Այդ ո՞նց եղավ, որ 2019-ին Կոնդի 1 քմ-ի գինը 2 հազար 200 դոլար էր, իսկ հիմա՝ 400-500

Այդ ո՞նց եղավ, որ 2019-ին Կոնդի 1 քմ-ի գինը 2 հազար 200 դոլար էր, իսկ հիմա՝ 400-500

Նախօրեին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է Կոնդ թաղամասի օտարման մասին։ «Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար»,- ասել է Ավինյանն ու հավելել, որ թաղամասում շինությունների եւ հողամասերի սեփականության գրանցման գործընթացը պետք է այնպես իրականացնել, որ բնակիչները կարողանան առավելագույնս պաշտպանել իրենց իրավունքները։

Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանն էլ տեղեկացրել է, որ Կոնդում շենք-շինությունների, հողամասերի վերաբերյալ 254 դիմում կա, որոնց վերաբերյալ այսօրվա դրությամբ առկա են քաղաքապետի 54 որոշման նախագիծ եւ 25 որոշում։ Ինչպես նաեւ՝ Կոնդ թաղամասում, ընդհանուր առմամբ, գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր, այժմ աշխատանքներ են տարվում՝ տների եւ հարակից տարածքների սահմանները ճշտելու եւ սեփականության վկայականներ տրամադրելու նպատակով:

Քաղաքային պլանավորման մասնագետ, Կենտրոնի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն ասում է՝ այս պահին ոչ ոք ծանոթ չէ նոր քաղաքաշինական ծրագրի մանրամասներին՝ լինի նախագիծ, ներդրող, թե իրականացման ժամկետներ։ Ավելին՝ կարծում է, որ այս պահին Կոնդը չեն կարող օտարել, եւ դա իշխանությունների հերթական չիրականացող ծրագրերից է, հատկապես որ Կոնդի կառուցապատման մասին առաջին անգամ չէ, որ խոսում են իշխանությունները. «Կոնդն այնքան մեծ է, որ այս իշխանության ատամով չէ, հատկապես որ ո՛չ գիտելիք ունեն, ո՛չ փորձ, ուղղակի առուփախ են անելու։ Աջափնյակի մետրոյի պես՝ Կոնդի նախագիծն էլ մնալու է անկատար, քաղաքում տարրական քաղաքային հարցեր չեն կարողանում լուծել, նորմալ աղբահանություն չեն կարողանում իրականացնել, ուր մնաց՝ նման մեգա մասշտաբի մեծ քաղաքաշինական նախագիծ։ Այս պահին ինձ ավելի շատ անհանգստացնում են Երեւանի ծառերը, որ իրենք փորձելու են գարնանը կտրել, ոչնչացնել ու ամբողջությամբ Մոսկովյանի ու Թումանյանի հացենիներն ու թեղիները հատել։ Ես հիմա այդ հարցով եմ ավելի շատ անհանգստացած, իսկ Կոնդով իրենք, միեւնույն է, ոչ մի բան չեն կարողանալու անել»։ Ինչո՞վ է պայմանավորված իր այդ վստահությունը։ «Որովհետեւ իրենք անկարող են, հավանաբար՝ իրենց հերթական ընկերներից մեկը բիզնես պրոյեկտ ունի եւ այս անգամ աչքը դրել է Կոնդի վրա»։
Ինչ վերաբերում է կադաստրային արժեքին, ապա, համաձայն քաղաքապետարանի, ըստ գոտիականության` կադաստրային արժեքը 1 քմ-ի  համար կազմում է 214 եւ 139 հազար դրամ։ «Ես երբ 2019-ին Կենտրոնի թաղապետի պաշտոնից հեռացա, Կոնդի գինն արդեն դարձել էր 2 հազար 200 դոլար։ Այդ ո՞նց եղավ, որ հանկարծ իրենք սկսեցին խոսել 400-500 դոլարի մասին, հատկապես որ այս տարիների ընթացքում ավելի է բարձրացել անշարժ գույքի գինը եւ ոչ թե իջել։ Սա նշանակում է, որ դրանով կոնդեցիների համբերության հետ են խաղում, որ հետո ասեն՝ լավ, մի քիչ էլ ենք բարձրացնում՝ տան հազար դոլար, իսկ մյուս հազար դոլարն իրենք յուրացնեն, ինչպես ժամանակին «Գլենդել Հիլզի» դեպքում արեցին իրենց ընկեր-բարեկամները կամ ծանոթ կառուցապատողները»։

Կոնդի ծրագիրը, ըստ Վ․ Մնացականյանի, մոտ 500 միլիոն դոլարանոց նախագիծ է, մինչդեռ Հայաստանում այսօր ոչ մեկը 500 միլիոնի չափ գումար չի ներդնի, հատկապես հիմա՝ հետ ու նախապատերազմական այս ծանր իրավիճակում։ «Հասկանալի է, որ իրենք ուզում են առանձին լոտերով վաճառել, բայց հարցը վաճառքը չէ, պետք է ծրագիր լինի, թե ինչ է լինելու այդտեղ, ոչ թե Ֆիրդուսի նման՝ լոտը վաճառեն, ու ով ինչ ուզի, կառուցի։ Այդպես չպետք է լինի։ Պետք է այդ 20 հեկտարի համար հաղթի քաղաքաշինական գրագետ գրված, հայկական ճարտարապետությանն ու Երեւանի ինքնությանը համահունչ մի նախագիծ, որտեղ 2-3 հարկից բարձր շենքեր չպետք է լինեն։ Իսկ նախկինում մեկն ուզում էր 30-40 հարկանի շենքեր կառուցել, որը ես կանգնեցրել եմ, քանի որ Կոնդն արդեն բարձրադիր գոտում է, եւ պետք է հաշվի առնել այս հանգամանքը»,- նշում է Վ․ Մնացականյանը։

Հատկանշական է, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերին Տ․ Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Մայրաքաղաքի համար պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել։․․․ Երկար սպասված այս նախագծի հիմքում դրված է մեկ նպատակ՝ պահպանելով պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը՝ համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը»: Իսկ Կոնդի վերակառուցման համար էլ դեռ 2021-ին Քաղշինկոմիտեն մրցույթ էր հայտարարել։

Ճարտարապետության պրոֆեսոր Կարեն Բալյանը, ով Կոնդի վերակառուցման համար հայտարարված մրցույթի հանձնաժողովում էր, մեզ հետ զրույցում նկատում է․ «Չի հասկացվում՝ 2-րդ փուլը հայտարարվե՞լ է, թե՞ ոչ, ցանկացած դեպքում ես հրաժարվելու նպատակ ունեմ 2-րդ փուլից, որովհետեւ 1-ին փուլի արդյունքների հիման վրա որոշակի ընտրություն էր արվել, որոնք, անկախ նրանից, թե ինչ մոտեցում ու լուծում էին տվել, բայցեւայնպես, բոլորը քանդման ծրագրեր էին։ Եվ ես չեմ ուզում գնահատել այն, ինչը նախապես արդեն ճիշտ չէ։ Այնտեղ չկար նախագիծ, որը հնարավորություն տար, պահպանելով Կոնդը, զարգացնել այն։ Այսինքն՝ չկար սկզբունքային մի լուծում, որը թույլ տար հասկանալ, որ Կոնդը պետք է պահպանվի ու զարգանա, իսկ դրա հնարավորությունները կան։ Խնդիրը սա է, զարգացնելու տակ չպետք է մտածես, որ այս ամբողջը պետք է քանդվի, ու ինչ-որ մի բան կառուցվի այլ կերպ, հատկապես որ Կոնդն իր մեջ ունի այդ մեխանիզմը, որով միշտ զարգացել է»։  

Կ․ Բալյանը տարակուսած է քաղաքապետարանի հայտարարությունից։ «Ես ինձ համար պարզ մի եզրակացություն եմ անում՝ որ դա քանդման ծրագիր է, այսինքն՝ Կոնդը քանդում են։ Իրենց արած հայտարարություններն իրականում ծածկագրեր են, որի տակ պետք է հասկանալ, թե իրականում նպատակը որն է։ Չնայած նպատակն ակնհայտ է ու հասկանալի, ընդ որում՝ ես կասեի, որ դա ճարտարապետների մասնակցությամբ է արվում, քանի որ ճարտարապետների մեծամասնությունը չի տեսնում Կոնդը զարգացնելու հնարավորություն»,- նկատում է զրուցակիցս։  
Կոնդն այսօր Երեւանի պահպանված եւ վերջին պատմական հատվածն է, որը, ըստ ճարտարապետի, հավասարապես հետաքրքրություն է առաջացնում թե՛ տուրիստների, թե՛ քաղաքի բնակիչների մոտ․ «Կոնդն այսօր դարձել է մեր քաղաքային տարածքների պահպանման խորհրդանիշը։ Մյուս կողմից էլ՝ ո՞նց են կոնդեցիների սեփականության իրավունքը, շահերը պաշտպանվում, երբ նման թվաբանության առաջ են կանգնեցնում բնակիչներին՝ 1 քմ-ի արժեքը սահմանելով 214 եւ 139 հազար դրամ, այսպես չի ստացվի կոնդեցիների սեփականության իրավունքը պահպանել»:
Ըստ Բալյանի՝ քաղաքապետարանի գործելաոճը մի շարք անպատասխան հարցեր է թողնում․ «Այս պահին ոչինչ չգիտենք, այդ թվում՝ թե ովքեր են խորհրդատուները, մինչդեռ այսպիսի հարցում խորհրդատուներ պետք է լինեին, այն էլ՝ բաց ձեւաչափով, պրոֆեսիոնալ կարծիք պետք է ներկայացվեր, որին բոլորը կարողանային ծանոթանալ»։ Ի դեպ, մենք փորձեցինք նախագծի հետ կապված մի շարք մանրամասներ ճշտել քաղաքապետարանից, բայց՝ ապարդյուն․ մեր զանգերն անպատասխան մնացին։