Երբեք Բաքուն ու Անկարան չեն անի որեւէ բան, որ հայերի համար լավ լինի

Երբեք Բաքուն ու Անկարան չեն անի որեւէ բան, որ հայերի համար լավ լինի

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը, Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար փորձառու դիվանագետ Սերդեր Քըլըչին որպես հատուկ բանագնաց նշանակելը, Հայաստանի կողմից էլ Ռուբեն Ռուբինյանի նշանակումը` որպես հատուկ բանագնաց, Ստամբուլ-Երեւան թռիչքների վերագործարկումը եւ, վերջապես՝ մոտ ժամանակներս Քըլըչի եւ Ռուբինյանի հանդիպելու հեռանկարը բավական հետաքրքիր արձագանքներ են առաջացրել ադրբեջանական սոցկայքերում։ Ու թեեւ հասկանալի է, որ ադրբեջանական հասարակությունում ամենեւին էլ չեն քնում-արթնանում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցը քննարկելով, այնուհանդերձ, հնչած կարծիքները կարեւոր են այնքանով, որ գոնե քաղաքականապես կամ հանրային առումով ակտիվ հասարակական շերտի մտածումների, տրամադրությունների արտացոլանքն են հանդիսանում։
Ադրբեջանական սոցկայքերի օգտատերերի մի խմբի համար տարօրինակ է այն, որ Թուրքիան չի մերժել Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, քանի որ որոշ տելեգրամյան ալիքներում հրապարակվել է լուսանկար, որտեղ երեւում է, թե ինչպես է Ռուբեն Ռուբինյանը ոտնակոխ արած՝ կանգնել թուրքական պետական դրոշի վրա, ինչն անարգանք է այդ պետության հանդեպ։ Մեկ այլ խումբ էլ կարծում է, որ պետք չէ նման հուզական բաների վրա ուշադրություն դարձնել, «քանի որ, մեծ հաշվով, Թուրքիան ու Ադրբեջանը հիմա ողջ Հայաստանն են ոտնակոխ արել»։ Որոշ օգտատերեր ծաղրում են, որ «Ռուբեն Ռուբինյանը, ահա, ուր որ է՝ հետ է վերադարձնելու Արեւմտյան Հայաստանը»։ Հետաքրքրական է, որ օգտատերերի մի խումբ էլ բավական բազմանշանակ կերպով ֆիքսել է՝ «Հայաստանն ու Թուրքիան՝ ընդդեմ Ռուսաստանի․ լավ է հնչում»։
Մի քանի ադրբեջանցի օգտատերեր էլ հայտարարել են, որ խաղաղությունն իրենց երազանքն է, ու անհամբեր սպասում են, որ Երեւան այցելելու հնարավորություն կունենան։ Սրան հակառակ, մեկ այլ օգտատեր էլ գրել է, որ ավելի մեծ պահանջարկ կունենա Ստամբուլը, իսկ Երեւան միայն կգնան թերեւս ծառայության բերումով։ Կան օգտատերեր, որոնք դեմ են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը եւ կարծում են, որ «Հայաստանի հետ գործ բռնելով՝ Թուրքիան իր համար գլխացավանք է ստեղծելու»։ Մի օգտատեր էլ անկեղծացել է, թե «Ադրբեջանից Հայաստանը մտրակ ստացավ, Թուրքիայից կստանա քաղցրաբլիթներ»։ Ադրբեջանցիների համար հետաքրքրություն է ներկայացրել Ամերիկայի հետաքրքրվածությունն այս ամենում։ «Ամերիկացիները եթե հետաքրքրված են հայ-թուրքական նորմալացմամբ, ուրեմն Ռուսաստանը սուսուփուս կհեռանա տարածաշրջանից»։ Այս կարծիքին հակառակվողներն էլ կարծում են, որ Ռուսաստանը, ամեն դեպքում, իր ազդեցության գոտուց չի հրաժարվի, եւ ավելի շուտ սա նման է «բաժանիր, որ տիրես» սկզբունքի կիրառման։
Շատ ադրբեջանցիներ վստահ են, որ ոչինչ չի փոխվի, իրականում հարաբերությունները գուցե սերտանան, բայց ոչ այնքան, քանի որ, թեկուզ հարյուր տարի անց, Թուրքիան ու Ադրբեջանը ոչինչ չեն անի, որ հայերի համար լավ լինի։ Որոշ օգտատերեր հիշել են, թե Սերդեր Քըլըչը ժամանակին ինչքան ջանք է ներդրել, որպեսզի Ամերիկայում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված պրոցեսները վիժեցվեն։ Անդրադարձ է եղել նաեւ Ռուբինյանի նշանակմանը։ Ըստ այդմ, Փաշինյանը կարողացել է համոզել ամերիկացիներին, որ Լիպարիտյանն արդեն «չափից ավելի» էր, ու ինքը որոշել է նշանակել դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցող Ռուբինյանին, որպեսզի ռուսներին հանկարծ չնեղացնի։ Կան նաեւ այնպիսիք, ովքեր ասում են՝ արդեն ժամանակն է, որ կողմերը «գնան մեկմեկու ընդառաջ»։