Ինչպես կարող է մանկությունն ազդել կոմպոզիտորի ստեղծագործական ոճի վրա

Ինչպես կարող է մանկությունն ազդել կոմպոզիտորի ստեղծագործական ոճի վրա

Երաժիշտ եւ դիրիժոր Վարդան Հակոբյանը «Անցյալ եւ մոտիվացիա» վերնագրով գիրք է գրել, որի շնորհանդեսը տեղի կունենա այսօր՝ «Մեցցո» ակումբում։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Հեղինակը՝ երաժիշտ եւ դիրիժոր Վարդան Հակոբյանը, ունենալով մեծ փորձ դասական երաժշտության կատարողական արվեստում, անդրադարձել է մի թեմայի, որը շատերին կհետաքրքրի. նրա համար հասունացել է անհրաժեշտություն՝ գտնելու մի բանաձեւ, որով կարելի է հնարավորինս ճիշտ եւ խորը ընկալել ու մեկնաբանել դասական երաժշտությունը: Չլինելով հոգեբան` հեղինակը բացահայտել ու վերլուծել է մի շատ հետաքրքիր թեմա` ինչ ազդեցություն ունեն կոմպոզիտորի մանկության իրադարձությունները նրա ստեղծագործական ոճի եւ ձեռագրի վրա:

Գրքի հեղինակն իր համար գտել է բանաձեւ, որն օգնում է նրան հնարավորինս խորը եւ ճիշտ գնահատել, զգալ կոմպոզիտորի ստեղծագործական միտքը եւ այն փոխանցել ունկնդրին՝ կատարման միջոցով։ Գիրքը կարող է օգտակար լինել երաժիշտների եւ ոչ միայն երաժիշտների համար, քանի որ անդրադառնում է հայտնի կոմպոզիտորների անձնական կյանքի եւ պատմական տվյալ փուլի նրբություններին՝ այս երկուսի դիտանկյունից մոտենալով արդեն հայտնի ստեղծագործություններին: