Եթե Ուսխորհուրդներն ապօրինի՞ են, ուրեմն Գիտխորհրդի քվեարկություննե՞րն էլ են ապօրինի

Եթե Ուսխորհուրդներն ապօրինի՞ են, ուրեմն Գիտխորհրդի քվեարկություննե՞րն էլ են ապօրինի

Օրերս անդրադարձել էինք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտխորհրդի նիստին, որը  քննարկում էր ՀՊՏՀ ՊՈԱԿ-ը հիմնադրամի վերակազմավորելու մասին հարցը։ Նշենք, որ գիտխորհրդի շուրջ 25 տոկոսը կամ 15 մարդ, կազմում են ուսանողները։
Դեռևս նախորդ տարի Երևանի պետական համալսարանում ուսանողական երկու կառույցների՝ ԵՊՀ ուսանողական խորհրդի և «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության միջև կոնֆլիկտ էր ծագել։ «Ռեստարտ»-ը հայտարարում էր որ ԵՊՀ ուսանողական խորհուրդը գործում է ապօրինի, քանի որ նրա կանոնադրությունը սահմանված կարգով կրթության և գիտության նախարարության կողմից չի հաստատվել, նաև չեն գումարվել կանոնադրությամբ սահմանված համագումարները։ Ուսխորհուրդը հակառակն էր պնդում։ Մեզ հետ զրույցում Տնտեսագիտական համալսարանի դասախոսներից մեկը, որը ցանկացավ անանուն մնալ նշեց, որ  նույն խնդիրն իրենց մոտ է, և , առհասարակ, ամենուր։
Բանն այն է, որ «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի՝ 2010 թ. հոկտեմբերի 28-ի փոփոխությամբ օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասը, որը վերաբերում է ուսխորհուրդների կազմավորմանը և գործունեությանը, վերաշարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Ուսանողական խորհուրդների եւ ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման եւ գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Ուսանողական խորհուրդների եւ ուսանողական գիտական ընկերությունների գործունեությունը ֆինանսավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության արտաբյուջետային միջոցների հաշվին: Ֆինանսավորման չափը սահմանում է բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդը»: Միևնույն ժամանակ «Կրթության մասին ՀՀ օրենքի» 28-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ «Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից»: Չնայած նշված հանգամանքներին՝ Կրթության և գիտության նախարարության կողմից ՀՀ բուհերի համար առ այսօր մշակված և գործողության մեջ դրված չէ «Ուսանողական խորհուրդների եւ ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման եւ գործունեության կարգ», որի պատճառով բուհական ուսանողական խորհուրդների ձևավորումը, ըստ որոշ մեկնաբանությունների՝ զերծ է իրավական հիմքից, մյուս կողմից ուսխորհուրդները չունեն կրթության կառավարման լիազորված մարմնի՝  ԿԳՆ-ի կողմից հաստատված կանոնադրություններ։ 

Ինչպես մեկնաբանվեց՝ ստացվում է, որ շուրջ մեկ տասնամյակ բուհերի ինքնակոչ ուսանողական խորհուրդները գործել են ու շարունակում են գործել … առանց իրավական հիմքի. դրանք դուրս են օրենքից: Իսկ դա էլ իր հերթին  նշանակում է, որ որևէ բուհի գիտական խորհրդում նրանց մասնակցությամբ կատարված քվեարկությունները ու ընդունված բոլոր որոշումները անօրինական են: Սակայն սա դեռ ամենը չէ: Նույն տրամաբանությամբ և նույն հիմնավորումներով՝ օրենքի և օրինականության տիրույթից դուրս են թե՛ բուհերի ռեկտորատները, թե՛ ֆակուլտետային խորհուրդները: Ռեկտորները պարզապես իրավունք չեն ունեցել և ցայսօր էլ չունեն  այդ ապօրինի ուսխորհուրդների ներկայացուցիչներին ներառել գիտական խոհրդի և ռեկտորատի կազմեր։ Փաստորեն, կոռեկտ իրավական գնահատական տրվելու դեպքում կարող  է և այսպիսի եզրակացություն տրվել, որ  իրենց կարգավիճակի հարցում բուհերի ուսանողական խորհուրդները զբաղված են եղել ինքնիրավչությամբ, ինչը ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված է (հոդված 322՝ «Ինքնիրավչություն»), իսկ բուհերի ռեկտորները և Կրթության կառավարման լիազոր մարմինը՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը զբաղված է եղել անգործությամբ, ինչը ևս ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված է (հոդված 308.1 «Պաշտոնական լիազորությունները չարաշահելը»): Եթե անօրինականության այս ահռելի մեքենան օր առաջ չկանգնեցվի, ապա հետևանքները կարող են լինել անկանխատեսելի: Բավական է վերը նշված հիմնավորումներով բուհերում ընդունված որոշումներից մեկն ու մեկի առ ոչինչ ճանաչման գեթ մեկ նախադեպային դատական որոշում, դրան կհետևի դոմինոյի էֆեկտը և բուհական կյանքը ուղղակի կոլափսի կենթարկվի: 

Նշվեց, որ իրավիճակը պահանջում է օր առաջ դադարեցնել որևէ ուսխորհրդի մասնակցությամբ բոլոր մակարդակի խորհուրդների գործունեությունը / գիտխորհուրդ, ռեկտորատ, ֆակուլտետային խորհուրդներ/, իսկ Ուսխորհուրդների կարգավիճակը բերել օրինականության դաշտ՝ մշակելով ու գործողության մեջ դնելով ուսխորհուրդների ձևավորման և գործունեության կարգ, ինչպես նաև հնարավորություն տալ օրինականորեն ձևավորված ուսանողական ինքնակառավարման մարմիններին ունենալ լիազոր մարմնի կողմից հաստատված կանոնադրություններ:
 Տնտեսագիտականի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին «Հրապարակը»
 հարցրեց այս առնչությամբ և դիտարկմամբ, որ փաստորեն ուսխորհուրդներն ապօրինի են։ Նաև Տնտեսագիտականում։
Ըստ Հայրապետյանի մեկնաբանության․«Ապօրինի կլիներ, եթե, օրինակ, կառավարման խորհրդում  ըստ օրենքի նշված լիներ, որ մասնակցում է Ուսանողական խորհուրդը։ Բայց ապօրինի չէ, որովհետև նշված է, որ կառավարման խորհրդում ուսանողության ներկայացուցիչներն են մասնակցում, այլ ոչ թե ուսանողական խորհուրդը»։ Մնացած հատվածների հետ կապված, որ կանոնադրությունը հաստատում է լիազոր մարմինը և այլն, ըստ Հայրապետյանի՝ ճիշտ ենք և դա արդեն նախարարության խնդիրն է։ Եվ որևէ բուհի ռեկտոր ասյտեղ մեկնաբանություններ տալ չի կարող։
«Ես ուղղակի այս պահին կարող եմ ասել, որ տեղյակ եմ, որ կանոնադրության հաստատման գործընթացն ընթացքի մեջ է։ Թե ե՞րբ է հաստատվելու, ինչպե՞ս, ռեկտորի որոշելիքը չէ։ Առավել ևս՝ ռեկտորի պաշտոնակատարի»,-ասաց ռեկտորի պաշտոնակատար Հայրապետյանը։
Նա նշեց, որ մնացյալ հարցերը արդեն իրավական խորքային քննարկման դաշտից են լրագրողի ու ռեկտորի պաշտոնակատարի միջև։
«Անգամ եթե լինեն, նման ռիսկեր, որոնք այս պահին անկեղծ ասած, կարծում եմ, չկան, բայց կարող է և սխալվեմ, ապա դա մեր որոշելիքը չէ և մեր քննարկելիքը չէ»,-ասում է Տնտեսագիտականի ռեկտորի պաշտոնակատարը։