Հոգեհացիդ հազիվ թե գան

Հոգեհացիդ հազիվ թե գան
Ռուբեն Հախվերդյան

Բաց նամակ Ռուբեն Հախվերդյանին

Բարև Ռուբո: Տարիքս և ծանոթությունս քեզ հետ թույլ են տալիս ինձ այսպես դիմել քեզ: Եվ հետո` վատ բան չկա երբ սիրածդ արվեստագետին, կներես, քո բառն օգտագործեմ, արտիստին անունով են դիմում: Մհեր Մկրտչյանը (հոգին լույս է դարձել) այդպես էլ Ֆրունզ մնաց մեր շուրթերին: Այդ նա էր ասում` ես արտիստ եմ, և նրա թատրոնն էլ արտիստական է…

Ո՞նց ես, Ռուբո, էս վերջին հեռուստահարցազրույցիցդ հետո: Հուսամ` լավ ես, քեզնից գոհ` ինչպես միշտ, ինքնահավան եղել ես, կաս ու մնացել, չնայած, որ «Ֆեյսբուքը» թափվել է վրադ ու ծվատում է կերպարդ: Բայց ասեմ` անշնորհակալ գործ է Ռուբեն Հախվերդյանին քննադատելը: Նա մեծ երգիչ-երգահան է, հայրենասեր մարդ, նա արտիստ է, որ իր արվեստով սերունդներ է դաստիարակել, ճաշակ ձևավորել, միշտ եղել սիրված ու սպասված: Ռուբո, «Հայ զինվոր» թերթի խմբագրությունում մենք քեզ սիրում ու սպասում էինք: Հիշո՞ւմ ես` ինչ խմել էինք խմում իրար հետ` դու մեր պաշտելին, մենք քո երկրպագուն էինք… Պատերազմ էր, սեղանին` բացած սպիրտ, չոր հաց ու կեղևած սոխ ու մեկ էլ` լավագույն տղերքը հեռանում են… Ինչքա՞ն է երգվել այս երգն այդ օրերին:

Պատերազմն ավարտվեց, Ռուբո ջան, եկան կյանքի փորձության տարիները: Մարդիկ ու կուսակցություններ փոխարինեցին իրար քաղաքական դաշտում, և այդ հորձանուտում մենք կորցրեցինք մեր Ռուբեն Հախվերդյանին: Չէ, ոչ թե արտիստին, այլ մարդուն` մարդ Ռուբեն Հախվերդյանին: Ռուբո, դու Չարենցի նման երբեք մենակ ու տխուր չես մնացել «խալխի անսիրտ քեֆերին», իսկ երբ խմել ու խոնջացել ես, քեզ ոչ ոք «հարբեցող ու հիմար» չի անվանել… սա Երևանն է, այստեղ դու տանն ես, ուր քեզ սպասում են կեսգիշերին… Եթե տողը ճիշտ չեմ հիշում, կներես: Սա մեր երգն է, այլևս, ոնց ուզեմ` կերգեմ:

Բայց չշեղվեմ ասելիքից: Այս վերջին հեռուստահարցազրույցիդ մեջ, Ռուբո, մի շատ հիմար բան ասացիր Քիմ Քարդաշյանի հետույքի մասին: Կնոջ այդ բարեմասնության մասին հեռուստաէկրանից նման տոնով կխոսեր միայն փողոցի խուժանը: Ցավոք, ինքդ տվեցիր այն հարցի պատասխանը, թե ինչու քեզ ուղիղ եթեր չեն կանչում: Մեկ էլ փողոցի խուժանին չեն կանչում ուղիղ եթեր, Ռուբո: Բայց որ ասել ես, մի բան էլ ես ասեմ` Քիմ Քարդաշյանն իր հետույքով ավելի ազնիվ է, քան դու քո դեմքով: Նկատի ունեմ` քաղաքական խաղեր տալու գործում, Ռուբո: Առաջին տպավորությունս այն էր, որ դու, դարձյալ քո բառով ասեմ, «գլխիդ ու հետույքիդ տեղերը խառնել ես»: Ինչո՞ւ ես էդ գործն անում, Ռուբո, ինչո՞ւ ես քո մեջ սպանում «արտիստին»: Հասկացանք, հացի խնդիր էլ կա, բայց հո չի՞ կարելի ամեն փողատերի ու իշխանավորի «մտնել», այն էլ այդքան բացահայտ: Կանգ առ, հետ նայիր, տես` ի՞նչ ես անում, և ինչպես: Սա հիմա ի՞նչ էր՝ հարցազրույցդ, եթե ոչ Նիկոլին մտնելու մի լպրծուն փորձ: Ռուբո, «լրիվ կորցրել ես ուղղությունդ», «արծաթե թիթեռներդ` պոկված կապույտ երազներից»: Ո՞ւր ա ստեղ Ռուբո… Կներես, բայց այդ հարցազրույցիցդ հետո միայն սա կարողացա ասել: