Փոքր իրարանցում՝ մեծ հետևանքներով

Փոքր իրարանցում՝ մեծ հետևանքներով

Ավինյանի փոխարեն մայլի տղեն կկանգներ ու կասեր՝ հա, բերեք նորից փորձենք, ես չեմ վախենում նոր ընտրություններից: Բայց Ավինյանը մայլի տղա չէ: Նա սովորական ՔՊ-ական է, ինչպես բոլոր ՔՊ-ականները, այսինքն՝ ենթակա անձ: Նա հիմա նայում է իր շեֆի դեմքին՝ շեֆ, ասա՝ որ անեմ: Հակառակի պես էլ շեֆը ահավոր զբաղված է այս օրերին, և, ասես ճակատագրի հեգնանք լինի, շեֆն էլ առանձնապես մայլի տղա չէ: Նա էլ է ենթակա անձ, դրսում, ով գալիս, ինչ ասում՝ անում է: Ամեն դեպքում Ավինյանը ոտքը կախ գցել, սպասում է շեֆի ասելուն: Ընտրությունների արդյունքներն իմանալուց հետո ոչինչ չի խոսել, ոչ մի գնահատական չի տվել: Կարող էր չէ՞ մեղավորների անուններ տալ, ինչպես իր շեֆը: Բայց լուռ է: Շեֆն էլ հակառակի պես տեղում չէ, որ իր փոխարեն խոսի, մի բան ասի, բացատրի, թե ինչու եղավ այն ինչ եղավ: Մյուս կողմից էլ՝ ի՞նչ ասի շեֆը, ասի՝ Երևանի ազատ, արդար և թափանցիկ ընտրություններում ժողովուդը մեզ չի ընտրե՞լ: Բացառվում է, նա նման բան չի ասի: Ընդհակառակը, նա կհայտարարի՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու: Իսկ, արդյոք, հաղթե՞լ են…

Քաղաքական գործընթացներում ոչ-ոքիներ հազվադեպ են պատահում: Ընտրությունների արդյունքները հաշվելու ժամանակ, սակայն, այնքան ֆինտուֆլյուշկաներ կան, որոնք գրեթե բացառում են ոչ-ոքի արդյունքը: Տեսեք, Երևանի ընտրություններին մասնակցում էր 14 ուժ, որոնցից ավագանի անցավ ընդամենը 5-ը: Մնացած 9-ի հավաքած ձայները տոկոսային հարաբերակցությամբ բաշխվեցին ավագանի անցած ուժերի միջև: Ավինյանը դրանից ամենաշատը շահեց, որովհետև ամենաշատ ձայն հավաքած թիմի առաջին համարն է: Բայց նույնիսկ դրանից հետո նրան չհաջողվեց հաղթահարել 50+1-ի սահմանը և միանձնյա քաղաքապետ ընտրվել: Մեկ, ով գիտի նույնիսկ կես ավագանի չի հերիքում Ավինյանին: Եվ այս իրավիճակում Ավինյանը լռվել մնացել է՝ ի՞նչ անի, գնա նոր ընտրությունների, թե՞ շարունակի ՔՊ-ի լավագույն ավանդույթները՝ մրցակիցներին դատի տա, քրեական հետապնդումներ սկսի նրանց նկատմամբ, սպառնա:

Բայց ինչ էլ լինի՝ Ավինյանի բախտը մի փոքր բերել է մրցակիցների հարցում: Նրանք էլ իրենց հերթին չեն կողմնորոշվում՝ ինչ անել, գործը հասնի նոր ընտրությունների: Նրանք, ճիշտ է, ունեն 50+1 տոկոս և կարող էին շրջանցել Ավինյանին, բայց արի ու տես, որ նրանցից մեկի 2 ավագանին հետախուզման մեջ են և չեն կարող քվեարկել ընդդիմության թեկնածուի օգտին: Ընդդիմադիրներին մնում է մեկ բան՝ չգնալ ավագանու առաջին նիստին, քվորում չապահովել և այդկերպ թույլ չտալ ՔՊ-ին քաղաքապետ ընտրել: Եվ այստեղ խոսում է, կռահեք ով, Վարդան Ղուկասյանը, հայտնի Դոգը, որը ոչ հեռավոր անցյալում կենդանի եթերից հայտարարեց, թե եկել է Հայաստան՝ Նիկոլի հետևից: Պարոն Վարդան Ղուկասյանը՝ Դոգը, հասկանում ես, հանկարծ հայտարարում է, որ իր կուսակցության ավագանու անդամները մասնակցելու են անդրանիկ նիստին: Այսինքն, լինելով «ընդդիմություն», նա մեկ հարվածով պարտության է մատնում ընդդիմությանը և «հաղթանակ» պարգևում իշխանական ՔՊ-ին: Այս կապակցությամբ լռում են նաև Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանը: Նրանք լուրջ մարդիկ են, հո չե՞ն կարող Դոգին քրֆել: Նրանց հիմա մնում է նստել և լուռ սպասել իրադարձությունների ընթացքին՝ ի վերջո ի՞նչ կանի Դոգը:

Ահա այս իրավիճակում ես փորձեցի օգնության հասնել Տիգրան Ավինյանին, որպեսզի Երևանի ավագանու ընտրությունները չավարտվեն էշի հարսանիքով՝ ՔՊ-ի և Վարդան Ղուկասյանի քաղաքական պսակադրությամբ: Ես, ճանաչելով Տիգրան Ավինյանի չագուճով շեֆին, չեմ կարծում, որ նա կօրհնի այդ «միությունը»: Հենց իմացավ այդպիսի բան կա՝ պրիպադկան բռնելու է, սկսելու է աջուձախ քրֆել «նորապսակներին»: Այդու Ավինյանին կխնդրեի քաղաքավարի ձևով մերժել Վարդան Ղուկասյանի «առաջարկը» և գնալ նոր ընտրությունների, ինչն այլևս կարող է անել միայն նա: Դրա համար ՔՊ-ի ավագանիներն էլ կարող են չգնալ նիստին, ու հարցը կփակվի: Սա կլինի իսկական մայլի տղու քայլ, և, ով գիտի, գուցե հենց այդ քայլի շնորհիվ հաջորդ ընտրություններում Ավինյանը կարողանա հաղթել: