ՀՀ տարածքից Ադրբեջանը օկուպացրել է գրեթե Երեւանի չափ տարածք

ՀՀ տարածքից Ադրբեջանը օկուպացրել է գրեթե Երեւանի չափ տարածք

2020 թ. դեկտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում էր, թե բացի նոյեմբերի 9-ի հայտարարությունից՝ «որեւէ հավելված, այլ փաստաթուղթ եւ այլն, էդպիսի բան գոյություն չունի»: Արարատ Միրզոյանը  ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարում է․ «Ինձ հայտնի է Հայաստանի Հանրապետության շուրջ 200 քառ. կմ տարածք, որը այս պահին գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո»:

Եթե ուշադիր հետևենք, կտեսնենք, որ այդ տարածքները միանգամից չեն հանձնվել, այլ մաս- մաս։ Տարածքների մեծ մասը հանձնվել է առանց դիմադրության, Նիկոլ Փաշինյանի կողմից մանիպուլյացիոն հնարքներով, որոնց թվարկումը օրեր կտևի։  Ուզում եմ ընթերցողի ուշադրությունը կենտրոնացնել պաշտոնապես հաղորդված այդ թվի վրա, որպեսզի պատկերացնենք, թե Հայաստանը ինչքան է կորցրել ու շարունակում կորցնել։ Որպեսզի հասկանանք՝ հայաստանցին մտահոգվելու բա՞ն ունի, շարունակի «ցավին անտեղյակ, դավին անտեղյակ»  իր քեֆ ուրախությունները, թե՞ մի պահ կանգ առնի ու մտածի, որ իր երկրի հետ ինչպես են վարվում։ Ընդամենը Վիքիպեդիայինց մի թիվ եմ հրապարակելու։ Տարբեր տվյալներով՝ Երեւանի մակերերսը 223-230 քառակուսի կմ է (Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում՝ 227 քառ. կմ, Երեւանի քաղաքապետարանի կայքում՝ 223 քառ. կմ, Հայկական հանրագիտարանում՝ 2009 թ. տվյալով՝ Երեւանի տարածքը 162 քառ կմ է, արվարձաններով՝ ավելի քան 230 քառ. կմ)։ Արարատ Միրզոյանի պաշտոնական հայտարարությունից հետո վստահորեն կարելի է ասել, որ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացրել են Երեւանին համարյա հավասար տարածք։ Եթե նկատի ունենանք, որ սա պաշտոնական հայտարարություն է, լուսանցքները պատկերացնելն ահավոր է։

 Սա ի՞նչ է, եթե ոչ Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը մաս- մաս հանձնելու բանավոր պայմանավորվածություն, որը դեռ շարունակվում է։ Սա՞ է խաղաղության պայմանագիրը։ Նիկոլ Փաշինյանը չի՞ տեսնում, որ մի Երևանի տարածք է հանձնել, ու Ադրբեջանը չի բավարարվում, ինչի՞ վրա է հույսը դրել։ Հայաստանի մյուս կե՞սն էլ հանձնի, որ իր ուզած խաղաղությունը լինի։ 

Քանի որ տարածքները մաս-մաս է պոկվում, մենք չենք զգում, մեր բոլոր օրգանները կարմիր լույս են ցույց տալիս, մնացել է սիրտը, որն աշխատում է ծայրահեղ ծանրաբեռնվածության տակ։ Ուշքի եկեք։