Ռուբիկոնն անցե՞լ եք

Ռուբիկոնն անցե՞լ եք

Ամեն անգամ ապշում ենք ոստիկանների բռիության, ցինիզմի, բեսպրեդելի վրա, թե ինչպես են ՀՀ քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառում: Ապշում ենք նաեւ «ասֆալտին փռելու», «ասֆալտ լիզեցնելու», «շինելու» եւ «ծեփելու» փաշինյանական հոխորտանքներն ամեն անգամ լսելիս, առավել եւս` եթե, ինչպես ինքն է պնդում, թշնամին պատրաստվում է առաջիկա օրերին «հարձակվել» Հայաստանի վրա եւ մեզ պարտադրում է նոր հողեր հանձնել, ինչի արդյունքում էլ ճանապարհի խնդիր է առաջ գալու, է՛լ գազատարի, է՛լ դիրքերի: Թվում է` ոչ մի ադեկվատ իշխանություն այս խնդիրները լուծելու փոխարեն չէր զբաղվի ինչ-որ պոդքաստ անող տղաներին կեղծ մեղադրանք առաջադրելով եւ ապօրինի հետապնդում իրականացնելով: Կկենտրոնանար իր երկրի արտաքին քաղաքական խնդիրների լուծման վրա եւ ամեն ինչ կաներ, որ հանրության համբերության բաժակը չլցներ, փողոց չհաներ:

Բայց երեւի կառավարման փաշինյանական «նրբություններին» չտիրապետող մարդիկ կարող են միայն այդպես մտածել: Պետության ղեկն իրենց ձեռքը վերցրած եւ այդ պետությունը վտանգների ենթարկած` միաժամանակ 6 տարի իշխանությունը պահել կարողացող իշխանությունները բոլորովին այլ մտածողություն ունեն: Գուցե նրանք մտածում են` ինչքան հնարավոր է շատ վախ տարածելու, իրենց ընդդիմախոսների բերանը փակելու մասին, որ Տավուշից հանձնումը հա՞րթ անցնի:

Գուցե մտածում են` ինչքան մեղադրանքն անօրինական լինի, եւ բերման ենթարկելը՝ բռի ու դաժան, այնքան հեշտությա՞մբ կհասնեն իրենց նպատակին: Իսկ գուցե ուղղակի կա «սեւ ցուցակ», որը տվել են ոստիկանապետին, ԱԱԾ-ին ու քննչականին եւ ասել` կապ չունի, թե ինչ հոդվածով ու ինչպես, ուղղակի չեզոքացրեք այս մարդկանց: Իսկ գուցե անցել են բոլոր ռուբիկոնները եւ պատրաստ են անգամ կրակե՞լ իրենց քննադատող մարդկանց վրա: