Կսահմանափակվի տրանսպորտի մուտքն ակադեմիական քաղաք

Կսահմանափակվի տրանսպորտի մուտքն ակադեմիական քաղաք

«Ակադեմիական քաղաք տրանսպորտային միջոցների մուտքը պետք է հնարավորինս սահմանափակել, նախատեսված է, որ մարզերից դեպի ակադեմիական քաղաք գնացող տրանսպորտային հոսքը չլինի Երեւանի միջոցով՝ հնարավորինս փորձելով խուսափել խցանումներից»,- այս մասին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ում զեկուցմամբ՝ մշակել են դեպի ակադեմիական քաղաք ճանապարհների առաջարկ-կոնցեպտ: Ըստ նրա, անցնող ժամանակահատվածում համալսարանի կողմից կատարվել են հաշվարկներ՝ ակադեմիական քաղաքի համար պահանջվող կոմունալ ռեսուրսների վերաբերյալ:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել դեպի ակադեմիական քաղաք մետրոյի, երկաթուղու եւ էլեկտրական տրանսպորտի երթեւեկության կազմակերպման հնարավորություններին վերաբերող հարցերին: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ նշել է, որ տրանսպորտային համակարգի առումով կոնցեպտի հիմքում երկու բան է դրված: «Նախ՝ Երեւանը լրացուցիչ չծանրաբեռնել, երկրորդը՝ հնարավորինս շատ ճանապարհներով մոտենալ ակադեմիական քաղաքին: Կիսում ենք շրջանաձեւ ճանապարհի գաղափարը, որը հավելյալ հնարավորություններ է տալիս»:

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող GMP International GmbH Architects and Engineers ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Շուտցն էլ նշել է, որ կլաստերները նախագծվել են՝ հետագայում զարգանալու եւ ընդլայնվելու հնարավորությամբ: Նրա խոսքով՝ տարածքը հարթ չէ, առկա են թեքություն եւ մատչելիության ապահովման խնդիր: «Պետք է մուտք եւ մատչելիություն ապահովենք դեպի բոլոր շենք-շինությունները: Ունենք երկու տարբեր կլաստերներ, կրթական եւ մշակութային, այնուհետեւ՝ կենտրոնական տարածք, որը հետիոտնի համար լինելու է առանց որեւէ երթեւեկության: Փորձել ենք բաշխել շենք-շինություններն այնպես, որ հրապարակների շուրջ կառուցվեն գրավիչ տարածքներ: Շրջապատող ճանապարհները եւ կանաչ տարածքները կողմնորոշված են դեպի կենտրոնական մուտքեր, կլինեն կանաչ տարածքներ, այգիներ, աջակցող օբյեկտներ եւ հիմնական կառույցներ: Մարդիկ պետք է այնտեղ իրենց հարմարավետ զգան, ուստի պետք է նաեւ կանաչ գոտիներ, ջրային տարածքներ բերենք ակադեմիական քաղաք»,- նշել է Ստեֆան Շուտցը:

Հիշեցնենք, որ երկար ժամանակ կառավարությունը որպես ակադեմիական քաղաքը կառուցելու վայր դիտարկում էր Աշտարակ քաղաքը, բայց անցած տարեվերջին հայտարարվեց, որ ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում է երկու տեղամաս` Երեւան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է, եւ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը, որոնց գումարային մակերեսը կազմում է շուրջ 700 հեկտար։