«Հրապարակ». Տիգրան Հակոբյանն ուզում է վերահսկել նաեւ կաբելայինները, համացանցն ու ռուսական եթերը

«Հրապարակ». Տիգրան Հակոբյանն ուզում է վերահսկել նաեւ կաբելայինները, համացանցն ու ռուսական եթերը

Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը հաստատեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ ունեցող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունները։ Այսուհետ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ստանալու է ամսական ոչ թե 832 հազար դրամ աշխատավարձ, այլ 1 մլն 164 հազար դրամ։ 

Գուցե համընկնում էր, բայց ՀՌ հանձնաժողովն օրերս նաեւ ԱԺ է ուղարկել իր տարեկան հաշվետվությունը, որը տեղադրվել է ԱԺ կայքում` չզեկուցվող նախագծերի ցանկում: Տեքստից դատելով՝ ՀՌՀ նախագահն իր նոր աշխատավարձին համահունչ նպատակներ է դրել՝ կարգավորել եւ վերահսկել ողջ հեռուստատիրույթը՝ շոշափուկները տարածելով նաեւ համացանցային եւ կաբելային TV-ների վրա։ Զեկույցում նշված են խնդիրներ, որոնք դուրս են հանձնաժողովի ներկայիս լիազորություններից։ 

ՀՌՀ-ն, օրինակ, վտանգներ է տեսնում օտարերկրյա «տեսալսողական» ծրագրերից, որոնք հեռարձակվում են հանրային մուլտիպլեքսով եւ մալուխային ցանցով, մոռանալով, որ օտար ալիքների հեռարձակումը կարգավորվում է միջպետական պայմանագրերով, այլ ոչ թե ՀՌՀ կամքով։ Հասկանալի է, որ առաջին հերթին խոսքը ռուսական ալիքներին է վերաբերում։ Դրանց սահմանափակումների մասին վաղուց են լուրեր տարածվում, եւ ահա` հանձնաժողովը որոշել է հարձակման անցնել՝ նշելով, որ այդ հաղորդումները վտանգավոր են. «Դրանք հաճախ սպառողներին պարտադրում են մեր հանրային եւ պետական շահերին չհամընկնող տեղեկատվական օրակարգեր, որոնց դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար հանձնաժողովը չունի օրենսդրությամբ նախատեսված կարգավորման գործիքակազմ»։ 
Այսինքն՝ այն, որ Փաշինյանը Հայաստանի քարտեզը խաղալիք սարքած, բոլոր ալիքներից թափահարում է՝ ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունը եւ Քրեական օրենսգիրքը, գոռում է, որ հողեր է հանձնելու թշնամուն, համապատասխանում է մեր ազգային շահերին, իսկ ռուսական ֆիլմերն ու լուրերը, հաղորդումները, որոնք անհամեմատ ավելի որակով են, քան Տիգրան Հակոբյանի կողմից վերահսկվող ալիքների արտադրանքը` ոչ։ Առաջին քայլն արդեն Փաշինյանն արել է՝ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի հեռարձակումը Հայաստանում արգելվել է։ Այս մասին RT-ի գլխավոր տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը գրել է. «Նա իշխանության եկավ ավելի շատ «խոսքի ազատություն» կարգախոսներով։ Ավելի քիչ խոսքի ազատություն կա։ Իսկ Ղարաբաղի հետ անհարմար ստացվեց։ Ինչո՞ւ են բոլոր ազատասերները, գալով իշխանության, դառնում բռնապետեր ու ճնշված մարդիկ։ Առեղծված է»։ Հաջորդ քայլը որոշել են, փաստորեն, Տիգրան Հակոբյանի ձեռամբ անել, որպեսզի էլ ոչ ոք չմեղադրի Նիկոլին` ՀՌՀ-ն կորոշի, թե որ հաղորդումները մենք պետք է դիտենք, իսկ որը` ոչ։ 

