Կարանտինի ժամանակահատվածում մահերը 16 տոկոսով Երևանում կրճատվել են

Կարանտինի ժամանակահատվածում մահերը 16 տոկոսով Երևանում կրճատվել են

2020 թվականի մարտի 15-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում գրանցված մահերը կազմել են 585։ 2019-ին, նույն ժամանակահատվածի կտրվածքով, մահերը Երևան քաղաքում կազմել են 679 գրանցված դեպք։ Այսինքն՝ մահերը մոտ 16 տոկոսով պակասել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ըստ որում, այս մահերի մեջ եղել են այլ համայնքներից հանգուցյալներ։ 2018-ի տվյալը՝ նույն ժամանակահատվածի համար՝ 742 գրանցված դեպք։

Տվյալները «Հրապարակին» հայտնեց «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը։ Հարցին, թե ինչով է պայմանավորում Երևան քաղաքում կարանտինի ժամանակահատվածում մահերի նվազեցումը, Արման Իսկանդարյանն ասաց․ «Չեմ կարող ասել, իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ երևի ավտովթարներն են քչացել, դժբախտ պատահարները՝ վերջին դեպքերը չհաշված։ Ասենք՝ մարդիկ ավելի հանգիստ են տանը նստած»։

Հայաստանն ունի հողերի պակասի խնդիր։ Որքա՞ն են կազմում գերեզմանատների տարածքները Երևան վարչական շրջանում։ Ըստ Իսկանդարյանի, թղթով՝ 33․8 հեկտար գերեզմանային նշանակության հող, բայց փաստական ծավալների մասին ՀՈԱԿ-ի տնօրենը նույնիսկ վախենում է մտածել։ «Շուտով կունենանք պատկերը, չափագրման ու քարտեզագրման աշխատանքներ են կատարվում, որպեսզի հստակ պատկերն իմանանք, թե Երևանի տարածքում քանի հեկտար են զբաղեցնում գերեզմաններ»,- ասաց ՀՈԱԿ-ի տնօրենը։

Հիշեցնենք, որ 2006 թվականից Հայաստանի Հանրապետությունն ունի դիակիզարանների մասին օրենք, սակայն առայսօր դիակիզարաններ Հայաստանում չկան։ Արման Իսկանդարյանը հույս ունի, որ շուտով վերջապես այն կգործի։

«Մենք էլ, առողջապահության նախարարությունն էլ աշխատում են, որպեսզի որքան հնարավոր է՝ շուտ կրիմատորիան կարողանանք կառուցել»։ Հիշեցնենք, որ դիակիզման ենթարկվածների աճյունով սափորները պետք է տեղադրվեն այդ դիակիզարանի շրջակայքում գտնվող դիակիզման պատի մեջ։ Հուղարկավորման այս ձևը, հիշեցնենք, կամավոր է։ Պարտադիր կարգը գործում է միլիարդների հասնող բնակչության ու տարածքների ահռելի պակաս ունեցող Չինաստանում և Ճապոնիայում։ ՀՈԱԿ-ի տնօրենին հարցրինք նաև Հայ առաքելական եկեղեցու բացասական դիրքորոշման մասին։ Արման Իսկանդարյանն ասում է․ «Շատ կներեք, եկեղեցու բացասական դիրքորոշում չկա, եկեղեցին ընդամենն ասել է, որ հայկական ավանդույթների մեջ նման բան չկա, իրենք նման ծիսակարգ չունեն։ Եկեղեցին չի ասում, որ դա դեմ է Աստծուն, եկեղեցուն»։

Թաղման բյուրոյի ղեկավարն ասաց, որ մոտ երկու ամսից կունենան գերեզմանների արխիվների թվային համակարգ։ «Մեր պատկերացումներով՝ 2-3 տարում էս ամբողջ ոլորտը կդառնա թվային։ Այսինքն՝ մարդը, որ գնա գերեզմանատուն, էկրանի վրա կտեսնի ազատ հողակտորները և կվերցնի իր համար նախընտրելի կտորները»,- ասաց Իսկանդարյանը։ Նրա խոսքով՝ ունեն մոտ 500 հազար տվյալ։

Կան նաև բազում անհայտ գերեզմաններ։ Արման Իսկանդարյանն ասաց, որ խնդրի լուծումը գտնելու համար անհրաժեշտ է հանրային քննարկում։ Ամեն դեպքում, ՀՈԱԿ-ի տնօրենն ասում է, որ ո՛չ նախատեսում են, ո՛չ էլ օրենսդրությամբ է նախատեսված նման գերեզմանների քանդում։ Ուղղակի պետք է գտնեն հարցի առավել ռացիոնալ լուծումը։