Անհրաժեշտ է ձեւավորել հակաճգնաժամային կառավարման մարմին, որը ճիշտ պահին իշխանության պատասխանատվությունը կվերցնի 

Անհրաժեշտ է ձեւավորել հակաճգնաժամային կառավարման մարմին, որը ճիշտ պահին իշխանության պատասխանատվությունը կվերցնի 

Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդաժողովին ելույթ ունեցավ նաեւ «Սասնա ծռեր», հիմա արդեն՝ այս բեւեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Նա իր երկարաշունչ ելույթում, որը նվիրված էր նրան, որ պետական կառավարման հետնահանջ է անձանագրվում, եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռանում է հեղափոխական արժեքներից, խոսեց այն մասին, որ հարկավոր է հակաճգնաժամային անցումային կառավարություն ձեւավորել, եւ պետք է առողջ ուժերի համախմբում տեղի ունենա։ Դրանով հանդերձ՝ Սեֆիլյանը կոչ արեց ծավալել ժողովրդի համախմբման գործընթաց, այդ թվում՝ կազմակերպել շրջայցեր, հանդիպումներ, քննարկումներ, ինչպես նաեւ տեղերում ձեւավորել կառույցներ։ «Ժամանակն է՝ ակտիվացնելու բեւեռի մասնակիցների գործունեությունը»,- հայտարարեց Սեֆիլյանն ու փողոցային պայքարի կոչ արեց․ «Բեւեռի հայաստանաբնակ մասնակիցներին կոչ ենք անում համախմբման եւ պայքարի, այդ թվում՝ փողոցային պայքարի»։

Ժամանակին ՊՊԾ գունդը գրաված ու այժմ դատարանի առջեւ կանգնած «Սասնա ծռերի» կողմից դարձյալ փողոցային պայքարի կոչն ուշագրավ է ու տագնապեցնող, ուստի Ազգային ժողովրդավարական բեւեռի անդամ, տեւական ժամանակ ընդհատակում անցկացրած Գարեգին Չուգասզյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է նշանակում փողոցային պայքարի այդ կոչը։

«Հստակ գրված է մեր տարածած հաղորդագրության մեջ, որ որոշակի սպասելիքներ, որ ժողովուրդն ունի հեղափոխությունից, չեն արդարացել։ Եվ քանի որ չեն արդարացել այդ սպասումները, դրա հետ կապված մենք մեր տեսակետները շարադրել ենք, որ կա, փաստորեն, ճգնաժամի խորացում, եւ այդ համակարգային ճգնաժամից դուրս գալու համար պետք է հատուկ քայլեր ձեռնարկել։ Այդ քայլերն էստեղ մանրամասն նկարագրված են»,- ասաց նա։

- Իսկ ի՞նչ մեթոդով եք իրականացնելու պայքարը։

- Բոլոր օրենքով չարգելված մեթոդները թվարկված են հայտարարության մեջ։

- Օրինակ՝ ՊՊԾ գունդ գրավելն օրենքով չարգելված մեթոդ համարվո՞ւմ է ձեզ համար։

- Մենք խոսել ենք դրա մասին եւ բազմիցս ասել ենք, որ եթե Հայաստանում նորից բռնատիրություն հաստատվի, ապա ժողովուրդը նորից կունենա ապստամբելու իրավունք։ Այս պահին մենք չենք գնահատում, որ բռնատիրություն կա Հայաստանում։ Գոյություն ունի պայքարի, խաղաղ անհնազանդության եւ, փաստորեն, ապստամբության դիալեկտիկա։ Եթե որեւիցե երկրում որեւիցե ժամանակ հաստատվում է բռնատիրություն, բոլոր ժողովուրդներն իրավունք ունեն ապստամբելու։ Մեր գնահատականը հստակ է, որ նախորդ 30 տարիների ընթացքում առաջացած համակարգային ճգնաժամը հաղթահարելու վիճակ կա։ Այսինքն՝ Հայաստանում կարիք կա ստեղծելու հակաճգնաժամային կառավարման մարմին։

- Այդ ձեր դժգոհությունը պայմանավորվա՞ծ է «Սասնա ծռերի» գործով վերջին դատական նիստով, որտեղ դատախազը միջնորդեց ծանր պատիժներ սահմանել, ընդհուպ՝ ցմահ ազատազրկում։

- Դատախազը, որը, իմիջիայլոց, անցյալ ռեժիմից մնացած դատախազ է, եւ իր մեղադրանքն անցյալ ռեժիմից ձեւավորված դատախազի մեղադրանք է, փաստորեն, այն ռեժիմի, որը մերժված է եղել ամբողջ ժողովրդի կողմից, այդ մեղադրանքն է, որ հիմա առաջադրվել է։ Նոր մեղադրանք մենք չենք տեսել։ Մենք մեր կողմից բազմիցս ասել ենք, որ նախ պետք էր իրավաքաղաքական գնահատական տրվեր, եւ երբ որ հստակ կլիներ ժողովրդի համար էդ բռնատիրության պահը, անգամ այն դատավարությունները, որ Հայաստանում հիմա տեղի են ունենում, ասենք՝ սահմանադրական կարգի տապալման եւ այլն, արդեն խոսում է այն մասին, որ անգամ էսօրվա իշխող վարչակազմն է էդպիսի ձեւակերպումներ տալիս։ Բայց երբ որ ինքը խուսափում է իրավաքաղաքական գնահատական տալուց, դրա համար ակնհայտ չի դառնում, որ իրավիճակ է փոխվել, եւ պետք է անպարտ ճանաչել էդ մարդկանց, ովքեր ապստամբել են բռնատիրության դեմ։ Իսկ մահվան դեպքերի հետ կապված՝ մենք ասել ենք, որ մենք պատրաստ ենք, որպեսզի անաչառ, նոր քննություն վարվի, ինչպես որ նոր քննություն է վարվում Մարտի 1-ի կապակցությամբ, որովհետեւ էդ նույն հետաքննական թիմերը, որոնք կեղծել են Մարտի 1-ի դեպքերը, նույն ձեւով կեղծում են 2016 թվականի դեպքերը։ Եթե նոր հետաքննություն լինի, այդ դեպքում մենք պատրաստ ենք, այո, քանի որ այդ հետաքննությունն ապացույցն է, թե ով է էդ սպանությունների մեղավորը։

- Եթե ձեր առաջադրած պահանջները չկատարի Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ու շարունակի շեղվել ձեր ասած արժեքներից, հնարավո՞ր է դուք առաջիկայում Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջ ներկայացնեք։

- Այդ պահին մեր ձեւակերպումները շատ հստակ տրված են, մենք գտնում ենք, որ այս ճանապարհը, որով գնում է ներկայիս իշխանությունը, նա ինչ-որ պահից, փաստորեն, հեռանալու է ասպարեզից, եւ ժողովրդավարական վակուում է առաջանալու, ինչը կարող են լցնել հին ուժերը։ Եվ դրա համար անհրաժեշտ է մինչեւ այդ պահը ձեւավորել հակաճգնաժամային կառավարման մարմին, որը կկարողանա այդ պահին իշխանության պատասխանատվությունը պահել իր ձեռքում։ Այ, սա է մեր մոտեցումը։