Գլխավոր դատախազը՝ Քոչարյանի, Վանեցյանի ու Վիգեն Խաչատրյանի հարցի մասին

Գլխավոր դատախազը՝ Քոչարյանի, Վանեցյանի ու Վիգեն Խաչատրյանի հարցի մասին

Այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը։ 16 հարց է ընդգրկված օրակարգում։

«Քիչ առաջ այստեղ ասվեց, որ Հայաստանում կոռուպցիան համակարգված բնույթ է կրել։ Ես հիմա հասկանալու համար ուզում եմ հարց տալ ու պարզել՝ լավ, վերջը հույս կա՞, որ ի վերջո այդ համակարգողները կբացահայտվեն ու պատասխանատվության կենթարկվեն։ Իրականում եթե կոռուպցիան կրել է համակարգված բնույթ, հավանաբար եղել են նաև համակարգողներ։ Մի հարց էլ ունեմ, որը պիտի տամ։ Արթուր Վանեցյանը, երբ որ ԱԱԾ տնօրեն էր աշխատում, ասուլիսում լրագրողների ներկայությամբ մի լավաշ բացեց ու ասեց, որ սա Ռոբերտ Քոչարյանի անօրինական գույքն է, մինչև անգամ խոստովանեց, որ եթե Քոչարյանը իշխանություն ստանա, իրեն կգնդակահարի։ Հիմա ու՞ր է Արթուր Վանեցյանի ասածի շարունակությունը, մարդիկ փաստորեն դա տեսել են»,- ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը ուղղակի արգելք է պարունակում ու թույլ չի տալիս բացահայտել, թե վարչությունը որ անձի վերաբերյալ է ուսումնասիրություն իրականացնում։ Սա առաջին հերթին հենց վարչության աշխատանքի արդյունավետությունը ապահովելու համար է արվում, որովհետև եթե մենք հայտարարենք, որ այս կամ այն անձի գույքի ուսումնասիրություն է ընթանում, մեծ հավանականություն կա, որ այդ գույքը կարող է պարզապես անհետանալ։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ հենց մարդիկ կարող են անհետանալ, լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Ձեր կողմից նշված անձի վարքագիծը առնվազն ոչ պրոֆեսիոնալ է»,- արձագանքեց գլխավոր դատախազը։