Եթե ծառ չկա, թող «զոնտիկներով» ման գան

Եթե ծառ չկա, թող «զոնտիկներով» ման գան

Ապրիլի 3-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստացավ դադարեցնել ծառահատումները Երևանում, փորձագետների հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի թեղիների կտրելու հարցը և եզրակացություն կտա։ Զանգվածային ծառահատումների դեմ բողոքի ակցիայի մասնակիցների առաջ նա նաև հայտարարել է, որ չկան գիտնականներ, որոնք կհիմնավորեն, որ թեղիները օր առաջ չպետք է հեռացվեն Երևանի փողոցներից։ Երեկ բազմաթիվ գիտնականներ պատասխանեցին Ավինյանին։

«Մեկ Առողջություն» կոալիցիան, որի հիմնադիրներն են Սիլվա Ադամյանը, Գրիգոր Գրիգորյանը հանդես եկան հայտարարությամբ՝ որ խստորեն դատապարտում են Երևան քաղաքում ծառերի անհիմն ոչնչացումը, համարելով այն էկոցիդ, և խոր ափսոսանք են հայտնում, որ գտնվել են ոլորտային մասնագետներ, ովքեր սատարում են նման վայրագությանը։ Իսկ Գիտությունների Ազգային Ակադեմիայում երեկ տեղի են ունեցել լսումներ բոլոր պետական ինստիտուտների ներգրավմամբ, որոնց ընթացքում գիտնականները քննադատել են զանգվածային ծառահատումները Երեւանում, ասելով, որ դրանք չունեն ոչ մի գիտական հիմք և որ պետական ոչ մի ինստիտուտ չի ներգրավվել քաղաքապետարանի որոշումներում։

Ուշագրավ հայտարարություն է արել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը։ Նա խորհուրդ է տվել երևանցիներին արեւից պաշտպանվելու համար մի քանի տարի «զոնտիկներով յոլա գնալ»՝ եթե ծառ չկա։ Գիտնականները պահանջել են Արմեն Բեգոյանից տրամադրել ծառերի փոխարինման գիտական հիմքերը, որը քաղաքապետարանը չունի։