Ռուս բլոգերը հայ տղաների օգտին է ցուցմունք տվե՞լ

Ռուս բլոգերը հայ տղաների օգտին է ցուցմունք տվե՞լ

Տղաներին երկուսին էլ տեսա ՁՎՊ-ում, իրենց լավ են զգում։ «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց ռուս բլոգեր Յուլիա Ֆինեսի գործով ձերբակալված երկու երիտասարդներին այսօր տեսակցած հասարակական գործիչ, քաղաքագետ Արթուր Գրիգորյանը։

«Ամեն ինչ նորմալ է, հույս ունենք, որ վաղը կամ մյուս օրը ինչ-որ փոփոխություն կլինի հօգուտ տղաների։ Այսօր առերեսման ժամանակ այնպիսի բաներ է պատմել, որը տղաների օգտին է լինելու։ Շատ չեմ ուզում հրապարակայնացնել, որ չխանգարի քննության ընթացքին»,-ասաց Գրիգորյանը։

Հասարակական գործիչը համոզված է, որ տղաները հակաօրինական գործողություններ չեն արել, ավելին, Յուլիա Ֆինեսի հարցաքննությունների ընթացքում ռուս բլոգերն ասել է, որ ինքն է գնացել, դուռը բացել։

«Առկա են նաև հարցաքննությունների տեսագրություններ՝ Յուլիա Ֆինեսի հարցաքննություններից։ Տղաները շատ բարեկիրթ ձևով գնացել են, դուռը ծեծել են, Ֆինեսը տղաներին ներս է թողել, հետները խոսել են, նույնիսկ ներսում Յուլիա Ֆինեսի և ընկերուհու հետ երկու ռուս տղաներ են եղել, որոնք առանձին սենյակ են գնացել՝ առանձնացել են ու հետո եղել է այն, ինչ տեսագրություններով տարածել են համացանցում։ Այսինքն, Յուլիա Ֆինեսը բաց ձևով գնացել է այդ կոնտակտին, այսինքն տղաները ոչ ռազբոյ են արել, ոչ խուլիգանաբար մուտք են գործել, ոչ ջարդել են դռները, ոչ մի նման բան չի եղել»,- ասաց վերջինս։

Գրիգորյանը հավելում է, որ իր էջում Ֆինեսը մոտավորապես տասնմեկ տեսնայութ ունի, որ իրեն զանգել են, որ այդ երիտասարդները պիտի գան, ու ճիշտ է, դեմքեր չեն երևում, ոտքեր են երևում, բայց հստակ հասկանալի է, որ նրանց հենց Ֆինեսն է ներս թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակի» հետ զրույցում Արթուր Գրիգորյանը տեղեկացրել էր, որ Ֆինեսի գործով ձերբակալվել են երկու երիտասարդ՝ Գևորգ Անդրանիկի Մելքոնյանը և Գուրգեն Մկրտիչի Մխիթարյանը։