Դատավորի մասնակցությամբ միջադեպից ԲԴԽ-ն իրազեկված է․ Արման Խաչատրյան

Դատավորի մասնակցությամբ միջադեպից ԲԴԽ-ն իրազեկված է․ Արման Խաչատրյան

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ԲԴԽ-ն իրազեկված է դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ։

«Վստահ ենք, որ դեպքի մասնակիցները կդրսեւորեն պետական ծառայողին հարիր զուսպ վարքագիծ՝ զերծ մնալով դեպքի առնչությամբ ցանկացած հայտարարությունից: ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում այս փուլում ձեռնպահ մնալ կատարվածի վերաբերյալ հրապարակումներ եւ մեկնաբանություններ անելուց, մինչեւ կճշտվեն միջադեպի բոլոր հանգամանքները»,-գրել է Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե երեկ՝ հոկտեմբերի 26-ին, Ժամը 16։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 14։38-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած՝ «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի մի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա։ Պարզվել է, որ վարորդը ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա․ Ավագյանն է, որը հետո ներկայացել է ոստիկանություն։