Աթոռի մեռածության խասյաթ ունի «Քաղպայմանագիրը»

Աթոռի մեռածության խասյաթ ունի «Քաղպայմանագիրը»

ՏԻՄ ընտրությունները դեռեւս քննարկման առարկա են՝ հատկապես այն համայնքներում, որտեղ իշխանությունը պարտվել է կամ չի հաղթահարել «50+»-ի շեմը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մեզ տեղեկացրեց, որ թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու համար մինչեւ չորեքշաբթի ժամանակ է տրված, որի մասին իրազեկվել են բոլոր կուսակցությունները․ «Չորեքշաբթի օրը, մինչեւ արձանագրությունների նիստն իրականացնելը, ստացված ինքնաբացարկների վերաբերյալ կամփոփենք, ամբողջական տեղեկատվություն կտանք։ Այս պահին տարածքայինների հետ կապված՝ նման հարցումներ չենք արել»։

Ե՞րբ է լինելու ավագանու առաջին  նիստը՝ հարցրինք Գորիսում իշխանական թեկնածու Վլադիմիր Աբունցին։ «Տեղեկություն չունեմ, թե առաջին նիստը երբ է»։ Աբունցը նշեց, որ դեռ չեն ստացել մանդատները։ Իսկ ինչպիսի՞ տրամադրվածությամբ են գնալու ավագանու նիստերին։ «Չեմ կարող դեռ պատասխանել, կպատասխանենք հետագայում։ Նորմալ, սովորական տրամադրվածություն ունեմ»։Իշխանության պարտված թեկնածուն չցանկացավ այլ հարցերի պատասխանել։

Հետաքրքրվեցինք` ճի՞շտ է, որ իր կինը՝ Նաիրա Աբունցը, աշխատում է Գորիսի քաղաքապետարանում։ Հաստատեց եւ հավելեց, որ հիմա արձակուրդում է։ Երբ հետաքրքրվեցինք, թե շարունակելո՞ւ է աշխատել, ընդհատեց խոսակցությունը։ Նշենք, որ Աբունցն ավելի վաղ հայտարարել էր, թե պատվով են պարտվել։

Գյումրիում նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 4-ին․ այս մասին տեղեկացանք «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վաղարշակ Մալխասյանից, ով հնարավոր կոալիցիաների մասին նշեց․ «Մենք սպասում էինք ԿԸՀ-ի տվյալներին, կքննարկեինք, բայց այսօրվա դրությամբ դեռ ոչ մի բան չկա»։

Արամ Շաբոյանը, որը ներկայացնում է «Բալասանյան դաշինքը», անդրադառնալով այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու հարցին, ասաց․ «Այս պահին թիմի ներսում են բանակցություններ ընթանում` թիմայինը վերջացնենք, կանցնենք մյուս ուժերի հետ քննարկմանը»։ «Թիմի ներսում իրար հետ ենք բանակցում, բայց երեւի վաղվանից կսկսենք այլ ուժերի հետ քննարկել։ Ունեմ ես կողմնորոշում, բայց  այս պահին չեմ ուզում բարձրաձայնել»։ Նշեց, որ այդ պահի դրությամբ իրենց կողմից ինքնաբացարկի դիմում ներկայացնողներ չեն եղել։ Հիշեցնենք, որ Գյումրիում անցողիկ շեմը 5 ուժ է հաղթահարել՝ «Բալասանյան դաշինքը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Զարթոնքը», «Ապրելու երկիրը» եւ Հանրապետականը։ Սակայն այս ուժերից եւ ոչ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձեւավորել չի կարող, քանի որ ստացած քվեներով ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որեւէ ուժի բաժին չի հասնում։ Սա նշանակում է, որ Գյումրիում քաղաքային իշխանությունը կձեւավորվի կոալիցիոն սկզբունքով։

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ընտրությունների արդյունքները կվիճարկվեն դատարանում։ Մեզ հետ զրույցում ՔՊ-ի թեկնածու Արթուր Մաթեւոսյանն ասաց, որ ավագանու նիստ չի եղել, չի էլ կարող ասել, թե երբ կլինի։ Ապա հավելեց, որ նյութեր են հավաքում՝ դատարան դիմելու համար, եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանելուց։

Նշենք, որ այս համայնքում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» թեեւ ամենաշատ ձայներն է ստացել, սակայն բացարձակ մեծամասնություն չունի, նույնիսկ ձայների վերահաշվարկը ՔՊ-ականների օգտին ակնկալվող թվով ձայներ չավելացրեց։ Տաթեւ համայնքում բոլոր 7 ընտրատեղամասերի վերահաշվարկի հանրագումարում հետեւյալ պատկերն է ստացվել․ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը Տաթեւ համայնքում եղել է 2 հազար 613, ՔՊ-ն ստացել է 1288, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը՝ 952, «Ապրելու երկիր»-ը՝ 337 քվե: Ստացվում է, որ վերջին երկու կուսակցությունների ձայների հանրագումարը 1289 է, իսկ ՔՊ-ինը՝ 1288, այսինքն՝ «Շանթ դաշինքն» ու «Ապրելու երկիրը» միասին 1 ձայն ավելի ունեն, քան ՔՊ-ն: Դա նշանակում է, որ համայնքապետ ընտրելու համար ՔՊ-ին ընդամենը 1 ձայն է պակասում:

Մանդատները բաժանվել են հետեւյալ համամասնությամբ․ ՔՊ-ն ստացել է 7 մանդատ, «Շանթ դաշինքը»՝ 6, իսկ «Ապրելու երկիրը»՝ 2, եւ եթե «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները կոալիցիա կազմեն «Շանթ դաշինքի» հետ, ապա ՔՊ-ի թեկնածու, համայնքապետի ԺՊ Արթուր Մաթեւոսյանը համայնքապետ չի ընտրվի, ՔՊ-ն էլ կդառնա ավագանու ընդդիմադիր խմբակցություն։

«Շանթ դաշինքի» ներկայացուցիչ Շահեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, ամենայն հավանականությամբ, իշխանությունը դատարանում կբողոքարկի ընտրության արդյունքները․ «Իրենք թող որոշեն, պարտվել են, չեն կարողացել ձեւավորել մեծամասնություն, ամեն կերպ մաքառումների մեջ են, որպեսզի իշխանությունը վերցնեն, վերահաշվարկ են պահանջում եւ այլն։ Աթոռի մեռածության խասյաթ ունի «Քաղաքացիական պայմանագիրը»»։ Նա նշեց, որ «Ապրելու երկիր» կուսակցության հետ բանակցությունները դրական արդյունք ունեն, եւ կոալիցիա կազմելու շանսերը մեծ են։ Շահենն ավելացրեց, որ հինգշաբթի օրը մանդատները ստանալու են, երկուշաբթի օրն էլ Տաթեւ համայնքում ավագանու առաջին նիստն է լինելու։