Ինչ վիճակ է այս պահին Բերձորում

Ինչ վիճակ է այս պահին Բերձորում

Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքն ու Աղավնո, Սուս գյուղերը մի քանի օրից կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բերձորում այս պահին տիրող իրավիճակի մասին զրուցել ենք Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ։

-Պարոն Ալեքսանյան, մի քանի օր է մնացել, որ Բերձորը հանձնվի թշնամուն։ Քանի՞ ընտանիք է լքել քաղաքը մինչ այս պահը։

- Վիճակը ընդհանուր առմամբ նորմալ է։ Բնակիչների հիմնական մասն արդեն իսկ դուրս է եկել Բերձորից։ Այս պահին երևի թե մի քսան հոգի մարդ կա՝ մեր հետ միասին, որպես այդպիսին՝ 3-4 ընտանիք։ 

- Իսկ այդ ընտանիքները ե՞րբ են դուրս գալու։

- Մի մասն այսօր դուրս կգա, մյուս մասը՝ վաղը։

- Գյուղում հոսանք կա՞։

- Հոսանք մասամբ կա։

- Սննդի խնդիր ունե՞ն Բերձորում մնացած բնակիչները։

-  Այդ ընտանիքներից մեկ- երկուսը խանութի տերեր են, որոնց խանութներն այս պահին գործում են։ Քիչ ապրանքաքանակով, բայց ընդհանուր առմամբ սննդի խնդիր չունենք։

-Մարդիկ կարողացե՞լ են իրենց ունեցվածքը դուրս բերել։

-Հիմնականում, այո։

-Իսկ բեռնափոխադրումները, վերջ ի վերջո, ո՞վ իրականացրեց՝ կառավարությո՞ւնը, թե՞ մարդիկ իրենց ֆինանսներով ու միջոցներով գտան բեռնափոխադրողներ։

- Բեռնափոխադրումները, որպես այդպիսին, տարբեր կազմակերպություններ, կառույցներ, պետության հովանավորությամբ նաև՝ տրանսպորտային միջոցներ տրամադրվեցին։ Ընդհանուր առմամբ տարհանման հետ կապված պետական, կառավարության անմիջական աջակցությունն է եղել՝ գումարի և վառելիքի տեսքով։

-  Բերձորից դուրս եկած քաղաքացիները որտե՞ղ են այս պահին գտնվում։

- 10 անձ՝  երեք ընտանիք Ստեփանակերտում և Արցախի այլ վայրերում, մնացածը Հայաստանում։

- Վարձակալման հիմունքներո՞վ են բնակիչները գտնվում Արցախում և Հայաստանում։

-Արցախում հյուրանոցում են տեղավորված՝ մինչև բնակարանները պատրաստ կլինի։ Իսկ Հայաստանում՝ վարձակալությամբ։

- Արցախում վարձակալությամբ գտնվողներին բնակարանները հենց Արցախո՞ւմ են տրամադրվելու։

- Այո։

-Իսկ Հայաստան տեղափոխված բերձորցիները որտեղ են տեղավորվել՝ Հայաստանի ո՞ր մարզերում։

-Տարբեր՝ Սյունիքից մինչև Շիրակի մարզ։

-Իսկ Հայաստանում վարձակալման խնդիրները իրենք՝ բնակիչնե՞րն են հոգալու։

-Այո, իրենց միջոցներով են վարձակալել բնակարաններ։ Մենք ունենք հուլիսի 1-ից ուժի մեջ մտած կառավարության որոշում, ըստ որի՝ ընտանիքի յուրաքանչյուր անձ ստանալու է 40 հազարական դրամ։ 

- Իսկ բնակարանները ե՞րբ պատրաստ կլինեն։

- Բնակարանային աջակցության այս ծրագիրը, որը լինելու է սերտիֆիկատի տեսքով, այս պահին մեր կողմից բոլոր պահանջվող փաստաթղթավորումներն արված են։ Մնում է Հայաստանի սոցապնախարարությունից սերտիֆիկատների տրամադրումը լինի։ Դա կոնկրետ չեմ կարող ասել՝ երբ կլինի։ Դա վերաբերում է ոչ միայն այս ընթացքում տարհանված, տեղահանված բնակիչներին, այլ՝ ամբողջ Քաշաթաղի շրջանին՝ սկսած դեկտեմբերի 1-ից տարհանվածներին։