվում ենք ոչ թե ազգային, այլ օտարի շահով: Նախկինները չգիտեն ինչ են ուզում: Միայն Փաշինյանի հրաժարակա՞նը, թե՞ նաեւ վերադարձ իշխանությանը: Նորերը չգիտեն ինչ անել նախկինների հետ: Երկրի խնդիրների հետ: Երկուստեք չարություն, անհանդուրժողականություն են շնչում-արտանետում: Եւ երկիրը թունավորվում է, խեղդվում:

Նախկինները պետք է ընդունեն, որ հիմնավորապես ձախողվել են: Նորերը պարտավոր են խոստովանել, որ հեղափոխությունը չաշխատեց: Եւ այդպես էլ պետք է լիներ: Բայց քանի որ իրենք այլեւս փողոցի խռովարար չեն, այլ՝ իշխանությունը, նորերին հարկ է զսպվածություն եւ հանդուրժողականություն ցուցաբերել: Եւ, իհարկե՝ ունենալ մեծագույն պատասխանատվություն: Պետք է փակել անցյալի էջը: Որպեսզի այլեւս ազգային ողբերգություն չապրենք: Ահա այդ ժամանակ նախկինները կիմանան ինչ են ուզում, նորերը՝ ինչ անեն: