Միայն թե չդառնան մեկ քաղաքական ուժի ձեռքին գործիք

Միայն թե չդառնան մեկ քաղաքական ուժի ձեռքին գործիք

Դատելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությունից՝ վեթթինգ պետք է իրականացնեն Բարձրագույն դատական խորհուրդն ու Կոռուպցիայի կանխարգելման ձեւավորվող մարմինը։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի  տնօրեն Վարուժան Հոկտանյանը հիշեցնում է, որ դեռեւս 2017թ․ հունիսին ԱԺ-ն ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը, սակայն այդ հանձնաժողովն այդպես էլ չձեւավորվեց։ Իսկ արդեն ԱԺ-ի նախկին արտահերթ նիստի ժամանակ ընդունեցին այդ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը։ 

Երկրորդ խնդիրը, ըստ Վարուժան Հոկտանյանի, այն է, թե ինչ տեղի կունենա ԲԴԽ-ի հետ, քանի որ մինչեւ ԲԴԽ նախագահ չընտրվի, ԲԴԽ-ն չի ձեւավորվի։ 

«Մենք չունենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով եւ վերջնական ձեւավորված Բարձրագույն դատական խորհուրդ։ Երբ այդ երկու մարմինները ձեւավորվեն, վերջնական տեսքի գան, այն ժամանակ էլ կտեսնենք, թե վեթթինգի վերաբերյալ ինչ են որոշում»,- ասաց Հոկտանյանը։
Մեր զրուցակիցը կարծում է, որ վեթթինգ պետք է իրականացնեն ոչ միայն այդ երկու մարմինները, այլեւ ԶԼՄ-ներն ու քաղաքացիական հասարակությունն իրենց դերը պետք է ունենան այդ ամենում։ 
«Կան որոշակի մտահոգություններ, որոնք վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլեւ շատ ուրիշ երկրների, որ այդ մարմինները կարող են քաղաքականացվել, ավելի շուտ՝ կուսակցականացվել։ Մտավախություն կա, որ այդ մարմինները կարող են դառնալ մեկ քաղաքական ուժի ձեռքին գործիք։ Դրա համար ցանկալի է, որ լինեն նաեւ այլ մեխանիզմներ, եթե, իհարկե, մենք ընտրելու ենք վեթթինգի ճանապարհը»,- նշեց Վարուժան Հոկտանյանը։