«Հրապարակ». Պետք չի գույները մթագնել, Արցախում սով չկա

«Հրապարակ». Պետք չի գույները մթագնել, Արցախում սով չկա

Հարցազրույց ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ

- Ռուսաստանում «Վագներ» խմբավորման կազմակերպած խռովությունից պարզ դարձավ, որ այդ երկրում դժգոհության մեծ ալիք կա, այն նախկին միատարր, ուժեղ պետությունը չէ, եւ ամեն պահի կարելի է պայթյունի սպասել։ Ռուսաստանի թուլացումն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի եւ հատկապես Արցախի վրա, եւ ի՞նչ հետեւություններ պիտի անեն ՀՀ իշխանությունները։

- Ռուսաստանն Արցախի, Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորն է՝ համաձայն 2020 թվականի եռակողմ հայտարարության, բնականաբար, ՌԴ-ի ներքին կայունությունը որքան կուռ լինի, այնքան դրական կանդրադառնա անվտանգային մեխանիզմն ապահովելու գործում։ Եվ չնայած մենք Լաչինում եւ Արցախում տեսնում ենք նոյեմբերի 9-ի պայմանավորվածության որոշակի խախտումներ, բայց, միեւնույն է՝ ամբողջական առումով Ռուսաստանը կարողանում է իր երաշխավորական գործունեությունն իրականացնել, այլ բան, թե դա մեզ ինչ չափով է բավարարում, այնուամենայնիվ, խախտումներ արձանագրվում են։ Այս առումով ՌԴ-ի ներքին կայունությունը մեզ համար շատ կարեւոր է, հասկանալի է, որ անկայունությունները բերում են պետության թուլացման, եւ դա, իհարկե, կարող է ազդել Լաչինի միջանցքում ստանձնած պարտավորությունների կատարման որակի վրա։

- Եվ քանի որ ՌԴ-ն ապահովագրված չէ ցնցումներից, մենք սա գիտակցում ենք ու ի՞նչ ենք անում, որ հաջորդ պահին, եթե Աստված չանի, նորից նման զարգացումներ լինեն, եւ Ադրբեջանն ու Թուրքիան, պահից օգտվելով, ագրեսիվ գործողությունների անցնեն, ինչպե՞ս ենք հակազդելու դրան։

- Եթե նմանատիպ կամ ավելի վատ իրադրություն առաջանա Ռուսաստանում, դա կլինի համամոլորակային խնդիր։ Մենք կկանգնենք մոլորակի կատակլիզմայի առաջ, իսկ այդպիսի պայմաններում ճգնաժամային լուծումների անհրաժեշտություն կառաջանա, որին մենք պետք է պատրաստ լինենք եւ նման իրավիճակները քննարկում ենք։ Աստված ոչ արասցե՝ նման բան լինի, որովհետեւ կարող է համաշխարհային լուրջ, խորքային ճգնաժամ ձեւավորվել։

- Փաստորեն, ընդունում եք, որ մեր անվտանգությունը մեծ հաշվով Ռուսաստանից է կախված, այդ դեպքում ինչո՞ւ են իշխանականները երբեմն-երբեմն հակառուսական դեմարշներ անում։

- Հակառուսական դեմարշներն այսօր նաեւ գլուխ են բարձրացնում հասարակության մեջ, պատճառը Ռուսաստանի ստանձնած պարտականությունների ոչ պատշաճ կատարումն է, որը բնական է։ Երբ վստահում ես եւ հույս ունես, բայց այդ վստահությունը չի արդարանում, դեմարշները բնական գործընթաց են։ Բայց պետք է հասկանալ, որ այսօր ընդհանրապես աշխարհի անվտանգության խնդրի առջեւ ենք կանգնած, տարբեր գնահատականներով համարվում է, որ այսօր երրորդ աշխարհամարտն է սկսվել կամ կարող է սկսվել, ու դրա նախանշանները կան։ Եթե աշխարհը գնա այդ ճանապարհով, եւ միջուկային զենքի սպառնալիք առաջանա, ապա համաշխարհային ճգնաժամի մասին է լինելու խոսքը, իսկ անվտանգային տեսանկյունից՝ կոնկրետ Արցախի հետ կապված անվտանգային երաշխիքը Ռուսաստանինն է։

- Բայց չէ՞ որ մենք էլ ենք այդ հայտարարության կողմերից մեկը եւ այն կողմը, որը ՌԴ-ին երաշխավոր է կարգել, ուզում եք ասել, որ մենք անելիք չունե՞նք այստեղ։

- Մենք մեր մասով մեր անելիքները կատարում ենք՝ միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական, բանակցային  հարթակներում ամեն ինչ անում ենք Արցախի անվտանգությունն ապահովելու եւ Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն իրականացնելու համար։

- Որը չի ստացվում, եւ դեկտեմբերից Արցախը շրջափակված է, իսկ արդեն մի քանի շաբաթ է՝ լիակատար շրջափակված է, եւ Արցախում շուտով սովի կմատնվեն։

- Ստացվում է այնքանով, որքանով ստացվում է։ Սով չկա, պետք չի գույները մթագնել։ Աստված չանի, որ սով լինի։

- Մենք լսում ենք, որ երեխաներ են անորեքսիայի աստիճանի նիհարել, քանի որ չկան մթերքներ, եթե նույնիսկ այս պահին համատարած սով չկա, ապա  իրավիճակը գնալով սրվում է, հումանիտար բեռներ չեն թողնում մտնեն Արցախ։

- Հիմա արդեն Կարմիր խաչի միջոցով հիվանդներին կարողանում են տեղափոխել։ Սննդի, առաջին անհրաժեշտության միջոցներ էլ խաղաղապահներն ուղղաթիռով տեղափոխեցին, կարծում եմ՝ ամեն ինչ պետք է անել, որ խնդիրները լուծվեն։