Իրական զարթոնք

Իրական զարթոնք

Ֆեյսբուքը հիշեցրեց անցյալ տարվա հունիսի 8-ի գրառումս. «… միանգամից բախվեցի Նիկոլի փողոցային բառապաշարին: Բայց չզարմացա՝ դա հենց իրական Նիկոլն է, այն անձը, որը մեր ազգի վատթարագույն բոլոր հատկանիշների մարմնացումն է: Հաղթել Նիկոլին՝ նշանակում է հաղթել ինքներս մեզ: Ու այդ պատճառով պետք է հաղթենք նրան՝ այլ տարբերակ չկա»: Քանի որ այս գրառումը կատարվել է արտահերթ խորհրդարանական ընտրության նախօրեին, ապա ենթադրվում էր, որ մարդիկ պետք է ամեն ինչ անեն հանուն հաղթանակի: Քանի որ ընտրությունում Նիկոլի հաղթանակը մեր հավաքականության պարտությունն էր: Պարտություն Նիկոլից և ինքներս մեզանից: Իսկ դա նշանակում էր պետականության կորուստ: Եվ ստացվեց այնպես, որ մենք՝ որպես հավաքականություն, գրառումից 12 օր անց պարտվեցինք Նիկոլին: Ու այսօր դեռևս կռիվ ենք տալիս, որպեսզի պաշտպանենք մեզ ժառանգված պետականությունը: Պաշտպանենք Նիկոլից ու նիկոլապաշտներից, այսինքն՝ «նիկոլիզմից»: Պաշտպանելով ներքին թշնամուց՝ պաշտպանենք արտաքին թշնամուց:

Բայց խնդիրը բարդանում է նրանով, որ Նիկոլն ինքը պաշտպանված է այն երևույթի դրսևորումներով, ինչն այսօր անվանում ենք «նիկոլիզմ»: Բացի դրանից, Նիկոլը պաշտպանված է նաև իրավապահ համակարգով: Միաժամանակ աջակցություն է ստանում արտաքին հզոր դերակատարների կողմից: Որոնք արդեն երկրորդ անգամ Երևանում կազմակերպում կամ մասնակցում են ժողովրդավարության հարցերով համաժողովներին: Մեկ անձի բռնատիրություն հաստատված երկիրը համարելով ժողովրդավարական: Եվ վերջապես, պաշտպանված է մեզ հարևան ու միաժամանակ թշնամի երկու պետության կողմից: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան անխոցելի կարող է թվալ նրա պաշտպանությունը: Բայց, չնայած այդ ամենին, մեր հասարակության՝ հայրենիքի զգացողությամբ օժտված հատվածն իր ամենօրյա ակտիվությամբ Նիկոլին ստիպում է ջղաձգություններ անել, ինչի արտահայտություններից էր, օրինակ, հունիսի 3-ի ոստիկանական վայրագությունը: Իսկ նման ջղաձգություններն, ի վերջո, ավարտվելու են նրա տապալմամբ: Ի դեպ, մեր պայքարը խառնում է նաև մեր ապագան ոտնատակ տալու՝ արևմտյան և արևելյան թշնամի պետությունների պլանները: Ասվածի արտահայտությունն էր արևելյան թշնամի պետության պաշտոնավորներից մեկի բողոքը, թե Հայաստանը ձգձգում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:

Այնպես որ, մեր պայքարն այսօր գրանցում է այն փոքր հաղթանակները, որոնք անզեն աչքին անտեսանելի են լինում սկզբնական պահերին: Բայց անընդհատ կուտակվելով՝ դրանք որակ են կազմելու և արդյունքում թե՛ ներքին և թե՛ արտաքին թշնամուն ստիպելու են համակերպվել նոր իրականության հետ: Այն իրականության, որ թվում էր, թե կարող էր կյանքի կոչվել 2018-ի գարնանային իրադարձությունների շնորհիվ, սակայն տապալվեց նրա առաջնորդի ապաշնորհության պատճառով (նրան իշխանությունից հեռացնելուց հետո կարող է հաստատվել նաև դավաճանության վարկածը): Սակայն շատ արագ հասկանալի դարձավ, որ 2018-ի ապրիլն իրական զարթոնք չէր, քանի որ առաջացել էր ընդամենը գործող իշխանությունը մերժելու հենքի վրա: Մի բան, որ մեզանում դրսևորվել է անկախություն ձեռք բերելուց ի վեր՝ մի քանի տարին մեկ: Իսկ Նիկոլին և «նիկոլիզմը» մերժելը կարող ենք համարել իրական զարթոնք, քանի որ այն հիմնված ոչ թե զուտ սոցիալական խնդիրների, այլ հայրենիքի ապագայով մտահոգվածության վրա: