Երբ դրոշը դրվեց նրա տան գլխին, Սիլվան չդիմացավ, հանգավ․․․

Երբ դրոշը դրվեց նրա տան գլխին, Սիլվան չդիմացավ, հանգավ․․․

Երևի ինձ նման շատերը կան, որ նայում են Սյունիք գնացածի թատերական խաղերին ու չեն հավատում ոչ նրա խոսքերին, ոչ խաղիկներին, ոչ էլ պրիմիտիվ բառապաշարին։ Մի բան են ուզում՝ չլսել, չտեսնել նրան, ու նրա ամեն մի այցելության մեջ նոր հանձնումների վտանգ են զգում։ Փորձը կա․ ստերի շղթան սկսվել է 2018-ից, երբ դեռ վարչապետ չէր և Աբաջյանի «պապիկ էր խաղացնում» , իսկ կինն էլ հուզված «հերոսի  պապիկի խոսքերից» հոնգուր- հոնգուր լաց էր լինում։ Հենց միայն այս դրվագը, որին գնահատական չտրվեց, լավագույն ապացույցն է, որ մենք ապրում ենք թատրոնում, որտեղ ոչ մի բան իրական չէ և պետք չէ հուզվել․․․ Թատրոնը սկսվել է 2018-ից ու վեց տարի է թատրոնի նույնանման արարները շարունակվում են։ 

Հիմա խոսենք Սյունիքի սահմանամերձ գյուղերի մասին, որոնք թշնամին իշխանության թողտվությամբ հազար տեղից բզկտել, կտրտել, կցմցել է։ Նման գյուղերում չապրած մարդը դժվար թե կարողանա հասկանալ թշնամու կողմից օկուպացված գյուղի, գյուղացու հոգեբանությունը։ Նրանք գերի են այնպես, ինչպես թշնամու կողմից գերեվարվածները։ Որպեսզի ավել պարզ բացատրեմ, ասելիքս  իրական դեպքով համեմեմ։ Խոսքը իմ բարեկամուհուն՝ Սիլվային  է վերաբերվում, ով ապրում ու արարում էր Գորիսի Խնածախ գյուղում։ Զարմանում էինք նրա ուժի, տոկունության վրա։ Ինչքան փորձում եմ մտովի  հիշել նրան, մեջքին կարտիֆիլով կամ հատիկով խոշոր  պարկեր եմ պատկերացնում։ Ֆիզիկապես ամուր, առողջ կին էր՝ փոքրիկ գյուղ է, կճանաչեն նրան։ Այդ հզոր, ուժեղ կինը փոխվեց, երբ ադրբեջանական դրոշը դրվեց նրա տան գլխին, մի քանի մետր այն կողմ։ Նա արդեն գերի էր։ Ե՛վ խոսքը փոխվեց, և՛ ապրելակերպը, և՛ մոտեցումը։ Թշնամին դիրքավորված էր նրա տան գլխին, ուր իր երեխաներն էին, թոռները, ծնողները, հարազատները։ Եթե առաջ «բիդոններով մեղր էր բերում» Երևան ու գնից գոյացած գումարով հոգում տան կարիքները, դա էլ կտրվեց։ Ասում էր, որ «փեթակները վերացրել է» , որովհետև այլևս մեղուներին չի կարող դուրս հանել, անասունները  վաճառել է, ինքն էլ տան դուռը ցերեկն էլ է կողպում, որովհետև թշնամին տան գլխին է։ Նա գերի էր, ու ես մտածում էի նրա մասին այնպես , ինչպես մեր մյուս գերիների մասին։ Տեղեկատվություն չուներ, քաղաքում ապրող բարեկամներից էր քչից, շատից  տեղեկություն ստռանում։ Նա չգիտեր, թե ինչ պայմաններում է իրենց տան գլխին ադրբեջանական դրոշ հայտնվել, ոչ մի բան չգիտեր․․․ Ո՞վ էր վտանգի տակ դրված գյուղ կամ նրա տուն մտնում, որ մի բան ասեր։ Գյուղը մեկուսացվել էր։ Գյուղը լուռ մեռնում է։ Ես այդ մասին հոդված էի գրել։ Մի օր էլ ասացին, որ Սիլվան մահացել է։ Գերի Սիլվան։ 

Հիմա ես Սյունիքի բզկտված գյուղերի բնակիչներին Սիլվայի հետ եմ համեմատում։ Նրանք աշխարհի խեր ու շառից հեռու մարդիկ են, բանտապահն էլ, երբ նրանց մի աման ճաշ է տալիս, հազար տակ ծալվում, գոհ են մնում։ Որ մի երկու խոսք էլ ասում է, որ իրենց սրտով է, ձեռքերը համբուրում են։ Նրանք գերի՜ են՝ կրկնակի գերի՝ այս իշխանության և թշնամու ձեռքին․․․ Ուզում եմ Սիլվայի նկարն էլ տեղադրեմ գերության ժամանակ ու կտեսնեք, թե ձեռքերը խաչած կինը ինչքա՜ն տառապած է․․․ Նման պարագայում ուրիշ խոսք չեմ կարող ասել, ժողովրդի հավաքական իմաստությունը միայն կարող է վիճակը բնութագրել՝ ձորը դատարկ, աղվեսը խան։ Մեր տարածքները հանձնողը գերիներին այցի է գնացել։ Չարությամբ մի վերաբերվեք գերիների պահվածքին։ Այդ գյուղերը ոտքի վրա մեռնում են՝ առանց տեղեկատվության։ Գերիները իրենց պահում են ոչ սովորական վիճակում․ ամեն պահ նրանց կյանքը վտանգի տակ է ու գնալու տեղ չունեն։ Եթե ուժադրություն դարձրել եք, Ներքին հանդում գյուղացիներն ասում էին, որ 140 տուն կա, բայց 40 տուն է բնակեցված։