Քո բիզնեսն ինքդ ստեղծիր 

Քո բիզնեսն ինքդ ստեղծիր 

Եթե արդեն բավականաչափ գումար ես կարողացել կուտակել, ընտրել ես, թե որ ոլորտում ես բիզնես անելու, հաղթահարել ես նույնիսկ թղթաբանական քաշքշուկները /բյուրոկրատիան դե ամենուրեք է բյուրոկրատիա/, ապա դեռ մի շտապիր։ Նախ պետք է կազմես քո բիզնես պլանը։ Բիզնեսով զբաղվելը, բիզնես վարելը նման է պատանեկան խանդավառությանը։ Սակայն այն նաեւ չափազանց ձանձրալի եւ միօրինակ է։ 

Այս երկու ծայրահեղությունների մեջ չհայտնվելու համար կարեւոր է ուրեմն բիզնես պլան ունենալը։ Դա այն նախահաշիվն է, որն ըստ էության հանդիսանում է քո բիզնեսի ֆինանսական սիրտը։ Քո բիզնես պլանից պետք է հստակ երեւա, թե որքան գումար ես դու հատկացնում բիզնեսիդ բաղկացուցիչներին, ունեցածդ միջոցները որքան կբավականացնեն մինչեւ ստանաս առաջին շահույթդ եւ այլն։ 

Կարեւոր է նաեւ հիշել որ պատրաստի բիզնես գնելը ցանկալի չէ։ Փորձը ցույց է տվել, որ վաճառքի հանված պատրաստի բիզնեսների մեծ մասը վնասով աշխատող են։ Իհարկե, բիզնես վաճառողները հակառակը քեզ կհամոզեն, ասելով, որ ամեն բան լավ է ընթանում վաճառվող բիզնեսում, իսկ այն վաճառվում է, քանի որ վաճառողն, օրինակ, այլ երկիր է տեղափոխվում կամ փոխում է գործունեության ոլորտը եւ կամ էլ կորցրել է հետաքրքրությունը։ Իրականում այնքան էլ այդպես չէ ամեն բան։ 

Մյուս կողմից, պետք է զգույշ լինել, որպեսզի չտրվես այն գայթակղությանը, որը հայտնի է այսպիսի անվանումով` «հարբեցողի կնոջ համախտանիշ», երբ կարող է կարծես, թե կկարողանաս շտկել իրավիճակն ու ամեն բան դեպի լավը շրջել, բայց ձախողումը գրեթե երաշխավորված է։ Ավելի լավ է՝ ամեն բան սկսեք ինքներդ ձեզ համար՝ զրոյից։

Արամ Յանին