ՔԿՀ-ներ այցելելու թույլտվությունները նախարարության քմահաճույքով են տրամադրվում

ՔԿՀ-ներ այցելելու թույլտվությունները նախարարության քմահաճույքով են տրամադրվում

Նաիրի Հունանյանի հետ հանդիպումը կազմակերպվում է արդարադատության նախարարության կամ, որ նույնն է՝ օրվա իշխանության քմահաճույքով։ Սրանում համոզվեցինք նախարարությանն ընդամենը 2 գրավոր հարցում ուղարկելով եւ խնդրելով թույլ տալ մեզ այցելել Նաիրի Հունանյանին եւ Արմեն Տեր-Սահակյանին։

Նախարարությունը մերժեց մեր դիմումը՝ Նաիրի Հունանյանի հետ հանդիպելու եւ հարցազրույց անելու վերաբերյալ, պատճառաբանելով, թե ինքը՝ դատապարտյալ Հունանյանը, չի ցանկանում։ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատապարտյալի լուսանկարահանումը, ինչպես նաեւ տեսանկարահանումը եւ հարցազրույցն իրականացվում են նրա համաձայնությամբ՝ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող՝ ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին հանդիպելու եւ հարցազրույց իրականացնելու Ձեր խնդրանքը հնարավոր չէ բավարարել վերջինիս համաձայնության բացակայության պատճառով»,- պատասխանել են մեզ նախարարությունից։ Զարմանալի է, որ Հունանյանը ցանկացել է հանդիպել պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ, իսկ լրատվամիջոցներին շարունակ մերժում է, եւ քանի որ մեզ արժանահավատ չթվաց այս պատճառաբանությունը, նախարարությանը խնդրեցինք տրամադրել Հունանյանի անհամաձայնության մասին հավաստող, իր ձեռագրով գրված որեւէ փաստաթուղթ, որպեսզի համոզվեինք, որ ոչ թե արդարադատության նախարարությունն է կամայականություն դրսեւորում, այլ ինքը՝ դատապարտյալը, չի ցանկանում հանդիպել մեր լրագրողի հետ։ Նաեւ խնդրեցինք տրամադրել Արման Բաբաջանյանի հետ հանդիպելու վերաբերյալ Հունանյանի համաձայնությունը հավաստող նմանատիպ մի փաստաթուղթ։

Նախարարությունը, բնականաբար, որեւէ փաստաթուղթ չտրամադրեց՝ եւս մեկ անգամ ապացուցելով, որ Հունանյանի հետ հանդիպել կարող են միայն օրվա իշխանության համար ցանկալի անձինք։ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, ինչպես նաեւ դատարանի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատապարտյալի լուսանկարահանումը, ինչպես նաեւ տեսանկարահանումը եւ հարցազրույցն իրականացվում են նրա համաձայնությամբ` ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով: Համաձայնությունը կարող է կրել գրավոր բնույթ։ Հարկ է նշել, որ ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Նաիրի Հունանյանից հարցազրույց վերցնելու համար առկա չի եղել ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր համաձայնություն, որի հիման վրա Ձեր տեսակցությունը վերջինիս հետ մերժվել է»,- ասված է նախարարության պատասխանում։
Արման Բաբաջանյանի հետ հանդիպելու Հունանյանի համաձայնությունը հավաստող փաստաթուղթ նույնպես չստացանք։

Այս անգամ էլ պատճառաբանությունն այն էր, թե նամակագրի համաձայնությունը չկա։ «Ինչ վերաբերում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ հանդիպելու վերաբերյալ համաձայնությունը հաստատող փաստաթղթի տրամադրմանը, հայտնում ենք, որ նշված փաստաթուղթը չի կարող տրամադրվել Ձեզ` նամակագրի համաձայնության բացակայության պատճառով»։

Ստացվում է, որ արդարադատության նախարարությունը կարող է մերժել ցանկացած դատապարտյալի հետ հանդիպելու լրագրողի խնդրանքը եւ դա հիմնավորել բանավոր հավաստիացմամբ, թե «դատապարտյալը չի ցանկանում»։ Սակայն ամբողջ հարցն այն է, որ եթե դատապարտյալն անգամ ցանկանում է, որ լրագրողն այցելի իրեն, նախարարությունը կրկին մերժում է մեր դիմումը, ինչպես արվել է, օրինակ, Արմեն  Տեր-Սահակյանին այցելելու մասին դիմումին պատասխանելիս։ Այս անգամ էլ մերժումը պատճառաբանել են, թե ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի համալրվածությունը լիարժեք չէ, ինչի պատճառով բաժինն իր գործառութային պարտականությունները կատարում է գերծանրաբեռնված ռեժիմով: Ըստ այդմ, ներկայումս հնարավոր չէ ապահովել անվտանգությունը ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի հետ հարցազրույց իրականացնելու ընթացքում»։ Նախ, մեր անվտանգությունը թող ձեր հոգսը չդառնա, երկրորդ՝ այդ նույն պատճառաբանությամբ կարող են դատապարտյալին օրենքով հասանելիք տեսակցություններն էլ արգելել հարազատների հետ, որոնց անվտանգությունը պահպանելու հոգսն էլ է ՔԿՀ-ինը։ Իրականում այս մերժումները խոսում են այն կամայականությունների մասին, որով առաջնորդվում են նախարարությունն ու ՔԿՀ-ները։ Եվ այն փակ ու ոչ թափանցիկ մթնոլորտի մասին, որը տիրում է ՔԿՀ-ների շուրջ։