Սորոսականները բաժանվել են երկու բանակի

Սորոսականները բաժանվել են երկու բանակի

Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններում կտրուկ շրջադարձ է նկատվում, թե ինչով է պայմանավորված դա, դեռեւս հայտնի չէ։ Արձանագրենք` Հայաստանը  Շվեյցարիայում չստորագրեց Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը։ Համաժողովին մասնակցող 91 երկրներից հռչակագիրը ստորագրել են 80-ը, Հայաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Սլովակիան, այլ պետություններ հրաժարվել են ստորագրել։

Համաժողովին Հայաստանից մասնակցում էր ավտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով նաև հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Մինչ երեկ երեկոյան՝ գործող վարչախումբը չէր մեկնաբանել, թե ինչո՞ւ է Հայաստանը հրաժարվել ստորագրություն դնելուց: Համաժողովն ուղղված էր Ռուսաստանի դեմ, իսկ հակառուսականության դեմարշ իրականացնող ՀՀ իշխանությունների դեպքում տարօրինակ է նման ողջախոհությունը։
Անվտանգության խորհրդի քարտուղարն, ի դեպ, նաև հրաժարվել է համաժողովին ելույթ ունենալու հնարավորությունից՝ այդ մասին հայտարարել են արևմտյան լրատվամիջոցները։ 

Զուգահեռ՝ ՔՊ-ի սորոսական թեւի կարկառուն ներկայացուցիչ Սոնա Ղազարյանն այսօր խորհրդարանի մշտական հանձնաժողովի նիստում ռիսկեր տեսավ Արման Բաբաջանյանի եւ Հովսեփ Խուրշուդյանի ներկայացրած առաջարկում: Իսկ առաջարկը հետեւյալն է. Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե պետք է անցկացնել։ Այս առաջարկին համամիտ է նաեւ Արամ Զավենի Սարգսյանը, ով պարբերաբար խոսում է հանրաքվեի անհրաժեշտության մասին: Թերեւս, սա արեւմուտքից իջեցված դիրեկտիվ է: ՔՊ-ական պատգամավորը` Սոնա Ղազարյանը ռիսկեր էր տեսնում այս առաջարկի մեջ եւ կարծում է, որ պետք է դրանք հաշվարկել: Նա ռիսկերի համատեքստում վկայակոչեց Իրանի գործոնը, սակայն հավելեց․ «Լուծումները եվրամիությունում չեն, այստեղ Հայաստանում են, պետք է հաշվարկել ռիսկերը»։ 
Ի դեպ, Եվրաինտեգրման հանձնաժողովը որոշում կայացրեց հիշյալ թեմայով լսումներ անցկացնել խորհրդարանում՝ հունիսի 21-ին։