Արցախը որպես լակմուսի թուղթ՝ աշխարհաքաղաքական խաղերում

Արցախը որպես լակմուսի թուղթ՝ աշխարհաքաղաքական խաղերում

Արցախյան ողբերգական իրադարձություններով` հարավկովկասյան օղակն ավելի է սեղմվում, քանի որ այնտեղ մեծ աշխարհաքաղաքականությունն է մուտք գործել, որը խաղաղության համար պայքարում քարը քարի վրա չի թողնելու։ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն կարողացել են փոխել ընդհանուր բառապաշարն ու համոզել Արեւմուտքին, որ ՄԱԿ-ի չափազանց մեծ միջամտության կարիքը ԼՂ-ում ուղղակի չկա։

Ե՛վ Ալիեւը, ե՛ւ Էրդողանն իրենց խնդիրներն ունեն, քանի որ լավ են հասկանում, թե միջազգային առաքելությունների կամ Արեւմուտքը ներկայացնող խաղաղապահների մուտքը տարածաշրջան ինչի կարող է հասցնել առանց այն էլ անհանգիստ երկրամասը։ Ավելի պարզ ասած՝ եթե Արեւմուտքն այնտեղ մուտք գործի, հենց այնպես հաստատ դուրս չի գա եւ կփորձի անընդհատ ընդլայնել իր ազդեցության ոլորտները՝ ի հաշիվ Անկարայի եւ Բաքվի։ Երեւանը՝ ընդհակառակը, իր բոլոր հույսերը կապում է բացառապես Արեւմուտքի հետ եւ դա չի էլ թաքցնում։

Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է առել ռուսական խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում՝ միաժամանակ հայտարարելով, որ Հայաստանի մասնակցությունը ներկայիս անվտանգային հավաքական մարմիններում արդյունավետ չէ՝ նկատի ունենալով թերեւս ՀԱՊԿ-ն։ Մոսկվայում ակնարկը հասկացան, որ Հայաստանը մտադրություն ունի դուրս գալու ՀԱՊԿ-ից եւ դեպի Արեւմուտք ընթանալու։ Մոսկվան բաց տեքստով է հայտարարում, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը համոզում են Հայաստանի ղեկավարությանը՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ՝ վերաուղղորդելով ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը։ Նաեւ ստիպում են այնպիսի պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, որ դրա իրականացման կուրացիան գտնվի Արեւմուտքի ձեռքում։ Հանուն Հայաստանի՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հիմա ընթանում է առայժմ միայն դիվանագիտական թեժ պայքար։

Նիկոլ Փաշինյանին «խելքի բերելու» համար Մոսկվան երեւան գործուղեց ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւին, ով իր հայ գործընկերների հետ խոսել է ոչ միայն իրավապահ համակարգում համագործակցության մասին, այլ նաեւ այն մասին, որ բարեփոխումների ամերիկյան «մենյուները» չեն համապատասխանում Հայաստանին եւ կարող են հանգեցնել իրավիճակի բարդացման։ Ի վերջո, եթե իրավապահ համակարգը, հատուկ ծառայությունները, բանակն ու դատական համակարգը վերաձեւավորվեն արեւմտյան կտրվածքին համապատասխան, ապա Մոսկվայի հետ հարաբերությունները հիմնականում կարելի կլինի համարել խզված, ինչպես Վրաստանի պարագայում եղավ։

Ռուսաստանում հասկանում են, որ եթե Երեւանը շարունակի գնալ այս ճանապարհով, ապա նրան Վրաստանի ճակատագիրն է սպասվում։ Ռուսաստանում, սակայն, նաեւ հասկանում են, որ Երեւանը լավ օրից չէ, որ նման ուղի է բռնել, եւ Երեւանի վրա մեծ ճնշում կա՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից, որոնք ոչ միայն պաշտպանություն են խոստացել, այլ նաեւ՝ անհամեմատ «ավելի լավ կյանք», քան կարող է առաջարկել Ռուսաստանը։

Այս իրավիճակում Ռուսաստանը Հայաստանն իր ազդեցության ոլորտում պահելու մեկ հնարավորություն ունի՝ բարձրացնել խաղադրույքներն ու այնպիսի «ճանապարհային քարտեզ» առաջարկել Երեւանին, որն իր օգտավետությամբ կգերազանցի Արեւմուտքի առաջարկածին։ Դա Մոսկվայի համար բարդ կլինի, իհարկե, սակայն, ինչպես Ուկրաինայի պարագայում, Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ՝ պայքարը տանուլ տալ, եւ ցանկացած գնով պետք է հաղթանակած դուրս գա։

Ի դեպ, կարելի է ենթադրել, որ Բաքվին ու Անկարային էլ առանձնապես դուր չեն գալիս Երեւանի «արեւմտամետ» խաղերը, որոնք Արեւմուտքի հետ իրենց «քաղաքական առեւտրի» բալանսում կարող են կշեռքի որոշ նժարներ ոչ ի նպաստ իրենց տեղաշարժել։