«ՈւԱԶ»-ը

«ՈւԱԶ»-ը

2020թ. հուլիսյան դեպքերը, որոնց արդյունքում ՀՀ ԶՈւ-ն վերահսկողություն ստացավ ադրբեջանական որոշ խողովակաշարերի նկատմամբ, ազդակ հանդիսացան, որպեսզի տեւական քնով անցած ՄԽ համանախագահները հանդես գան համատեղ «զայրացկոտ» հայտարարությամբ: Նրանք ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարներին հրավիրեցին արցախյան խնդրի կարգավորման շուրջ «առարկայական» բանակցությունների:

ՀՀ սահմանների մոտ «շփոթված ՈւԱԶ-ը», բնականաբար, չէր կարող այդպիսի աղմուկ բարձրացնել, եթե ՀՀ ԶՈւ գործողությունները չհանգեցնեին «մտահոգիչ» հետեւանքների ողջ Արեւմուտքի համար: Այնպես որ, ամեն ինչ սկսվեց «ՈւԱԶ»-ից, բայց թե ինչով կավարտվի, դեռ պարզ չէ: Չմոռանանք նշել նաեւ, որ մինչեւ «ՈւԱԶ»-ի գալը Ռուսաստանից Սեւ ծովի տակով դեպի Թուրքիա գնացող խողովակաշարն էր «խցանվել» անհասկանալի պատժամիջոցներով, եւ Ռուսաստանը, որ միլիարդներ էր ծախսել այդ ծրագրի վրա, փորձում էր հասկանալ, թե ինչու Թուրքիան ոչինչ չի անում իր խողովակաշարն ամերիկյան պատժամիջոցներից զերծ պահելու համար: Եվ այս խառը օրերին ադրբեջանական «ՈւԱԶ»-ը շփոթված մոտենում է Հայաստանի սահմանին եւ հենց այն տեղում, որն ամենահարմարն է «Բրիթիշ փեթրոլիումի» եղած-չեղածը հայկական ուժերի կողմից նշանառության տակ վերցնելու համար…

Ի դեպ՝ ոչ մեկի մեջ հարց չի՞ առաջանում, թե ինչու Տավուշի սահմանների մոտ ՀՀ զինված ուժերից ապտակ ստացած Ալիեւը որոշեց հարձակվել Արցախի վրա: Բարդ հարց է, գիտեմ, բայց այդ հարցին պատասխանելու համար դեռ պետք է պատասխանել մեկ այլ, ավելի բարդ հարցի՝ արդյո՞ք Ալիեւը որոշեց հարձակվել Արցախի վրա, թե՞ մեկ ուրիշը, որպեսզի Հայաստանը հեռու մնա պատերազմական գործողություններից, եւ դրանք ծավալվեն հնարավորինս հեռու իր նավթամուղներից: Ահա ձեզ հարցերի մի թնջուկ, որոնց պատասխանելուց հետո միայն կկարողանանք հասկանալ արցախյան 3-րդ պատերազմում գերտերությունների նոր խաղը:
Ռուսաստանը, որ մեր ձեռքով իր համար հաղթաթուղթ դարձրեց արեւմտյան խողովակաշարի անվտանգությունն ու փորձում է հասնել «Թուրքական հոսքի» ապաշրջափակմանը, բավականին հետաքրքիր դիրքորոշում է հայտնել: Հայերն ու ադրբեջանցիները նրա համար հավասարապես թանկ են, պետք է դադարեցնել պատերազմը, ազատագրված տարածքները տալ Ադրբեջանին, բացել կոմունիկացիաները եւ այլն, եւ այլն: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Ալիեւի երազանքի իրագործումը, բայց, արի ու տես, Ռուսաստանի ազդու միջամտությամբ Ալիեւի երջանկացումը ձեռք չի տալիս մյուսներին, իսկ ավելի կոնկրետ՝ ադրբեջանական խողովակաշարերի սեփականատերերին: Պուտինի հետ մտերմացող Ալիեւ նրանց պետք չէ, որովհետեւ այդ մտերմությունը նշանակում է մեկ բան՝ Ռուսաստանի ազդեցության ուժեղացում այս տարածաշրջանում եւ նոր մարտահրավերներ արեւելքից արեւմուտք ձգվող նավթագազատարների համար:

Իսկ ո՞վ կարող էր այս հարցում օգնության հասնել Արեւմուտքին, եթե ոչ Թուրքիան՝ իր պանթուրանական ծրագրով, ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակով, հզոր բանակով, տեխնիկայով, մասնագետներով եւ վարձկան-ահաբեկիչների խմբավորումներով: Բա ինչ պատճառ գտնե՞ն… Եվ, որպեսզի Ալիեւին կտրեն Պուտինից ու պինդ կապեն Էրդողանին, որոշեցին ռազմական ճանապարհով լուծել Արցախի հարցը: Եվ Ալիեւը, կարելի է ասել՝ հայտնվեց Պուտինի եւ Էրդողանի արանքում: Ալիեւի համար հրաշալի առիթ էր ստեղծվել Լեռնային Ղարաբաղը հետ բերելու եւ երկրի ներսում իր դիրքերն ամրապնդելու համար: Բայց ո՞ր տարբերակն ընտրել՝ Պուտինի առաջարկած ճանապա՞րհը, թե՞ Էրդողանի առավել ռեալ պլանը՝ զենքով վերանվաճել 30 տարի առաջ կորցրածը:
Հեյդար Ալիեւից հետո Ադրբեջանի ոչ մի նախագահ սեփական խելք չի ունեցել: Դա պատմությամբ է փաստվել: Իլհամ Ալիեւն էլ բացառություն չէ: Նա մոռացավ «ՈւԱԶ»-ի պատմությունն ու Էրդողանին գրկած՝ պատերազմի դուրս եկավ Արցախի դեմ: Փաստորեն՝ Թուրքիան էր պատերազմի հրձիգը, որ փորձում է միանգամից մի քանի նապաստակ խփել՝ «ազատագրել գրավյալ տարածքները», Ադրբեջանում իշխանության բերել իր զինվորական պետերին, թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը եւ առաջ մղել թյուրքալեզու ժողովուրդներին թուրանական մեծ պետության մեջ հավաքելու իր ծրագիրը:

Ռուսաստանը դեռ փորձում է փրկել Ալիեւին, որ կարող է դառնալ իր հենարանն Ադրբեջանում: Այսօր էլ Պուտինն ու Լավրովը նրան 5, ապա 2 շրջան են խոստանում, կոմունիկացիաների ապաշրջափակում եւ այլն, բայց պատերազմը, չնայած հրադադարի մի քանի համաձայնություններին, շարունակվում է: Պարզից էլ պարզ է, որ Ալիեւին կանգ առնել թույլ չի տալիս Թուրքիան, որ Արեւմուտքի առջեւ նաեւ պարտավորություն է ստանձնել՝ դառնալ խողովակաշարերի անվտանգության երաշխավոր Ադրբեջանում: Նկատենք, որ Ադրբեջանի արտգործնախարարի փոփոխությունը, իսկ հետո նաեւ պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի պետի հեռացումը բանակի ղեկավարությունից, կատարվել են նույն ձեւակերպմամբ՝ «Ռուսաստանի հետ ունեցած սերտ կապեր»: Հաջորդն Ալիեւն է, որին առայժմ պահում են որպես բուֆեր, եթե Ռուսաստանն անցնի վճռական գործողությունների: Իսկ Ռուսաստանը, կարծես, պատրաստվում է նման գործողությունների, ինչի մասին են խոսում Նարիշկինի, Լավրովի եւ Զախարովայի վերջին հայտարարությունները՝ Ադրբեջանում ահաբեկիչների եւ թուրքական հետախուզության առկայության մասին: Կարելի է ասել՝ «ՈւԱԶ» օպերացիան Ռուսաստանի համար դեռ ավարտված չէ, եւ այդ գերտերությունը չի պատրաստվում իր սահմանների մոտ հանդուրժել մի ահաբեկչական պետություն եւս, որի անվանումն է Ադրբեջան:

Մեր հաշվարկներով՝ Ռուսաստանը 1-2 օր ժամանակ ունի՝ կանգնեցնելու պատերազմն ու թուրք-ադրբեջանական հորդաները սեպտեմբերի 26-ի ելման դիրքեր վերադարձնելու համար: Թե ինչպես դա կանի Մոսկվան, չենք կարող ասել, բայց որ դա է Ադրբեջանն իր ազդեցության գոտում պահելու եւ Թուրքիայի ախորժակը զսպելու ճանապարհը, կարող ենք պնդել միանշանակ:

ՀԳ. ԵԱՀԿ Մինսկի խումբը Ռուսաստանի համար խանգարիչ հանգամանք է այս պահին, երբ Շուշիի տակ թնդանոթներն են կրակում: Մոսկվայում սա արդեն հասկանում են: