Փաշինյանի ցմահ վերարտադրության ինդուլգենցիան տրված է

Փաշինյանի ցմահ վերարտադրության ինդուլգենցիան տրված է

Շուտով կլրանա պատերազմի առաջին տարելիցը, սակայն առայսօր մեր զոհերի աճյուններն են որոնում Արցախի զավթված տարածքներում, գերիների և անհետ կորածների հարազատներն արդեն չգիտեն՝ ում դուռը ծեծել, և այդ ֆոնին վերընտրված վարչապետն իր վերակազմյալ կառավարության գործունեության ծրագիրն է ներկայացրելու ԱԺ-ին, իրականում՝ սեփական խորհրդարանական մեծամասնությանը։ Այլընտրանքային իրականությունների ավելի անհաշտ բախում դժվար է պատկերացնել։

Պատերազմի հետևանքներն ու անվերականգնելի կորուստներն արդեն այս կառավարության բեռը չեն։ Երևի թե նախորդ կառավարությունը՝ նմանատիպ կազմով և նույն ղեկավարով, անցած երեք տարում բարեհաջող իրականացրել է իշխող ուժի նախընտրական ծրագրի հիմնադրույթները՝ Արցախի և Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացում, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծում, համերաշխության և սիրո մթնոլորտի հաստատում, հիմա էլ որակապես այլ խնդիրների լուծման են ձեռնամուխ լինում։

Կառավարող ուժի ցինիզմը, լկտիությունը և սանձարձակությունն ակնհայտ էր դեռևս պատերազմի ավարտից շաբաթներ անց, երբ սկսեցին խոսել հնարավոր արտահերթ ընտրություններում իրենց հաղթանակի մեծ հնարավորության մասին՝ պնդելով, թե Փաշինյանի վարկանիշը բարձր է, քան երբևէ։ Երբեմնի խորհրդարանական ընդդիմությունն սկսեց առատորեն ոռոգել ամեն գնով արտահերթի գնալու քաղաքական տրամադրությունները, արդյունքում՝ աստիճանաբար բոլոր հիմնական դերակատարները հաշտվեցին Փաշինյանի կազմակերպելիք ընտրության անայլընտրանք իրողությունը։

Նախընտրական շրջանում հնչող ամենամանիպուլյատիվ պնդումներից մեկն այն էր, որ եթե այս իշխանությունը 2018-ին ընտրություն չի կեղծել, չի կեղծի նաև 2021-ին։ 1991-ին Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չկեղծեց առաջին նախագահական ընտրությունը, քանի որ դրա կարիքը չկար։ Իր ժողովրդականության գագաթնակետին գտնվող Տեր-Պետրոսյանը, որն, ի դեպ, երկրի փաստացի առաջնորդն էր՝ Գերագույն խորհրդի նախագահը, անգամ նախընտրական քարոզչություն չարեց և պնդում էր, թե իր ծրագիրն ինքն է։

Փոխարենը՝ 1995-ի խորհրդարանական ընտրության ու սահմանադրական հանրաքվեի և առավել ևս 1996-ի նախագահական ընտրությունների լայնամասշտաբ կեղծիքները հենց առաջին նախագահի օրոք և նրա կողմից թույլ տրվեցին։ Այսօր շատերն են մոռացել, որ 1996-ի նախագահական ընտրությունը մեր նորագույն պատմության մեջ միակն է, որը միջազգային հանրության կողմից որակվել է իբրև անարդար, որևէ այլ համապետական քվեարկության նման օտարերկրյա գնահատում չի տրվել։

2018-ի դեկտեմբերյան արտահերթը, ինչպես 1991-ի նախագահական ընտրությունը, կեղծելու պատճառ չկար։ Սակայն օրվա իշխանությունը 2021-ի հունիսյան արտահերթը, ինչպես 1996-ի նախագահական ընտրությունը, կեղծելու ծանրակշիռ դրդապատճառ ուներ։ Հաշվի առնելով ընդդիմադիր դաշինքների արձանագրած ընտրախախտումները՝ վստահորեն կարելի է փաստել, որ իշխող ուժը չխորշեց ամենամերժելի կեղծիքների համատարած կիրառումից՝ տեղամասերում հոսանքանջատումներից մինչև զորքի ուղղորդված քվեարկություն։

Ի դեպ, նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական մրցակիցների նկատմամբ ատելության խոսքի տարածումը, ըստ Եվրոպայի խորհրդի չափանիշների, համարվում է ընտրախախտում։ Եթե անցած ընտրարշավում իշխանությանը նախասիրած քարոզչական այդ գործիքը չլիներ, եթե հանրային անառողջ տրամադրություններին հագուրդ տալու նպատակով նախկին նախագահներին ցածրակարգ և անընդունելի որակումներ չտրվեին՝ «Տեր-Պետրոսյանը երկու անգամ փախուստի լավ օրինակ է ցույց տվել», «Ռոբի՛կ, դու տղա չես, դու ոչնչություն ես» կամ «Սերժի՛կ, ա՛յ տղա, դու իմ զինվոր որդուն Աշոտիկ ասելու իրավունք չունես» ոճով, Փաշինյանն էլ, ըստ Սահմանադրության, հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատար չլիներ, քանի՞ ձայն կհավաքեր։

Դավիթ Սարգսյան