Շեշտը պետք է դրվի ոչ թե նոր ցուցմունքների, այլ փաստերի վրա

Շեշտը պետք է դրվի ոչ թե նոր ցուցմունքների, այլ փաստերի վրա

Հոկտեմբերի 27-ի ոճիրի 20-րդ տարելիցի նախօրեին լուր տարածվեց, որ Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրով։ Լուրը փոթորկել է Հայաստանի քաղաքական դաշտը։ Տարբեր քաղաքական գործիչներ, փաստաբաններ, իրավաբաններ, զոհերի իրավահաջորդներ կարծիք են հայտնում, քաղաքական գնահատական տալիս Հունանյանի քայլին։ Ոմանք դա ցինիզմ են որակում, ոմանք՝ նոր բան ասելու խոստում, ոմանք՝ հների դավադրություն։ Շատ ակտիվ է «իշխանությունների հատուկ հանձնարարությունների հանձնակատարի» դեր ստանձնած Արման Բաբաջանյանը։ Նա հասկացնում է, որ Հունանյանը պատրաստ է խոսելու, քանի որ երկրում «իրադրություն է փոխվել»։ Որոշ ներքաղաքական վերլուծաբաններ կարծում են, որ «27»-ը մղվում է առաջին պլան։ Սակայն իրական մոտիվացիան ոչ թե «27»-ի բացահայտումն է, այլ Քոչարյանին այս մասով սեղմելը, քանի որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ իրավապահները Մարտի 1-ի գործը ձախողել են։ Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 27-ի դատավարության ժամանակ Դեմիրճյանների շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Աշոտ Սարգսյանը կարծիք էր հայտնել, որ նախաքննությունը վերաբացվելու դեպքում շեշտը պետք է դրվի ոչ թե ցուցմունքների, այլ՝ փաստերի վրա։
Մենք զրուցեցինք փաստաբան Հովիկ Արսենյանի հետ։

- Պարոն Արսենյան, ի՞նչ հույսով է, ըստ Ձեզ, Նաիրի Հունանյանը վաղաժամկետ ազատման համար դիմում։ Բան ունի՞ ասելու, ուզում է համագործակցե՞լ, միգուցե գործարքի է գնացել։

- Նրան, ով իր հետ 2 ժամ հանդիպել է, այդ հարցը երեւի նրան տայիք՝ պատասխաներ։ Այնուամենայիվ, ես համարում եմ, որ որոշ ուժեր դեռեւս մնացել են եւ նրան հույս տվել, որ «քո ժամանակը լրացել է, եւ այնպիսի իրավիճակ է, որ կարող ես ներկայացնել դիմում»։ Միգուցե նաեւ հույս ունենալով, որ այս իշխանությունները կտապալվեն եւ դրան ազատ կարձակեն։ Համենայնդեպս, այդպիսի մի սին հույս են տվել։ Ես համոզված եմ դրանում։

- Ձեր ակնարկը նախկինների է վերաբերում, հիմա նրանք ունե՞ն բանտում Նաիրիի հետ կապ հաստատելու հնարավորություն։

- Դժբախտաբար, մեր իրավապահ համակարգը վստահություն դեռեւս չի ներշնչում։ Բայց ես հստակ չեմ կարող ասել՝ ինչ անձնավորություններ կան, որ կարող են հստակ կապ տալ։ Ես ուղղակի իմ դիրքորոշումն ու կարծիքն եմ հայտնում։

- Իսկ միգուցե Նաիրի Հունանյանն իրոք ինչ-որ բաներ է ուզում ասել ու դրա դիմաց պահանջում է ազատություն։

- Ինքը վաղուց դա գիտի, բայց խնդիրը նրանում է, որ ո՞ւմ առջեւ է պահանջ դնում։

- Նոր իշխանություններին օգնելու դիմաց։

- Դե, կներեք, ինչի՞ մասին է խոսքը, նա պետք է գործակցի, որ մյուս կողմն էլ պարտավորվածություն զգա այդ հարցում իրեն օժանդակելու։ Մի բան, որ ընդհանրապես գոյություն չունի։

- Ձեր կոլեգա Աշոտ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ շեշտը պետք է դնել ոչ թե ցուցմունքների վրա, այլ՝ փաստերի։ Կիսո՞ւմ եք այս կարծիքը։

- Միանշանակ։ Ինչի՞ մասին է խոսքը, որովհետեւ ցուցմունքն անձի սուբյեկտիվ մոտեցումն է տեղի ունեցածին, անկախ նրանից, թե նա ով է, ինչ դերակատարություն ունի։ Իսկ փաստական տվյալները, որոնց պարոն Սարգսյանն է մեջբերում կատարել, օբյեկտիվորեն գոյություն ունեցող փաստական տվյալներ են, որոնք, բնականաբար, ավելի արժեքավոր են եւ ավելի արժանահավատ։

- Իսկ ի՞նչ փաստական տվյալների մասին է խոսքը։

- Մասնավորապես, Արմենակ Արմենակյանի սպանության հանգամանքների վերաբերյալ։ Որ դետալային տեղազննություն, գնդակների մուտք-ելք, ինչ զենքեր, դատաբժշկական փորձաքննության եզրակացություն՝ կորել են, գոյություն չունեն՝ օրինակի համար։ Եվ բազմաթիվ նման հանգամանքներ կան, որոնք այդպես էլ չստուգվեցին։ Երկար տարիներ խոսվում է այն մասին, որ նախապես, նախօրոք զենքերն արդեն իսկ բերված են եղել Ազգային ժողով եւ միջնորդություններ են արվել, թե որտեղ են պահվել զենքերը․․․ նման փաստերի մասին է խոսքը։

- Իսկ գործով անցնող վկաներին, մարդկանց, որոնց վրայից հետագայում մեղադրանքները հանվեցին, Ձեր կարծիքով, պե՞տք է նորից հարցաքննեն։ Կազմակերպիչների մասով։

- Դրա համար պետք է հասունացած լինի նրանց հրավիրելու փաստը, անհրաժեշտությունը, թե չէ հենց այնպես դա չի արվի՝ նորից նույն բաները լսելու համար։ Նախաքննական մարմինը պետք է գործը վերսկսի։ Իսկ սա պետք է արվի գործը հասունացնելուց հետո։

- Բայց տպավորություն է, որ հասունացվում է մեկ-երկու լրատվամիջոցի կողմից։ Թեեւ նաեւ կարծիքներ են հնչում՝ մի հատ Մարտի 1-ը մարսենք, նոր անցնենք Հոկտեմբերի 27-ին։

- Գիտեք՝ լրատվամիջոցը մեկն է, թե տասնմեկն է, որում թեման արծարծվում է, դեռեւս չի կարող հիմք հանդիսանալ գործը կասեցումից հանելու եւ նախաքննությունը վերսկսելու համար։

- Դրա համար ի՞նչ է պետք՝ իշխանությունների կա՞մք։

- Իշխանություններն այդ կամքն ունեն։ Ես մեկ էլ եմ ասում՝ պետք է նոր երեւան եկած հանգամանքներ լինեն, որպեսզի նախաքննությունը վերսկսվի։

- Ջանքեր գործադրվո՞ւմ են, որ դրանք երեւան գան։

- Ես համոզված եմ, որ օպերատիվ կերպով այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։

- Իսկ Մեղրիի պլանի մասին Արամ Սարգսյանի, Վաղարշակ Հարությունյանի հայտարարությունները կարո՞ղ են դիտվել որպես նոր երեւան եկած հանգամանք։

- Ոչ։ Դա այլ հարթություն է։ Ուրիշ բան, որ ընթացքում գործով այն աստիճանի բացահայտումներ լինեն, որ, այ, դա է եղել պատճառը։