Ահա թե ինչ են խոսում շենքում․ փոթորիկ մի բաժակ ջրում 

Ահա թե ինչ են խոսում շենքում․ փոթորիկ մի բաժակ ջրում 

Այսօր՝ առավոտյան, «Հրապարակի» խմբագրություն մտավ մի կին՝ ձեռքին փոքրիկ թղթի կտոր։ «Նրան ոստիկանությունը գիշերվա ժամը 2-ին տարավ հոգեբուժարան։ Աղուն, հասցեն՝ Իսակովի 44/* բնակարան 16․ ԱԻՆ»,- գրված էր թղթի վրա։ «Ահա, վերցրեք և զբաղվեք, հաջորդը ես եմ լինելու, որովհետև ես քաղաքականությամբ եմ զբաղվում, այսպես ինձ են ուզում վախեցնել»,- հավելեց կինը։

Նա պնդում էր, որ գիշերը ժամը 2-ին ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները ջարդել են 6-րդ հարկում միայնակ բնակվող հարևանուհու դուռը, ապա նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել հոգեբուժարան։ ԱԻՆ մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանից փորձեցինք ճշտել, թե ինչ է տեղի ունեցել այդ բնակարանում, վերջինս մեզ փոխանցեց, որ այդ հասցեից ահազանգ իսկապես եղել է, սակայն պատճառը եղել է միայն այն, որ վերևի հարևանը ջուր է բաց թղել ներքևի բնակարան, ահազանգողն էլ ներքևի հարևանն է եղել։ Զարգարյանը նաև նշեց, որ ԱԻՆ աշխատակիցները որևէ գործողութուն չեն կատարել, քանի որ բնակարանի տիրուհին դուռը չի բացել, ուստի աշխատակիցները համատիրությանն առաջարկել են անջատել շենքի ջրամատակարարումը, որպեսզի շենքը ջրի մեջ չողողվի։ Նույնն ասացին նաև ոստիկանությունից՝ հավելելով, որ որևէ դուռ չի կոտրվել, և որևէ քաղաքացու որևէ տեղ չեն տեղափոխել․

«Ահազանգը մենք ԱԻՆ-ից ենք ստացել, երեկվա ընթացքում 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան ուշ ժամի, այդ քաղաքացուհու ներքևի հարևանն է ահազանգել, որ վերևի բնակարանից ջուր է լցվում։ Առաջին անգամ գնացել են առավոտյան, տանտիրոջը համոզել են, դուռը բացել է, ջրի կաթոցը վերացրել են, երեկոյան նույնպես նույն կարգի ահազանգ է ստացվել,  քաղաքացին արդեն հրաժարվել է դուռը բացել, հրավիրել են համատիրության անդամներին։ Իսկ ինչ վերաբերում է դուռը կոտրելուն և մարդ տեղափոխելուն՝ նման բան չի եղել»,- մեզ հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։