ՊՆ մամուլի քարտուղարի պարզաբանումը՝ մեր հրապարակումներից մեկի վերաբերյալ

ՊՆ մամուլի քարտուղարի պարզաբանումը՝ մեր հրապարակումներից մեկի վերաբերյալ
Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պարզաբանումը. «Հրապարակ» թերթի ինտերնետային էջի «Ինչու է ՊՆ-ն ֆինասավորել կրթությունս, եթե չեմ կիրառելու մասնագիտական հմտությունները. բաց նամակ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ

Բ/ծ կապիտան Սոս Վահագնի Պետրոսյանը (ծնված 19.10.1988թ., Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատ), ով հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, հիմնական բազային մասնագիտացումը` «բուժական գործ զինված ուժերում», 2015 թվականին գործուղվել է ՉԺՀ ՊՆ Շանհայի 2-րդ ռազմաբժշկական համալսարան՝ օտարերկրյա զինվորական բժիշկների համար նախատեսված մագիստրոսական ծրագրի դասընթացներին մասնակցելու համար: 
Մագիստրոսական ծրագրով Ս. Պետրոսյանը այլ տեսակի բժշկի որակավորում չի ստացել: Ուսումնառության ընթացքում անցել է ինտերվենցիոն սրտաբանության կուրսեր, ինչը, սակայն, նոր մասնագիտացում չէ, այլ ընդամենը դասընթաց, որտեղ ձեռք են բերել որոշակի գործնական հմտություններ: 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետով (ռազմաուսումնական հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ավարտած զինծառայողը նշանակվում է իր ռազմահաշվառական կամ բարձրագույն կրթությանը համապատասխանող զինվորական պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում` նախկինում զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի) և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության ոլորտում նման գործնական հմտություններ ունեցող բժիշկ-սպաների համապատասխան հաստիքներ չկան, բ/ծ կապիտան Ս. Պետրոսյանը նշանակվել է առանձին բժշկական ջոկատի ընդունարանի պետի պաշտոնին: 

Վերջին նշանակումը համապատասխանում է կապիտան Ս. Պետրոսյանի հիմնական մասնագիտությանը և զինվորական բժշկի համար կարևոր փորձ է հետագա ծառայողական աճի համար: Ս. Պետրոսյանը դեռ չի ավարտել կլինիկական օրդինատուրա, հետևաբար` չի կարող համարվել նեղ մասնագիտացում ունեցող բժիշկ: 
Հասկանալի չեն կապիտան Ս. Պետրոսյանի հայտարարության շարժառիթները, քանի որ ռազմական բժիշկը իր երդմանը համապատասխան պետք է ծառայի զինվորականներին ցանկացած վայրում: