Ընտրակեղծիքների համար վաղեմության ժամկետը 5 տարի է

Ընտրակեղծիքների համար վաղեմության ժամկետը 5 տարի է

Մի քանի օր է, ինչ երկրում կատարվող գլխավոր իրադարձությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձություններն են։ ԱԱԾ-ն ամենօրյա ռեժիմով իրար հետեւից հաղորդագրություններ եւ տեսանյութեր է տարածում ԲՀԿ-ի՝ 2017-ի ընտրություններին ենթադրյալ ընտրակեղծիքների եւ այլ խախտումների վերաբերյալ։

Հաղորդագրություններից մեկից պարզվում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը տեղեկություններ է ստացել, որ ԲՀԿ-ն խախտումներ է կատարել ոչ միայն 2017-ի խորհրդարանական ընտրություններում, այլեւ Երեւանի անվագանու։ 

Փաստաբան Նորայր Նորիկյանից հետաքրքրվեցինք՝ ընտրությունների հետ կապված գործերով վաղեմության ժամկետ չի՞ գործում, պատասխանեց․ «Այս հոդվածներով անգամ համաներում չի կիրառվում։ Վաղեմության ժամկետն էլ կոնկրետ այս գործով չի կարող կիրառվել, քանի որ այն հոդվածով, որով հարուցված է քրեական գործ ու այդ գործը՝ 154.2 հոդվածի 2-րդ մասը քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով միջին հանցագործությունների շարքին է դասվում։ Նախատեսում է 2-ից 5 տարի պատիժ, իսկ միջին հանցագործությունների դեպքում վաղեմության ժամկետը 5 տարի է»։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված 3 քրեական գործ է հարուցվել: Դրանցից մեկը վերաբերում է 2017 թվականի ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներին, երկրորդը՝ Ծառուկյանի տնտեսական գործունեությանը: ԲՀԿ-ն հայտարարում է, որ իշխանությունը քաղաքական հետապնդում է սկսել՝ այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը պահանջեց կառավարության 100 տոկոսի հրաժարականը: Ինքը` Գագիկ Ծառուկյանը, հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած զարգացման եւ գնալու է մինչեւ վերջ: