Ամանորը տարբեր երկրներում. ամենաօրիգինալ ավանդույթները

Ամանորը տարբեր երկրներում. ամենաօրիգինալ ավանդույթները

Ամանորն ընդունված է առաջին հերթին համարել ընտանեկան տոն։ Եվ ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, այնպես էլ՝ յուրաքանչյուր երկրում Նոր Տարվա տոնակատարություններն ընթանում են յուրովի՝ ձևավորելով նաև որոշակի ավանդույթներ։ Ստորև ներկայացնում ենք մի քանի երկիր, որտեղ Ամանորը նշում են բավականին հետաքրքիր և ինքնահատուկ կերպով։

Կուբա

Ազատության կղզում ավանդույթ կա Ամանորից առաջ տան բոլոր տարաներում ջուր լցնել, որպեսզի կեսգիշերին այն պատուհանից դուրս ցողեն։ Այսպիսով, կուբացիները ճանապարհում են անցնող տարին` մաղթելով նրան հեշտ ճանապարհ: Իսկ Ամանորի գիշերը, մինչ ժամացույցը կզարկի 12 անգամ, պետք է այդ ընթացքում տասներկու խաղող ուտել: Այդկերպ ակնկալվում է, որ հաջորդ տարին կբերի բարություն, ներդաշնակություն և բարգավաճում:

Մյանմա (Բիրմա)

Այստեղ Նոր տարին համընկնում է ամենատաք սեզոնի հետ, ուստի Մյանմարի բնակիչները այն տոնելու օրիգինալ տարբերակ են մտածել։ Ամանորին հանդիպելիս՝ մարդիկ պարզապես ջուր են լցնում իրար վրա՝ դրանով իսկ մաղթելով միմյանց երջանկություն գալիք տարում և «լվանալով» անցյալի ողջ բացասականությունը։ Սա, կարելի է ասել, մեզանում ընդունված Վարդավառի տարեմուտյան տարատեսակն է։

Արգենտինա

Արգենտինացիները նույնպես Ամանորը նշելու հետաքրքիր ու օգտակար միջոց են գտել: Տոնական օրերին հաճախ կարելի է տեսնել, որ քաղաքների փողոցները հեղեղված են թղթի կույտերով։ Ինչո՞ւ։ Ավանդույթի համաձայն՝ արգենտինացիները դեն են նետում անպետք թղթերը՝ ամսագրեր, թերթեր և այլն, որոնք խորհրդանշում են հին խնդիրներից և անհաջողություններից ազատվելը։ Բացի այդ, դա սթրեսից ազատվելու հիանալի միջոց է: Բայց Արգենտինայի բնակիչները Նոր տարին նշում են մեզ նման՝ ընտանեկան շրջապատում։

Շոտլանդիա

Եթե որոշել եք Նոր տարին նշել Շոտլանդիայում, ապա ձեզ բառացիորեն վառ տպավորություններ են սպասվում։ Այս լեռնաշխարհի բնակիչները մեկ յուրահատուկ ավանդույթ ունեն․ Ամանորին շոտլանդացիները քաղաքի փողոցներով այրվող տակառներ են գլորում՝ այդպիսով ճանապարհելով հին տարին և «մաքրելով» տեղը նորի համար։ Իհարկե, բոցավառվող հրե գնդակը, որը սուրում է փողոցով, տպավորիչ է թվում, բայց զգուշությունն, ամեն դեպքում, չէր խանգարի։ Ահա այսպիսի «հրավառ» Նոր տարի։

Պերու

Պերուի բնակիչները ևս Ամանորը նշելու մի քանի հետաքրքիր ավանդույթներ ունեն։ Օրինակ՝ Ամանորի գիշերը երիտասարդ աղջիկները ուռենու ճյուղեր են հավաքում ու զբոսնում քաղաքում։ Երիտասարդը պետք է ամուսնանա այն աղջկա հետ, ով իրեն առաջարկում է վերցնել ուռենու ճյուղը։ Դե իսկ նրանք, որոնք ցանկություն չունեն ուռենու ճյուղեր հավաքել, քաղաքում շրջում են ճամպրուկով և բնավ ոչ պատահական։ Ամանորյա մեկ այլ ավանդույթի համաձայն, եթե մինչև Նոր տարի տվյալ թաղամասի բնակիչը կարողանա ճամպրուկով անցնել իր  բնակության ամբողջ տարածքը, գալիք տարի անպայման ճանապարհորդության կգնա։

Ռումինիա

Քաղցրավենիքի սիրահարներին անպայման դուր կգա ռումինական մեկ ավանդույթ. տեղի տնային տնտեսուհիները Ամանորյա կարկանդակներ թխելիս, դրանցում պատրաստում են տարբեր փոքրիկ անակնկալներ՝ մետաղադրամներ, ճենապակյա տիկնիկներ, մատանիներ և ... նույնիսկ կծու պղպեղի մնացորդներ: Այն, ինչ բաժին է հասնում տվյալ կարկանդակն ախորժողին, նախանշում է նրա գալիք տարին: Օրինակ՝ մատանին մեծ երջանկություն է խորհրդանշում, մետաղադրամը՝ հարստություն, իսկ տիկնիկը՝ ընտանիք։

Նորվեգիա

Նորվեգացիները հաստատապես հավատում են բոլոր տեսակի հեքիաթային արարածներին, ինչպիսիք են ոգիներն ու վհուկները, և, հետևաբար, զարմանալի չէ, որ Նորվեգիայում ավանդույթ կա Ամանորից առաջ տան բոլոր ավելներն ու խոզանակները փակել պահարանում, որպեսզի այդ նույն վհուկները դրանք չգողանան և չօգտագործեն որպես փոխադրամիջոց։