Շվեդիան եւ Նորվեգիան` ԼՂ խաղաղապահ գործողությունում ներգրավվելու մասին

Շվեդիան եւ Նորվեգիան` ԼՂ խաղաղապահ գործողությունում ներգրավվելու մասին

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը հոկտեմբերի 30-ին Լոս Անջելեսում հայ համայնքի հետ հանդիպմանը, խոսելով Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելուն ուղղված քայլերի մասին, հայտնել էր. «Մենք կարծում ենք, որ առաջընթաց ենք գրանցել դիտորդների առումով, որոնց հնարավոր կլիներ ներգրավել, եւ դա բարդ իրավիճակ է: Երկու կողմերը տարբեր դաշնակիցներ ունեն, հետեւաբար, մենք պետք է այստեղ բերենք մեր չեզոք խաղաղապահներին: 

Մենք կարծում ենք, որ Սկանդինավիայից եկող խաղաղապահները` Դանիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Նորվեգիայից, երկու կողմերին էլ կբավարարեն: Նրանք շատ արդյունավետ զինվորականներ են, կարողունակ են, շատ վարժ են: Եվ մենք հենց այս պահին աշխատում ենք այդ կառավարությունների հետ, որպեսզի տեսնենք՝ կարողանո՞ւմ ենք արդյոք ձեւավորել ուժ, որը մուտք գործի որպես դիտորդական ուժ, սպառազինված դիտորդական ուժ եւ հավելյալ կարողականություն տա հրադադարին»:

Սա նշանակում է, որ որքան էլ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը գուցե ախտահարված բանականության արդյունքում ըստ էության Փաշինյանին չհակասելու համար հայտարարի, թե՝ պատերազմի ժամանակ այդ ե՞րբ է դիվանագիտությունը խնդիր լուծում, առանց ընկալելու, որ հենց պատերազմների ժամանակ է դիվանագիտությունը գործում, որպեսզի երկրի համար դաշնակիցներ ձեռք բերվեն, օժանդակություն ստացվի, հակառակորդի համար բարդություններ ստեղծվեն, նրա ծրագրերը վիժեցվեն (նույնիսկ կիսագրագետ Ստալինը ՀՀ ԱԳ-ում արդեն քանի տասնամյակ անիմաստ արձանացած երբեմնի գիտաշխատող Շավարշ Քոչարյանից ավելի խելացի էր եւ Երկրորդ համաշխարհայինի ընթացքում Ռիբենտրոպ-Մոլոտով համաձայնագիրը լուծարված համարելով՝ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ դաշինք ձեւավորեց, որի արդյունքում էլ Նորմանդիայի երկրորդ ճակատը բացվեց, եւ Հիտլերի պարտությունն ուղեգծվեց), ՀՀ ԱԳ փոխնախարարի այս հուսահատեցնող անհասկացողության խորքին հուսադրող է գոնե այն, որ եթե ոչ Հայաստանը, ապա մյուս երկրները ուղիներ փնտրում են Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունները դադարեցնելու եւ զարգացումները խաղաղ հուն տեղափոխելու համար:
Մինչ այժմ այդ ուղղությամբ եղած ամենաորոշակի եւ խոստումնալից հեռանկարը Օ’Բրայենի լոսանջելեսյան ելույթում էր ուրվագծվել, հետեւաբար՝ հասկանալու համար, թե սկանդինավյան երկրներից խաղաղապահ դիտորդական ուժ ձեւավորելու եւ, հավանաբար, ԼՂ-ում հրադադարի պահպանմանն ուղղված վերիֆիկացիոն միջոցառումների շրջանակում տարածաշրջան բերելու աշխատանքներն ուր են հասել, հինգշաբթի օրը դիմեցի Հայաստանում Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի եւ Ֆինլանդիայի դեսպաններին՝ խնդրելով պատասխանել ընդամենը մեկ հարցի. «Արդյոք իրենց երկրներն ԱՄՆ-ից ստացե՞լ են առաջարկ՝ ԼՂ-ում տեղակայվելիք խաղաղապահ-դիտորդական ուժերի կազմում ներգրավվելու վերաբերյալ: Ինչպիսի՞ն կլինի իրենց հավանական պատասխանը եւ, կախված այդ պատասխանից, քայլերի ռազմավարությունը»: 

Ուրբաթ օրը Նորվեգիայի ԱԳՆ-ից ու Հայաստանում Շվեդիայի դեսպանից պատասխանները ստացանք: Նորվեգիայից ԱԳՆ պետքարտուղարի (համարժեք է փոխնախարարի պաշտոնին)` Աուդուն Հալվորսենի անունից էր ուղարկվել պատասխան: Այն թարգմանաբար ներկայացնում ենք. «Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում եւ դրա շուրջ շարունակվող ռազմական գործողություններով: Խաղաղության գործընթացն առաջ մղելու համար ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայումը գտնվում է Մինսկի խմբին վերապահված մանդատի շրջանակում: Այս հարցի շուրջ Մինսկի խմբի համանախագահները Նորվեգիայի հետ շփման մեջ չեն եղել: Մարդասիրական հրադադարը պետք է պահպանվի, եւ մենք խրախուսում ենք հակամարտության կողմերին, ինչպես եւ տարածաշրջանում բոլոր դերակատարներին, որպեսզի ձեռնպահ մնան որեւէ գործողություններից, որոնք կարող են նպաստել էսկալացիայի նոր աճի: Մենք կողմերին կոչ ենք անում՝ վերսկսել բանակցային գործընթացը եւ առանց նախապայմանների անցնել առարկայական բանակցությունների` Մինսկի խմբի հովանու ներքո»: 

Շվեդիան սկանդինավյան երկրներից միակն է, որ Հայաստանում ունի դեսպանատուն, դեսպանի նստավայրը Երեւանում է, եւ, բնականաբար, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվինսոնն էլ պատասխանել էր մեր հարցին: Պատասխանը ներքոշարադրյալն էր, ամփոփված չորս կետերում, որոնցից առաջինը հիմք է տալիս կարծելու, որ պաշտոնական խնդրանք Շվեդիային դեռ չի եղել, բայց քննարկումներ կան: 

«1. Այս պահի դրությամբ Շվեդիան չի ստացել խաղաղապահ գործողությունում ընդգրկվելու որեւէ պաշտոնական խնդրանքներ, եւ նման գործողություն իրականացնելու որոշում կայացված չէ:  Մենք սերտ շփումների մեջ ենք Մինսկի խմբի համանախագահների հետ եւ այլ շահագրգիռ կողմերի հետ քայլերի առնչությամբ, որոնք պետք է ձեռնարկել բախումներն ավարտելու եւ խաղաղ կարգավորման հասնելու համար: 

2. Շվեդիան սատարում է հակամարտող կողմերին ուղղված Մինսկի խմբի համանախագահների կոչին` լիովին կատարելու իրենց պարտավորությունները, ներառյալ մարդասիրական հրադադարի անհապաղ հաստատման մասով, որ կողմերը ստանձնել են հոկտեմբերի 10-ին Մոսկվայի համատեղ հայտարարությամբ, վերահաստատել են հոկտեմբերի 17-ին Փարիզում, ապա հոկտեմբերի 25-ին՝ Վաշինգտոնում, ինչպես նաեւ հետագա պայմանավորվածությունները, որոնց հասել են հոկտեմբերի 30-ին՝ Ժնեւում: 

3. Իբրեւ Մինսկի խմբի մշտական անդամ եւ 2021-ին ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող երկիր՝ Շվեդիան սատարում է Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի` հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու ջանքերին: Այս առումով հավելեմ, որ ԱԳ նախարար Անն Լինդեն վերջին անգամ Մինսկի խմբի համանախագահների եւ անձնական ներկայացուցչի հետ խոսել է ընդամենը օրեր առաջ, նոյեմբերի 4-ին` գործադրվող ջանքերին աջակցություն հայտնելու համար: 

4. Շվեդիան խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը վատթարացող հումանիտար իրավիճակի համար: Միջազգային մարդասիրական իրավունքը պետք է հարգվի: Մարդկանց տառապանքները մեղմելուն սատարելու համար Շվեդիան շուրջ 1,9 միլիոն եվրո է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքներին»: