Արարատից հետո կարող է ասել` Արագածն էլ, որպես սար, առանձնապես մի հմայք չունի

Արարատից հետո կարող է ասել` Արագածն էլ, որպես սար, առանձնապես մի հմայք չունի

«Մեզ մոտ քաղաքական եւ դիվանագիտական միջնադար է, աշխարհն ամեն օր մեծ արագությամբ առաջ է գնում, բայց մենք ոչ միայն դոփում ենք տեղում, այլ նաեւ հետ ենք վազում, իսկ դրա պատճառներից մեկն այն է, որ երկրի ղեկը զավթել են մարդիկ, որոնք մեր պետության, ազգային արժեքների, մշակույթի ու գիտության հետ բացարձակ կապ չունեն»,- անդրադառնալով ՀՀ խորհրդանիշները` օրհներգը, զինանշանը, Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը փոխելու իշխանությունների ծրագրին, ասում է ազատամարտիկ, ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը:

«Ես քաղաքագետ չեմ, բայց երկար եմ ապրել իմ հայրենիքում ու հայերի մեջ եւ ուղղակի ապշած եմ, որ հայ մարդը կարող է այդքան ապազգային լինել: Բայց որովհետեւ աշխարհում այսպիսի մի բառ կա` դավաճանություն, ապա դա գալիս է լրացնելու իմ բոլոր կասկածներն ու եզրահանգումները: Հանկարծ հիմա սկսեցին շրջանառության մեջ դնել, որ «Մասիս»-ը վտանգավոր տերմին է, իսկ իրականում մեզնից ուզում են խլել մեր պատմական հիշողությունը, որի մեջ կա ողբ, բայց կա նաեւ անմար վրեժ: Եթե ծառը կտրում ես իր արմատներից, չորանում է, նույնը՝ նաեւ մարդու դեպքում: Մեր հիշողությունից ինչ-որ ձեւերով փորձում են դուրս բերել մեր արժեքները, անցյալը, պատմությունը, հաղթանակները, եւ մարդը սկսում է կասկածել` արդյո՞ք պետք է Հայաստանից, բանակից, մեր արժեքներից խոսել: Դա արվում է աստիճանաբար, խորամանկորեն, եւ գտնում են այնպիսի մարդկանց, ովքեր հավելավճարների դիմաց կամ տեսակի բերումով` կամակատար են ու կատարում են այդ աշխատանքները: Իմ կարծիքով՝ այդ տղան, որ 2018-ին Գյումրիից քայլելով եկավ իշխանության, արմատապես վերջացած է այդ հարցերում, նրան բացատրել են իր տեղը նոր աշխարհակարգում, նա էլ տվել է իր համաձայնությունը: Իսկ այդ նոր աշխարհակարգում չկան ազգեր, ազգություններ, այլ կա միակենտրոն իշխանություն, հավաքական Արեւմուտք, ընդհանուր մուլտիկուլտուրա, որտեղ մարդը հլու է, սահմանափակ հնարավորություններով, անմշակույթ եւ հեշտ հնազանդվող»,- ասում է Ս. Թադեւոսյանն ու անդրադառնում վարչապետի ու նրա կնոջ՝ տարբեր ժամանակներում արած հայտարարություններին. 

«Երկրի ղեկավարի կինն ասում է, որ տղերքը զոհվել են հանուն ոչնչի: Պարզ է, որ այդպիսի անպատասխանատու խոսք կարող է ասել մեկը, ով չգիտի «արժեք» բառի արժեքը, եւ իր համար 5-6 հազար զոհն արժեք չունի, ինչպեսեւ՝ նրա ամուսնու համար, որը մեր զոհերի մասին խոսում է պլյուս-մինուս 50-ով, կամ էլ զոհվածների մայրերին բերում են «վերբովկա անելու»` մի քիչ «բուտերբրոդներով»: Եվ այդ ամենն արվում է լկտի ու անսքող արտահայտչամիջոցներով, այսինքն՝ հիմնահատակ ուզում են խարխլել մեր տեսակը: Սա արդեն տեսակի, դավանանքի պատերազմ է` անբարոյական, ծածուկ, լեգալ պատերազմ, որ աշխարհը հրահրել է խորամանկ ձեւերի մեջ` միակենտրոն դարձնելու եւ իր բռի մեջ պահելու երկրագնդի բախտը, իսկ ազգային տեսակներն իրենց համար ավելորդ են, ինչի հարցում, ենթադրում եմ, երկրիս տերերը տվել են իրենց համաձայնությունը»: 

Ինչ վերաբերում է խորհրդանիշներին, մասնավորապես` Արարատին, ապա. «Կարող է մեկ ամիս անց հանկարծ ասի` տո դե լավ, Արագածն էլ առանձնապես մի հմայք չունի, ոնց որ ասեց` էդ սարի գլխին տարվա մեծ մասը ձյուն է... Հիմա ես Արագած բարձրացած տղերքից եմ ու կարող եմ ասել, որ պատահական մարդու համար այնտեղ էլ հաճելի չէ գնալը, եթե արմատական արժեքների  հանդեպ թուլություն չունես: Մենք դժվարությամբ, բայց բարձրացանք ու հանճարեղ էինք մեզ զգում, ձյուն էլ կար, քամի էլ, բայց մենք հողը համբուրելով բարձրանում էինք: Հիմա այդ մարդու համար այսպիսի բաները բացարձակ նշանակություն չունեն, որովհետեւ ինքը պարտաճանաչ կատարում է իր տերերի հրահանգը, այլապես չեն ների իրեն: Իսկ չներելու բազմազան ձեւեր կան, մի տղա կա, որ հիմա Թբիլիսիի բանտերում աստիճանաբար փտում է, որովհետեւ նրան չներեցին, բայց օգտագործեցին ինչքան պետք էր ու վերջում հրաժարվեցին: Ուղղակի մարդն ինչքան դիլետանտ պետք է լինի, որպեսզի չհասկանա` թե՛ ինքը, թե՛ իր իշխանությունը հավերժական չէ, եւ լինելու է հաշվեհարդար: Գուցե «հաշվեհարդար» բառը վհուկներ որսացողների համար ուրիշ կերպ հնչի, քանի որ մարդ են ման գալիս, որ մեղադրանք առաջադրեն, բայց այդ հաշվեհարդարն արդար հատուցման մասին է: Այսինքն՝ պետք է լինի ազգային դատարան, բոլորին քարշ տան դատարան, հարցաքննեն ու դատապարտեն: Գալու է նաեւ այդ ժամանակը»:

Այդուհանդերձ, ըստ ռեժիսորի, ցանկացած իրավիճակից կա ելք. «Մենք կարող ենք փրկել այն օրհասը, որ պատել է մեզ, ՀՀ սահմանադրության մեջ կա կետ, ըստ որի՝ մարդն իրավունք ունի ինքն իրեն պաշտպանելու ընդհուպ պետությունից..., հիմա պաշտպանելու մի քանի ձեւ կա. այս քաղաքական կուսակցություններում հիվանդ մարդիկ են` ինքնամեծարման բարդույթների մեջ խորապես թաղված, եւ բոլորը կարծում են, թե իրենք են հայ ժողովրդի փրկիչը, ավելին` իմ կարծիքով, ոմանք պարզապես ուզում են իրենք իշխեն: Մի խոսք կա. ասում է` ստրուկներն ուզում են ոչ թե ստրկությունից ազատվեն, այլ դառնան ստրկատերեր: Հույս դնել այդ քաղաքական ուժերի վրա, կարծում եմ` անիմաստ է, հատկապես որ 30-40 հազար մտահոգ հայ մարդ դուրս եկավ փողոց, մի 3 կմ այստեղ քայլացրին, մի 5 կմ` այնտեղ, մարդկանց սպառեցին, հիասթափեցրին ու ուղարկեցին տուն: Ես ինձ թույլ չեմ տա ասելու, որ որոշ քաղաքական ուժեր նույնիսկ համագործակցում են ներկայիս իշխանությունների հետ...., բայց Հայաստանում կա հայի մի ուժեղ տեսակ, որը ոչ մի կերպ չի կոտրվում եւ մտածում է ինչպես դուրս գալ այս ծանր իրավիճակից: Հույս ունեմ, որ այդ ուժի համախմբումը կլինի, առայժմ չի կայանում այդ ընդդիմադիր ուժերի միացումը, որը կրիտիկական քանակ կապահովի եւ կկարողանա անել նաեւ հեղափոխություն, ինչպես որ էս տղեն Գյումրիից քայլելով եկավ ու արեց հեղաշրջում: Բոլոր եղանակներն արդարացված են. ինչպես պարսիկ մի իմաստուն է ասել` ծայրահեղ ախտերը բժշկվում են ծայրահեղ միջոցներով: Հիմա, ես էլ հերթական հայն եմ, որ կյանքի կեսը մաշեց խրամատներում, Արցախում, եւ այժմ նույն ողբերգության, վհատության մեջ եմ: Մեզ մի կենտրոնաձիգ գաղափար է պետք, որպեսզի դրա շուրջ խմբվեն ազնիվ, նվիրյալ մարդիկ, եւ մենք կարողանանք հատ-հատ, քայլ առ քայլ, աստիճանաբար մոտենալ այն բաղձալի իրավիճակին, որ կարողանանք գոնե իշխանափոխություն անել»:

Անդրադառնալով մեր զինանշանին՝ Ս. Թադեւոսյանը հիշում է, որ ժամանակին` Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, մեր զինանշանի վրայից հանվեց հարձակվող արծվի լեզուն. «Այսինքն՝ ագրեսիան, հիմա մենք ունենք մի արծիվ, որը պասիվ հավի տեսք ունի, նույնն առյուծի դեպքում արեցին: Ու եթե հիմա պնդում են, որ Մասիսը մերը չէ, ուրեմն Լուսինն էլ թուրքերինը չէ, բա ինչո՞ւ է հայտնվել իրենց զինանշանի վրա: Ավելին` հիմա էլ «Հայոց պատմություն» առարկան ուզում են վերանվանել «Հայաստանի պատմություն», որ ասեն` Հայոց պատմությունը մեզ հետ կապ չունի, կդնեն 1918-20 թթ․ երկու տարվա պատմությունը, արանքում մոռացության կտան Կիլիկիան, Տիգրան Մեծին, կդնեն բոլշեւիկյան այդ տխուր շրջանը եւ իրենց այս ողորմելի իշխանության շրջանը։ Այսինքն՝ սա ամբողջովին մեր պատմության արմատը կտրելու միջոցներից մեկն է»: 

Պատահական չէ նաեւ ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը. «Սահմանադրության մեջ էլ կետ ունենք, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավոր է Արցախի Հանրապետությանը, եւ ոչ ոք իրավունք չունի այդ կետը շրջանցելու: Բայց հիմա այդ կետն էլ կհանեն, այսինքն՝ Սահմանադրության մեջ ոչ թե փոփոխություն կմտցնեն, այլ ամբողջությամբ կփոխեն: Իսկ Սահմանադրությունում էլի բազում կետեր կան, որոնք հրապարակված չեն, բայց որոնք վտանգված են եւ ենթակա են վերաձեւակերպման հակահայ բնույթի տերմինոլոգիայով: Սա է մեր վիճակը. փողոցից իշխանության եկած մի տղա` ապազգային հակումներով, կատարում է իր տերերի մեծապետական հրամանները: Սա ոչ թե տխուր, այլ ողբերգական իրավիճակ է, որից դուրս գալու համար զանազան եղանակներ կան: Պետք է հիշել նաեւ, որ աշխարհն իր շահերի կողմնակիցն է, ու այսօրվա աշխարհում հանդուրժված է գազանը` մի պետություն ու տեսակ, որ չի եղել, բացեք մի էջ, որտեղ թուրքն ունի կենսագրություն` ես ներողություն կխնդրեմ, դա գազանի արհեստածին մի տեսակ է, որը պետություններն օգտագործում են որպես սպանող գործիք: Ու այդ ամենի մեջտեղում, այս գազանների մեջ` Հայաստան, այն էլ այսպես` բեկբեկված, միայն 102 գրանցված կուսակցություն ունենք: Այսինքն՝ մեզ բաժանելու արվեստին տիրապետող մարդիկ գործադրել են այդ աշխատանքը, որը դեռ հաջողությամբ իրականացնում են: Այս ամենի միջից դուրս գալու համար պետք է թռիչքային մի բան անել` սխրանք գործել»: