Ոստիկանները կավարտեն ու կհանձնեն քննիչներին․ ինչ նպատակ ուներ Ափոյանին բերման ենթարկելը

Ոստիկանները կավարտեն ու կհանձնեն քննիչներին․ ինչ նպատակ ուներ Ափոյանին բերման ենթարկելը

Քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին։ ԵՊՀ մեր աղբյուրները մեզ փոխանցեցին, թե ինչու են Ափոյանին բերման ենթարկել։ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն է հրավիրել ոստիկաններին։

Մինչ այդ նա իր մոտ է կանչել Դավիթ Ափոյանին և ցույց տվել անվտանգության տեսախցիկների ֆիքսած ինչ-որ տեսանյութ, ապա Ափոյանին հարցրել,թե ճանաչո՞ւմ է տեսանյութում երևացող անհայտ անձին։ Դավիթ Ափոյանը ասել է, որ չի ճանաչում, սակայն ՈւԽ նախագահի խոսքերը Գևորգյանին համոզիչ չեն թվացել և նա հրավիրել է ոստիկանությանը, որոնք և բերման են ենթարկել Ափոյանին։ Հետագայում մենք պարզեցինք, որ ՈւԽ նախագահին ոստիկանությունը բերման է ենթարկել մեկ շաբաթ առաջ իրավագիտության ֆակուլտետում տեղի ունեցած կրակոցների գործով։ Ոստիկանության մեր աղբյուրը փոխանցեց, որ Ափոյանը ունի վկայի կարգավիճակ, նրան տարել են, որ պատմի իր իմացածը․

«Քննչական կոմիտեի Կենտրոնի քննչական բաժնում խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում է բերման ենթարկվել Ափոյանը: Դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ։ Նա վկա է, տիրապետում է դեպքի մանրամասներին, գիտի երկու կողմերին, տարել են, որ ասի, թե իրեն ինչ է հայտնի։ Ինքը դեպքի հետ կապ չունի։ Իրեն շուտով բաց կթողնեն»։

Մեր աղբյուրին հարցրինք, թե ինչո՞ւ են վկային բերման ենթարկում, ինչո՞ւ պարզապես չեն հրավիրում հարցաքննության․

«Իր վրա թեմա չկա, եթե իրեն հրավիրեինք, նախապես կարող էին պայմանավորվել, թե ով ինչ պիտի խոսի»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ նրան բաց կթողնեն 3 ժամը լրանալուն պես։ Ափոյանն այժմ ոստիկանությունում է, շուտով նրան կհանձնեն քննիչներին։