Պատերազմում՝ ինչպես պատերազմում

Պատերազմում՝ ինչպես պատերազմում

«Թուրան» գործակալությունը դիտարկել է վերջին մի քանի օրվա հայկական մամուլը եւ եզրահանգել, որ Հայաստանում այն կարծիքին են, որ Ադրբեջանը պատրաստվում էր ապրիլի վերջին անցնել մարտական ակտիվ գործողությունների, բայց կորոնավիրուսը խանգարեց: Պարզվում է, նման տեսակետ հնչեցրել է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը:

Ես չգիտեմ՝ կա՞ հաստատություն, որտեղ ռազմական փորձագետներ են պատրաստվում, եւ որեւէ մեկը վերահսկու՞մ է մամուլի հետ նրանց շփումները: Ամբողջ աշխարհում նման պրակտիկան ընդունված է՝ անվտանգության, զինված ուժերի, պատերազմի թեմաներով հրապարակումները ենթակա են, այսպես ասած՝ ներքին գրաքննության: Կամ համապատասխան հաստատություններն այնպիսի որակներ են ներարկում, որ լրագրողը կամ փորձագետն ինքն է գրաքննում ասելիքը, ապա նոր հրամցնում հանրությանը: Մեզանում իրավիճակը, մեղմ ասած, ոչ արդյունավետորեն է կառավարվում: Այնքան, որ որոշ «մտահոգվածներ» կարողանում են լինել առաջնագծում, տեսագրել, լուսանկարել եւ այդ ամենն անարգել տարածել ֆեյսբուքում: Հակառակորդի ռազմական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը, որ պատերազմի վերսկսման հավանականությունը մեծացել է, վտանգավոր չէ:  Շուշիի խայտառակ պարտության հերթական տարելիցին ընդառաջ ուրիշ ի՞նչ պիտի ասի: Պետք է փորձի տպավորություն ստեղծել, որ Ադրբեջանն ուժեղ է, ցանկացած պահի՝ «ունակ ազատագրելու օկուպացված տարածքները»:

Զաքիր Հասանովի հոխորտանքներից տագնապալի եզրակացություններ անող հայ ռազմական փորձագետը ծանո՞թ է ադրբեջանական սոցցանցերում արված ծաղրական գրառումներին: Եթե՝ ոչ, ողբերգություն չէ: Ցավալին այն է, որ նրա, ուզում եմ հավատալ՝ անկեղծ մտահոգությունները որոշակի քաղաքական շահեր սպասարկող լրատվամիջոցներ ներկայացնում են այնպես, ասես Ադրբեջանի պաշտպանության նախարարն առաջին անգամ է այդ տոնով խոսել կամ հատկապես ԼՂ կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի վերջին հայտարարությունից հետո է այցելել առաջնագիծ: Այդպես չէ: «Ինչո՞ւ է կրակում հակառակորդը: Ես զարմանում եմ, որ մարդիկ դրանից զարմանում եւ ճիգ են անում բացատրություն գտնել: Լսեք, պարոնայք-ընկերներ, դուք տեղյակ չե՞ք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը տարեմուտի գիշերն իջել է խրամատներ եւ զինվորներին հրամայել ամեն րոպե այնպես անել, որպեսզի «հայրենի հողն օկուպանտների ոտքի տակ վառվի»: Սա, պարոնայք-ընկերներ, պա-տե-րազմ է: Պատերազմում՝ ինչպես պատերազմում: Եվ հակառակորդի այսօրվա պահվածքը ոչ մի բացատրության չի տրվում, վաղն էլ չի տրվելու»,Սա մի հատված է 2015թ. սեպտեմբերի 7-ին «Առավոտ» օրաթերթին իմ հարցազրույցից:

Ոչինչ չի փոխվել՝ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացում նույն փակուղին է, նույն հակառակորդը, նույնն ենք մենք, որ ուզում ենք «եւ հաճույք ստանալ, եւ մնալ կույս»: Ոչինչ, ոչ մի թիզ չզիջել, բայց եւ ապահովագրված լինել պատերազմի վերսկսումից: Իրականության մեջ այդպես չի լինում: Նույն հարցազրույցում նաեւ  ասել եմ. «Սա պատերազմ է, եւ դա մեր ընտրությունն է: Նողկալի է, երբ այդ ընտրության համար փորձ ենք անում վկայակոչել ուրիշների համակրանքը կամ հակակրանքը: Որքանով մենք ենք արդարացի, երբ դաշնակիցներ ենք փնտրում, նույնքանով արդարացի է հակառակորդը, երբ իր դաշնակիցներին է փնտրում: Պատերազմում կամ հաղթում են, կամ՝ պարտվում»: Շուրջ հինգ տարի անց մնում եմ նույն տեսակետին: