ԱՄՆ-ն և Ֆրանսիան, լինելով գերտերություններ, դուրս են մնացել պրոցեսից 

ԱՄՆ-ն և Ֆրանսիան, լինելով գերտերություններ,  դուրս են մնացել պրոցեսից 

«Հրապարակի» հարցազրույցը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ 

-Եվրոպայում Անվտանգության և hամագործակցության կազմակերպության գործող նախագահ, Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Անն Լինդենի պաշտոնական այցի վերաբերյալ հաղորդվեց՝ այցելության օրակարգի առանցքային թեման ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն ու դրանում Մինսկի խմբի համանախագահների  միջնորդական դերը։ Տեսնու՞մ եք արևմտյան համանախագահների կողմից որոշակի շեշտադրում, որ ՄԽ-ն չի մեռել ՌԴ-ից պարբերաբար քաղաքագետների մակարդակով հնչող հայտարարությունների ֆոնին, որ չկա Մինսկի խումբ։ Ալիևն էլ նույն բանը հայտարարելով՝ ասում է՝ չկա Արցախի կարգավիճակի հարց։

-Նախ սկսենք նրանից, որ ճիշտ գնահատենք իրավիճակը, ճիշտ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում։ Մի պրոցես, որտեղ ոչ մեկի համար հասկանալի չէ՝ ՄԽ գործունեությունն ինչպիսին պետք է լինի, ինչ ձևաչափով ու ակտիվությամբ պետք է լինի, որովհետև տարածաշրջանում պատերազմի հետևանքով փոխվել է ամեն ինչ՝ թե՛ անվտանգային միջավայրը, թե՛ ստատուս քվոն, թե՛ իրողությունները, և բնական է՝ այն, որ Հայաստանը չունի ակտիվ դիվանագիտություն ու ակտիվ արտաքին քաղաքականություն։ Այս բոլոր պրոբլեմները հաշվի առնելով՝ պետք է հասկանանք, թե այս վիճակում ինչ կարող են անել ՄԽ համանախագահները և ինչ կարող են առաջարկել կողմերից մեկին։ Մանավանդ, եթե կողմերից մեկը պնդում է, որ Լեռային Ղարաբաղի խնդիր այլևս չկա։ Սա ամենակարևոր իրողությունն է։ Սա առաջին կարևոր բանն է, որ պետք է ֆիքսենք։ Մյուս կարևոր բանը, որ պետք է ֆիքսենք, այն է, թե մենք ինքներս ինչ ենք ակնկալում ՄԽ գործունեությունից։ Հայաստանն ինչ է ակնկալում։ Եվ, բնականաբար, ամենակարևոր հարցը, թե ընդհանրապես Հայաստանը ԼՂ հարցում ինչ ռազմավարություն ունի։ Ի՞նչ է ուզում ընդհանրապես, որովհետև մեր իշխանությունները կարծես թե չգիտեն էլ, թե ինչ են ուզում Արցախի հարցով։ Եվ այդ մասին հայտարարություններ, քննարկումներ ու որևէ ռազմավարական մոտեցում ուղղակի գոյություն չունի։ Սրանք ամենակարևոր նախադրյալներն են, որոնց պատասխանները ստանալուց հետո կհասկանանք, թե ինչ ենք ուզում ունենալ Մինսկի խմբից։

-Համարու՞ւմ եք, որ սա ՄԽ-ի ռեսթարթի փորձ է, որովհետև կա կարծիք, որ ռուս-թուրքական տանդեմով ու «6»-ի պլատֆորմով փորձում են չեզոքացնել ՄԽ-ն։

-Նորից գալով տարածաշրջանային իրողություններին՝ պետք է ֆիքսենք, որ տարածաշրջանում նոր խաղացող է ի հայտ եկել՝ ի դեմս Թուրքիայի։ Եթե այդ խաղացողը հայտնվել է, այդ իրողության հետ չես կարող հաշվի չնստել։ Իհարկե, կարող ես ասել, որ Թուրքիան չպետք է ներգրավվածություն ունենա որպես ՄԽ համանախագահ, բայց մենք ասում էիք նաև, որ որպես կոնֆլիկտի կողմ էլ չպետք է ներգրավվածություն ունենար, բայց ունեցավ։ Հիմա իրողությունները թելադրում են մեկ այլ կարևոր հանգամանք․ այն, որ մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, լինելով գերտերություններ, դուրս են մնացել այս պրոցեսից։ Նորից՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը։ Բնական է, որ տարածաշրջանում ազդեցությունը պահպանելու, հնարավորություններ ստեղծելու առումով երկու պետություններն էլ պետք է փորձեն նաև այս պլատֆորմով ակտիվ քայլեր ձեռնարկել։ Թե որքանով դա էֆեկտիվ կլինի՝ հաշվի առնելով թուրքական գործոնի ակտիվացումը, և որքանով դա էֆեկտիվ կլինի՝ հաշվի առնելով Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը կոնֆլիկտի ավարտի վերաբերյալ, բնականաբար, կարծում եմ՝ մոտ ժամանակներս այդ հարցերի պատասխանները կստանանք։

-Այսինքն՝ համարում եք, որ ռուսներն ու թուրքերը փորձում են «6»-ի պլատֆորմը դարձնել ՄԽ այլընտրա՞նք։

-Ոչ, նման բան չեմ կարծում։ Ավելին՝ Ռուսաստանը նույնպես փորձում է տարածաշրջանում մինիմալիզացնել Թուրքիայի դերը և հնարավորության շրջանակներում ամեն ինչ անելու է, որպեսզի Թուրքիան մեր տարածաշրջանում չունենա այն ազդեցությունը, ինչ կցանկանար ունենալ։

-Վերջին շրջանում կարծիքներ են հնչում նաև առ այն, որ Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից։ Համամի՞տ եք։

-Ոչ, ՌԴ-ն այս տարածաշրջանից պատմության ընթացքում երբեք չի հեռացել, հեռանալու ցանկություն չունի։ ՌԴ-ն այս տարածաշրջանում կմնա այնքան ժամանակ, որքան ունենա այստեղ սպասարկելու իր շահերը։ Այնպես, ինչպես ցանկացած այլ երկիր կսպասարկի իր շահերը այն տարածաշրջանում, որտեղ ունի նման շահեր։

-Ձեր ֆեյսբուքյան գրառման մեջ գրել էիք Հայաստանի ապագայի 2 սցենար․ ընդունել Արցախը վերադարձնելու ռազմավարությունը և համազգային ողջ ռեսուրսը կենտրոնացնել դրա շուրջ և կամ ընդունել կապիտուլյացիայի ակտը և ապագան կառուցել տարածաշրջանի ենթադրյալ ապաշրջափակման հեռանկարի շուրջ, կապիտուլյացիոն ակտը դարձնելով պետության «հիմնադիր փաստաթուղթ»: Նախ, այդ որոշումներից մեկը ո՞վ պետք է ընդունի՝ օրվա իշխանությո՞ւնը, հաջո՞րդը։

-Արդեն նշեցի՝ գործող իշխանությունները չեն կարող ընդունել, քանի որ, ինչպես արդեն նշեցի, գործող իշխանությունները չունեն արտաքին քաղաքականություն, ռազմավարություն, մարտավարություն, քաղաքական հեռատեսություն։ Հետևաբար, չեն կարող նման բան ծրագրավորել և նման քաղաքականություն իրագործել։ Հետևաբար, երկու սցենարներից և ոչ մեկն էլ չեն կարող իրականացնել։ Հետևաբար, խոսքը ոչ այս իշխանությունների մասին է։  

-Իսկ չե՞ք կարծում, որ Ձեր նկարագրած 2-րդ սցենարը հնարավոր է ոչ պոպուլյար դիտարկվի։ Չնայած միգուցե ողջախոհ լինի։

-Պոպուլյարությունը, մեծ հաշվով, լղոզված հասկացություն է։ Ասենք, Ղարաբաղը թշնամուն հանձնելն էլ պոպուլյար չէր, բայց տեղի ունեցավ։ Այնպես որ, պոպուլյարության մասին ընդհանրապես չարժե խոսել, պետք է առաջնորդվել ազգային շահերով, որքան էլ դա պոպուլյար չլինի։

-Իշխանությունները նույն ոչ պոպուլյարության վախից վերջին 20 տարում այդպես էլ չհարցրեցին ժողովրդին՝ պատրա՞ստ են ազատագրված շրջանների հանձնմանը։

-Այո, չհարցրեցին ժողովրդին, եղավ այն, ինչ եղավ։