ՔՊ-ականը դիմեց Պեսկովին

ՔՊ-ականը դիմեց Պեսկովին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, խոսել էր Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդրից ու դրա շուրջ քայլերից։

«Ղարաբաղում իրավիճակի կարգավորման այլ իրավական հիմքեր չկան, բացի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները։ Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ գործողությունների ու քայլերի հնարավոր զարգացումը առաջին հերթին հնարավոր է Ռուսաստանի հետ համատեղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի հիման վրա։ Առայժմ չկան այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեն կարգավորմանը։ Իհարկե, ցանկացած օգնություն, որը կարող է նպաստել այս հիմքով կարգավորմանը, ողջունելի է, բայց գիտենք նաև, որ կան տարբեր փորձեր, որոնք լղոզում են կարգավորման հիմքերը և երկարաժամկետ հեռանկարում կարող են արդյունք չտալ: Հուսանք՝ այս դեպքում խոսքը առաջին տարբերակի մասին է», - ասել էր նա։

«Իհարկե,  նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ կարևոր է և կարևոր է, որ այնտեղ արձանագրված դրույթները պահպանվեն, բայց նաև այստեղ հարցն այն է, թե ինչո՞ւ պարոն Պեսկովը չի ասում, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթները։ Մասնավորապես՝ Լաչինի միջանցքի անխոչընդոտ անցուդարձը, գերիների վերադարձը, և այլ հարցեր»,- այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Պեսկովի հայտարարություններին։