Ինչպես սովորեցնել երեխային հասկանալ և արտահայտել զգացմունքները

Ինչպես սովորեցնել երեխային հասկանալ և արտահայտել զգացմունքները

Երեխան պետք է սովորի հասկանալ իր հույզերն ու զգացմունքները եւ պատմի ծնողին դրանց մասին: Ուստի անհրաժեշտ է զարգացնել նրա հուզական ինտելեկտը: Դա սեփական հույզերն ու զգացմունքները ճանաչելու, դրանք կառավարելու, ինչպես նաեւ այլոց զգացմունքները հասկանալու ունակությունն է: Որքան լավ է մարդու մոտ այն զարգացած, այնքան ավելի գիտակցված է նա կառուցում իր կյանքն ու այլոց հետ հարաբերությունները: Եթե երեխան դեռեւս չգիտի` ինչպես անվանել իր զգացմունքները եւ հաճախ չի կարողանում հասկանալ ու պատմել, թե ինչ է իր հետ կատարվում, պետք է օգնել նրան՝ զարգացնելու  հուզական ինտելեկտը:

Անվանեք երեխայի զգացմունքներն ու հույզերը
Ձեւավորեք երեխայի հույզերի փոքրիկ բառարանը, որպեսզի նա կարողանա ասել.
• Ես այնքան ուրախ եմ
• Ես զայրացած եմ
• Ես վախենում եմ
• Ես միայնակ եմ
• Ես տխուր եմ
• Ես անհանգիստ եմ
• Ես կարոտում եմ
• Ես անհանգստանում եմ եւ այլն:

Թույլ տվեք երեխային ապրել այդ հույզերը

Երբեք մի արգելեք երեխային ապրել իր հույզերը: Չէ՞ որ արգելելով՝ մենք երեխային սովորեցնում ենք ճնշել սեփական հույզերը: Միեւնույն ժամանակ՝ դրանք չեն անհետանում, այլ երեխայի մոտ ստեղծում են տագնապներ, ճնշվածություն ու ագրեսիա: Հիշեք` չկան վատ կամ լավ հույզեր, կան հաճելի ու տհաճ հույզեր: Եվ ցանկացած հույզ առանձին ինչ-որ իրավիճակում կարող է օգտակար լինել:

Ցույց տվեք երեխային` ինչպես արտահայտել հույզերը

Պատմեք եւ ցույց տվեք երեխային, որ նա կարող է արտահայտել իր հույզերը տարբեր միջոցներով.
• Դրանց մասին կարող է ասել ձեզ` «ես տխուր եմ», «ծիծաղս գալիս է»
• Նկարել դրանք
• Ծեփել պլաստիլինից կամ ավազից
• Ֆիզիկական գործողությունների միջոցով` թռչկոտել, պարել, վազել
• Գրել, թե ինչ է զգում
• Պատմել խաղի միջոցով:

Անվանեք երեխայի այն զգացմունքները, որոնք նա այդ պահին ապրում է

• Դու շատ ես կարոտում հայրիկին
• Հասկանում եմ` վիրավորական է
• Ես տեսնում եմ` ինչ հաճելի է քեզ
• Հասկանում եմ` հիմա տխուր ես
• Կարծես թե շատ ես զայրացել:
Օրինակ եղեք երեխայի համար` պատմելով նրան, թե ինչ եք զգում: Պատմեք նրան ձեր հույզերի ու զգացմունքների մասին: Չէ՞ որ երեխաները նայում են մեզ ու սովորում մեզնից:
Ինչպես նաեւ` փորձեք ավելի քիչ խոսել ու ավելի շատ լսել երեխային: Իսկ լսել պետք է շատ ուշադիր:

Ապրումակցեք երեխային

Ընդունեք երեխայի զգացմունքները, ապրումակցեք ու սատարեք նրան: Բացատրեք ու առաջարկեք տարբերակներ` ծագած իրավիճակի լուծման համար:
• Ներիր ինձ, չէի ուզում քեզ նեղացնել, արի գրկեմ քեզ
• Արի մտածենք` ինչ կարելի է անել
• Հասկանում եմ, թե ինչքան վիրավորական է քեզ համար
• Հայրիկը քեզ շատ է սիրում, այդ պատճառով քեզ քաղցրավենիք չի տալիս, քանի որ այն վնասակար է քեզ համար
• Առաջարկիր այդ տղային փոխանակել խաղալիքները
• Ես նույնպես կվիրավորվեի, այնպե՜ս եմ քեզ հասկանում:
Նման արտահայտությունները բազմազան են, սակայն այստեղ կարեւոր են ապրումակցումը, ըմբռնումը, սատարումը եւ երեխայի զգացմունքները հարգելը:
Սա չի նշանակում, որ դուք նրան պետք է ամեն հարցում զիջեք: Դուք կարող եք մնալ ձեր դիրքում` միաժամանակ հասկանալով երեխայի զգացմունքներն ու օգնել հաղթահարել դրանք:

Երեխայի հետ երկխոսելու օրինակներ

Այս երկխոսությունները կստեղծեն անվտանգ միջավայր, որտեղ երեխան կսովորի ավելի լավ հասկանալ ինքն իրեն ու շրջապատը, ինչպես նաեւ կզգա ձեր սատարումն ու ըմբռնումը:

1. Երբ տեսնում եք, որ երեխան նեղանում է

Այնպիսի վիրավորական արտահայտությունների փոխարեն, ինչպիսիք են` «հերիք է նեղանաս», «դե լավ, դատարկ բան է», բարձրաձայնեք նրա զգացմունքների մասին. «Ես տեսնում եմ, որ դու նեղացել ես ինձնից» (կամ՝ տատիկից, հայրիկից): Հետո բացատրեք երեխային` ինչու է նա զգում դա.
• Քանի որ ես այնքան խիստ ասացի, դու քեզ վատ զգացիր
• Քանի որ հայրիկը չտվեց քեզ քո ուզածը:
Սովորեցրեք երեխային ասել իր ապրումների մասին. «Դու կարող ես ինձ ասել` ես վիրավորվել եմ քեզնից», որից հետո ես կհասկանամ` ինչ է կատարվում քեզ հետ:

2. Երբ տեսնում եք, որ երեխան զայրացած է
«Հերի՛ք է զայրանաս», «ի՜նչ տգեղ ես, երբ զայրանում ես», «լավ աղջիկները չեն զայրանում» արտահայտությունների փոխարեն ավելի լավ է երեխային ասել.
• Ես տեսնում եմ, որ դու զայրացած ես քույրիկի վրա, քանի որ նա կոտրել է քո տնակը: Իհարկե, տհաճ է, երբ փչացնում են այն, ինչը դու այդքան սիրով սարքել ես: Դու կարող ես ասել քույրիկին. «Ես զայրացած եմ քեզ վրա, այդպես անել չի կարելի»: Արի մտածենք` ինչպես լուծենք այս խնդիրը:

3. Երբ տեսնում եք, որ երեխան կամակորություններ է անում
«Հերիք է նվնվաս», «բերանդ փակի՛ր», «զզվեցրիր արդեն», «վե՛րջ տուր հենց հիմա» արտահայտությունների փոխարեն կարելի է ասել.
• Տեսնում եմ` ինչ-որ բան քեզ անհանգստացնում է: Գուցե հոգնե՞լ ես, գուցե իմ ուշադրության պակա՞սն ես զգում: Դու կարող ես ինձ ասել. «Մա՛մ, ես տխուր եմ, գրկիր ինձ»: 

4. Երբ տեսնում եք, որ երեխան վախենում է կամ անհանգստանում
«Ա՛յ վախկոտ», «հեչ էլ վախենալու չէ», «մի՛ հորինիր ամեն տեսակ հիմարություն» արտահայտությունների փոխարեն կարելի է ասել.
• Տեսնում եմ` մի քիչ վախենում ես, քանի որ սենյակում մութ է: Պատմիր` ի՞նչն է քեզ անհանգստացնում: Արի մտածենք` ինչ անել: Միացնե՞նք լուսամփոփը կամ դուռը բաց թողնե՞նք: Կուզե՞ս քեզ մոտ մնամ:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