Հաջորդ խնդիրը Տիգրան Հակոբյանը տեսնում է նրանում, որ լիարժեք կարգավորման առարկա են միայն հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հաղորդումները, իսկ ցանցային օպերատորների փաթեթներում ներառվածները չնչին չափով են կարգավորվում։ Ավելին, նա սխալ է համարում այն, որ համացանցում հեռարձակվող ԶԼՄ-ներն ընդհանրապես դուրս են հանձնաժողովի կարգավորման դաշտից։ «Համացանցում հեռարձակվող լրատվամիջոցները որեւէ կերպ ներառված չեն օրենքով սահմանված պարտականություններ ունեցողների ցանկում։ Նրանց բովանդակության կարգավորումը բարդ է կամ անհնարին։ Տեսալսողական մեդիածառայությունների վերաբերյալ օրենքի շրջանակներում պետք է կարգավորվեն տեսալսողական հաղորդակցության այն բոլոր տեսակները, որոնք գտնվում են ծառայություն մատուցողի, խմբագրական անձնակազմի պատասխանատվության ներքո»,- գրում է Տիգրան Հակոբյանը՝ հավակնելով ամենայն հայոց կարգավորչի դերին։ Ապա եզրակացնում է․ «Անհրաժեշտ է նախաձեռնել հեռարձակող մեդիաների ոլորտին վերաբերող պետական նոր ռազմավարության մշակման գործընթաց, որի կարեւորագույն բաղադրիչը համապատասխան օրենսդրական փոփոխություններն են»։ Պարզ ասած՝ քիչ ենք խեղդում TV-ներին, պետք է բոլորի օդերը փակել, որ բոլորը մեր ձեռքի տակ աշխատեն։ Տիգրան Հակոբյանը չի էլ թաքցնում քաղաքական առումով «վտանգավոր» հաղորդումների դեմն առնելու իր մտադրությունը։ Նա հենց այդ նպատակով է կարգվել հանձնաժողովի նախագահ:

Հեռուստաալիքների դիտելիության անկում արձանագրելով, նա նկատում է, որ եթե այսպես շարունակվի, ապա 2027 թվականի մրցույթում կարող են դատարկ մնալ սլոթեր, որոնք կզբաղեցնեն քարոզչական ուղղվածության հեռուստաընկերությունները` «առաջարկելով պառակտիչ քաղաքական օրակարգ»։ Պառակտիչ օրակարգը, բնականաբար, իշխանություններին ուղղված քննադատություններն են: Գրում է` այլ պետություններ կարող են ֆինանսավորել մեր ընկերություններին եւ նրանց միջոցով գրավել մեր «սլոթերը»։ Եվ որպեսզի դա տեղի չունենա, պետք է նոր օրենք` կրճատել մուլտիպլեքսի սլոթերի քանակը, վերահսկել մալուխային հեռարձակումը, իսկ այս ամենն իրագործելու համար հանձնաժողովին պետք է նոր լիազորություններ տալ։ 

Ի՞նչ են մտածում այս ամենի մասին TV-ները 

«Ալիք մեդիայի» տնօրեն Տիգրան Պասկեւիչյանը չի պատկերացնում, թե ինչպես է հնարավոր վերահսկել համացանցով հեռարձակվող լրատվամիջոցներին։ «Հանրային մուլտիպլեքսը, հասկանալի է` համարում են, որ այն պետական հսկողության տակ է, բայց ես, օրինակ, ունեմ ինտերնետում «Յութուբ» կանալ, իրենք ինչպե՞ս են կարգավորելու դա։ Գուցե օրենքի նախագիծը լինի, տեսնենք, բայց այսպես չեմ պատկերացնում, թե ինչպես են դա անելու»։ 
Մուլտիպլեքսից դուրս մնացած ընդդիմադիր Հ2 հեռուստաընկերության տնօրեն Շավարշ Գեւորգյանը ծանոթ չէ Տիգրան Հակոբյանի հաշվետվությանը։ «Ուզում են` թող կարգավորեն։ Իր ձեւակերպմամբ՝ եթե դիտելիությունն ընկել է մուլտիպլեքսում գործող TV-ների, թող սա էլ վերահսկեն, որ սրա դիտելիությունն էլ ընկնի։ Ուզում են «ագիտպոպի» մեխանիզմ կիրառել, թող կիրառեն, ի՞նչ ասեմ։ Միեւնույն է, այսօր երկրում ինչ ուզում՝ անում են։ Տիգրան Հակոբյանի աշխատավարձն են բարձրացնում։ Քավ լիցի, ես ոչ մեկի փողը չեմ հաշվում, ասածիս նպատակը դա չէ, ուզում եմ ասել, որ, միեւնույն է, ինչ ուզում, անում են, մենք դրանից ո՛չ կհանձնվենք, ո՛չ պատրաստվում ենք կոտրվել։ Մենք մեր գործն անում ենք ու շարունակում ենք անել՝ անկախ տիգրանհակոբյաններից»։ 

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի նախկին տնօրեն Գեղամ Մանուկյանին էլ դիմեցինք։ Անցյալ տարի եթերազրկված «Երկիր մեդիան», ինչպեսեւ Հ2-ը, այժմ հեռարձակվում է մալուխային եղանակով։ Գեղամ Մանուկյանը շեշտում է՝ ՀՌՀ-ն իշխանության կցորդ հանձնաժողով է դարձել. «Այն երբեք էլ անկախ չի եղել, բայց հիմա այս ամենը տեղավորվում է հակառուսականության ֆոնի մեջ։ Նրանք ռուսական ալիքները փակելու հարց ունեն Հայաստանում։ Ինչ վերաբերում է համացանցին, այն որեւէ մեկը չի կարող վերահսկել։ Աշխարհում չկա որեւէ երկիր, որում համացանցը վերահսկվում է։ Դա նոնսենս է»։ Տիգրան Հակոբյանի գործիքակազմը չի բավարարում դաշտը վերահսկելու համար, սա լուրջ պետական խնդիր է, փաստորեն, ինչին իշխանություններն ահռելի գումարներ են ուղղում՝ աշխատավարձի տեսքով։

«Գործիքակազմը չի բավարարում, դրա համար իրենց աշխատավարձե՞րն են բարձրացնում։ Լավ, բազմաթիվ համացանցային ԶԼՄ-ներ կան, որոնց հեռարձակողները Հայաստանից դուրս են։ Նրանց ո՞նց են վերահսկելու։ Դիտելիության անկումը հեռուստատեսության խնդիր է, աշխարհում հեռուստատեսությունը, որպես լրատվության միջոց, սկսել է նահանջել, եւ սա ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ տարին է»։ Գեղամ Մանուկյանը հիշեցնում է՝ նախկինում իրենք Միշիկին էին քննադատում, իսկ այսօր Հանրային հեռուստաընկերության գովազդայինի տնօրենն Արայիկ Հարությունյանի հարազատ եղբայրն է։ «Իմ ու ձեր ախպերը չի կարող այնտեղ տնօրեն լինել, իսկ Արայիկ Հարությունյանինը կարող է, եւ գովազդի առյուծի բաժինը դրվել է հանրայինի տակ, ու «կոռուպցիա չկա»։ Երբեք հանրայինն այսպիսի արտոնություններ չի ունեցել։ Հիմա էլ երկրորդ լրատվականին տվեցին հանրապետական ծածկույթ, եւ ողջ երկիրը տոտալ քարոզչության տակ է։ Մի աբսուրդ էլ՝ Տիգրան Հակոբյանը վերահսկող մարմնի ղեկավար է, բայց Պետրոսի հետ Պոդքաստ է անում Հ1-ի եթերում։ Ենթադրում եմ՝ դրա համար աշխատավարձ պետք է ստանա Հ1-ից, եւ նա վերահսկում է Հ1-ը»,- նշեց Գեղամ Մանուկյանը։