Հենց «Սասնա ծռերի» ապստամբությունը չորս տարով հետաձգեց Արցախի հանձնումը

Հենց «Սասնա ծռերի» ապստամբությունը չորս տարով հետաձգեց Արցախի հանձնումը

«Հրապարակի» զրուցակիցն Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանն է:

- Վերջին շրջանում շատ է քննարկվում, թե Հայաստանում անհամեմատ մեծացել է արեւմտյան վեկտորի ազդեցությունը: Ըստ այդմ՝ արեւմտականությունն աճել է, ռուսական կողմնորոշումը` փոքրացել:

- 200 տարի շարունակ Հայաստանը Ռուսաստանի կողմից գրավված է` այս կամ այն կերպ: Նախ՝ Հայաստանն ուղղակիորեն մտցված է եղել Ռուսական կայսրության մեջ, այնուհետեւ, Առաջին հանրապետության (1918-1920) անկախությունից երկու տարի անց, մենք նորից օկուպացվեցինք Ռուսաստանի կողմից` կցվելով Խորհրդային Միությանը, որը, ինչպես գիտենք, Ռուսական կայսրության շարունակությունն էր: 1991 թվականից ի վեր Հայաստանը նեոգաղութացված վիճակում է գտնվում, հետեւաբար, խոսել այն մասին, որ Հայաստանում արեւմտյան վեկտորի ազդեցությունը մեծացել է, ներողություն, բայց տգիտության նշան է: Նման կերպ մտածող մարդիկ կա՛մ տգետ են, կա՛մ միամիտ: Նորանկախ Հայաստանի չորս ղեկավարներն էլ իրականում Կրեմլի լիակատար վերահսկողության տակ գտնվող ադմինիստրատորներ են զուտ, այդքան մի բան: Նրանք բոլորն էլ Կրեմլի շահերին են ծառայում: 1920 թվականին տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմից եւ Հայաստանի օկուպացիայից հետո ձեւավորվել է Մոսկովյան պայմանագիր` ստատուս քվոն, որը գործում է առայսօր: Այսօր թուլանում է Ռուսական կայսրությունը, եւ դրա մոտալուտ փլուզումն այստեղ թույլ կտա արեւմտյան գերտերություններին, առաջին հերթին` ԱՄՆ-ին, ինչպես նաեւ Իրանին, սկսել հետապնդել սեփական շահերը` ի դեմս հյուսիս-հարավ պրոյեկտի:

- Բայց մենք բազմաթիվ օրինակներ ունենք, որ ԱՄՆ-ն ռազմական աջակցություն չի ցուցաբերում, եւ, առհասարակ, այդ աջակցությունը հիմնականում տեսական է։ Օրինակ, ԱՄՆ-ն ինչպե՞ս է երաշխավորելու Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը:

- Ազգային ժողովրդավարական բեւեռը, հանդիսանալով հայակենտրոն (այլ ոչ թե արեւմտամետ կամ հակառուսական) ազգային ուժ, հանդես է գալիս ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակ ստանալու օգտին: Սա հատուկ կարգավիճակ է, որը տրվում է այն երկրներին, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն, սակայն ցանկանում են սերտ ռազմաքաղաքական համագործակցություն հաստատել ԱՄՆ-ի հետ, եւ որը ենթադրում է ռազմատեխնիկական օգնություն: Այս կարգավիճակն էլ դառնալու է Հայաստանի անվտանգության երաշխիքը: Ուկրաինայի օրինակով մենք տեսնում ենք, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն օգնել այս կամ այն երկրին՝ դիմակայել արտաքին ագրեսիան։

- Ինչո՞ւ Բեւեռն այսօր բողոքի ակցիաներ չի իրականացնում: Անգամ դիմում եք հրապարակը զբաղեցնելու հայտերով, բայց ակցիաներ չեք անում։

- Բեւեռն ապրիլի 9-ին տեղի ունեցած իր վերջին հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ սպասում է այն հարմար պահին, երբ Կրեմլի ռեժիմը եւ նրա այստեղի գաղութային ռեժիմի ներկայացուցիչներն այնքան թուլացած պետք է լինեն, որը հնարավորություն կտա Հայաստանի ապագաղութացմանը: Հետեւաբար, մեր հաջորդ ակցիաներն ու քաղաքացիական անհնազանդության գործողությունները լինելու են ոչ թե հերթական, այլ վերջնական ու հաղթական:

- Ե՞րբ է այդ վերջնական եւ հաղթական ակցիան լինելու:

- Ցույց կտա կյանքը….

- Ձեր գործընկերներից շատերը կալանավայրում են: ԱԺԲ-ն հայտարարեց, որ սա էլ Կրեմլի հերթական պատվերն է…..

- «Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամներ Սերժ Սարգսյանի օրոք, կեղծ մեղադրանքների հիման վրա, քրեական հետապնդումների ենթարկվեցին, որը շարունակեց Նիկոլ Փաշինյանի ռեժիմը: Նրանք այժմ բանտում են: «Սասնա ծռերի» գործողությունը, այո, ապստամբություն էր, իսկ ապստամբությունը, այդ թվում` զինված ապստամբությունը, ամրագրված է որպես ժողովրդի անքակտելի իրավունք ՄԱԿ-ի խարտիայում եւ շատ երկրների (ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա) սահմանադրություններում: Եթե որեւէ իշխանություն թույլ չի տալիս ժողովրդին ասել իր խոսքը ժողովրդավարական մեթոդներով, ապա ժողովուրդն ապստամբելու իրավունք ունի: 2016 թվականին տեղի ունեցածը հենց այդպիսի մի ապստամբություն էր: Հենց «Սասնա ծռերի» ապստամբությունն է, որ թույլ տվեց Արցախի հանձնումը չորս տարով հետաձգել: Այն, ինչ եղավ 2020 թվականի աշնանը, պետք է լիներ 2016 թվականին:

- Արցախը բավականին ծանր կացության մեջ է: Ո՞րն է Արցախի հարցի լուծման Ձեր բանաձեւը:

- Մեր դիրքորոշումն Արցախի հարցի վերաբերյալ անփոփոխ է: Այն է` «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Այս մասին խոսել են ոչ միայն Լեոնիդ Ազգալդյանի նման նվիրյալները, այլեւ սա մի որոշում է, որը կայացրել է Ազգերի լիգան, 1920 թվականի փետրվարի 24-ին: Ազգերի լիգան, 1920 թվականին ստեղծելով հատուկ հանձնաժողով, որի համաձայն` Նախիջեւանը եւ Լեռնային ու Դաշտային Արցախը ճանաչվել են Հայաստանի անբաժանելի մաս, 1921 թվականին օկուպացվեցին։ Սրան հաջորդել է անօրինական որոշման կայացում, որի համաձայն` Արցախն ու Նախիջեւանն Ադրբեջանի կազմում են հայտնվել: Արցախի հարցը մեզ համար Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարց է, հետեւաբար, ոչ մի դեպքում չի կարող մեզ համար փոփոխվել: Արցախի հարցի լուծումը տարվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման տրամաբանությամբ, սա եւս Կրեմլի կողմից մեր վզին փաթաթված կոնցեպտի հետեւանքն է: Արցախի հարցը հենց այսկերպ մտցվել է փակուղի եւ օտարվել մեզնից: Այսօր մենք քաղում ենք այդ կործանարար պտղի հետեւանքները: Աշխարհն այսօր խոսում է այն մասին, թե իբրեւ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, այն դեպքում, երբ եթե մենք իմ նշած ճանապարհով շարժվեինք, ամեն ինչ այլ կերպ կլիներ, եւ հենց Ադրբեջանը կլիներ օկուպանտ: Միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախը Հայաստանի անբաժան մասնիկն է:

- Վերջին անգամ ե՞րբ եք գնացել Արցախ:

- Պատերազմից առաջ:

- Ինչո՞ւ:

- Վստահ եմ, որ Բեւեռի ցանկացած անդամի, առավել եւս՝ խորհրդի անդամի մուտքն Արցախ արգելված է․ մեր «սիրելի» ռուս խաղաղապահները կարգելեն մեզ…