Սթենլի Քլարք, Լարս Դանիելսոն․ մեկնարկում է Yerevan Jazz Fest-ը

Սթենլի Քլարք, Լարս Դանիելսոն․ մեկնարկում է Yerevan Jazz Fest-ը

Ջազի հայկական ասոցիացիան եւ «Մեցցո Պրոդաքշնը» հոկտեմբերի 24-ից մինչեւ նոյեմբերի 3-ը անցկացնում են ամենամյա միջազգային ջազ փառատոն՝ Yerevan Jazz Fest 2019-ը:
Փառատոնի շրջանակում կիրականացվեն ինքնատիպ համերգներ՝ բացառիկ արտիստների մասնակցությամբ: «Գրեմմիի» քառակի դափնեկիր, կոմպոզիտոր, պրոդյուսեր, դիրիժոր, բաս կիթառահար Սթենլի Քլարքի ջազ-ռոք համերգով կտրվի Yerevan Jazz Fest 2019-ի մեկնարկը: Սթենլի Քլարքի հետ Հայաստան կժամանի նրա դաշնակահարը՝ Չիկ Կորեայի աշակերտ Բեկա Գոչիաշվիլին: Դրան կհաջորդի շվեդ աշխարհահռչակ բասիստ Լարս Դանիելսոնի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը։

Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, նույնպես հանդես կգա ամենամյա Yerevan Jazz Fest-ի շրջանակում: Նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Նոյեմբերի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Վահագն Հայրապետյան եւ ընկերներ» խմբի համերգը, որի ընթացքում կներկայացվի նաեւ ջազի մասին առաջին հայկական անիմացիոն ֆիլմը:
Yerevan Jazz Fest 2019-ը կուղեւորվի նաեւ Գյումրի: Նոյեմբերի 3-ին «Հայաթ»-ում համերգով հանդես կգան Վահագն Հայրապետյանն ու Ջոն Մարշալը՝ տեղի ունկնդրին ներկայացնելով ջազային ինքնատիպ գործեր: