Գլխավոր ճարտարապետի պաշտոնում իմ լինելն անընդունելի է եւ անիմաստ

Գլխավոր ճարտարապետի պաշտոնում իմ լինելն անընդունելի է եւ անիմաստ

Երեւանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հեռանալուց հետո ակտիվորեն քննարկվում են այդ պաշտոնի հավակնորդների անունները։ Որոշ խոսակցությունների համաձայն, քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնի հավակնորդների հարցը որոշելը վստահվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը, որն այդ նպատակով պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում տարբեր ճարտարապետների հետ։ Շրջանառվում է նաեւ ճարտարապետ Անահիտ Թարխանյանի թեկնածությունը, ում մի քանի հարց ուղղեցինք այս առիթով․ 

- Տիկին Թարխանյան, գլխավոր ճարտարապետի պաշտոնի հավանական թեկնածուների թվում շրջանառվում է նաեւ Ձեր անունը։ Այդ առիթով Ձեզ առաջարկ եղե՞լ է, Ձեզ հետ հանդիպե՞լ են։

- Ինձ հետ ոչ մեկը չի հանդիպել եւ չի զրուցել դրա մասին։ Ինչ վերաբերում է իմ թեկնածությանը, ապա գիտեք, որ ժամանակին ես եղել եմ Երեւանի քաղաքապետի թեկնածու եւ մասնակցել եմ ընտրություններին, ըստ այդմ՝ ունեմ իմ մոտեցումները, տեսակետը եւ քաղաքի տեսլականը, թե ինչպիսին այն պետք է լինի։ Եվ ես գալիս էի ոչ թե զուտ քաղաքապետի պաշտոնի համար, այլ՝ մեծ տեսլականով, որը պետք է իրականացվեր։ Ավաղ, առայսօր ինձ սրտամոտ եւ ինձ համար ընդունելի մոտեցումներ չեմ տեսել այսօրվա ավագանու, քաղաքապետի, անգամ Արթուր Մեսչյանի դիրքորոշման մեջ, ում ես շատ եմ հարգում, բայց, ցավոք, նույնիսկ իր մոտեցումների մեջ չեմ տեսել այն տեսլականը, որի մասին մենք խոսում էինք։ Եվ այդ տեսլականի բացակայությունը չի կարող դրական պատասխան լինել իմ կողմից։ Ինչ վերաբերում է ընդհանրապես թեկնածուներին, ես՝ ինքս էլ եմ լսել տարբեր անուններ։ Ինձ համար ամենամտահոգիչն այն է, որ առաջարկվում են մարդիկ, ովքեր փորձ ունեն ադմինիստրատիվ աշխատանքի մեջ եւ դրանով համարում են, որ իրենք շատ լավ կաշխատեն գլխավոր ճարտարապետի պաշտոնում։ Այսօր Հայաստանում բազմաթիվ երիտասարդ տղա ճարտարապետներ կան, ես անձամբ մի 4-5 հոգու ճանաչում եմ, որոնք կարող են դառնալ լավ գլխավոր ճարտարապետ։ Եվ ինչն է այստեղ ամենակարեւորը՝ այդ բոլոր երիտասարդներն առանձնանում են իրենց պրոֆեսիոնալ սկզբունքայնությամբ, ինչը շատ կարեւոր է, երկրորդ՝ տաղանդավոր են եւ ունակ, ես հատուկ եմ սրանք ընդգծում, որովհետեւ մարդը, ով գալիս է գլխավոր ճարտարապետի պաշտոնին, պետք է լինի ազատ՝ իր մտածելակերպի, իր որոշումները կայացնելու մեջ։ 

- Արթուր Մեսչյանն ազա՞տ էր իր մտածելակերպի, որոշումների մեջ։ 

- Կարծում եմ՝ ոչ, ազատ չէր։ Ինքն ինչ-որ պայմանավորվածություններով եկավ այդ պաշտոնին եւ շատ սահմանափակված էր իր որոշումների ու քայլերի մեջ։ Ես չտեսա իր ազատ լինելը, բայց երբ մարդ գալիս է որեւէ պաշտոնի, հատկապես՝ գլխավոր ճարտարապետի, չի կարող ցանկացած րոպեի կանգնել ու ասել՝ ես համաձայն չեմ ձեր, այս դեպքում՝ քաղաքապետի, հանձնարարականին, չեմ ընդունում ձեր դիրքորոշումը եւ չեմ անի, որովհետեւ կարող է ճնշում լինել, եւ սովորաբար այդպես էլ լինում է։ Մարդը, որ պրոֆեսիոնալ է, տաղանդավոր, գիտի, թե ինչ է մասնագիտությունը, հանգիստ կարող է շուռ գալ եւ գնալ։ Այսինքն՝ մասնագետը եւ տաղանդավոր մարդը միշտ կարող է ադմինիստրատիվ գործը փոխարինել ստեղծագործական գործով եւ դրանից չնեղվել, բայց եթե այդ պաշտոնին գալիս է ադմինիստրատիվ հմտությունով անձնավորություն, ինքը սահմանափակված է իր ապագա կարիերայով։ Եվ ցանկացած մասնագետի, երբ դու վերցնում ես ադմինիստրատիվ միջավայրից ու բերում ես քաղաքի գլխավոր ճարտարապետ, ինքը կամ այդտեղ պետք է աշխատի եւ կամակատարը դառնա՝ անկախ իրենից, որովհետեւ, եթե հրաժարվում է իրականացնել հանձնարարականը, ինքը դուրս գա եւ ո՞ւր գնա դրանից հետո։ Իսկ ստեղծագործ ճարտարապետն ազատ անձնավորություն է, այ, այդ ազատությունն է, որ մարդուն հնարավորություն է տալիս որոշել լավագույնը, այն, ինչ անհրաժեշտ է այսօր քաղաքին։ Մենք պետք է նայենք ու փնտրենք այդպիսի մարդկանց։ Եվ եթե ինձ հարցնեին, թե ում խորհուրդ կտայի, ես առաջին հերթին խորհուրդ կտայի նայել իմ տարիքի ճարտարապետների մեջ, որտեղ կան շատ լավ մասնագետներ, պատրաստված եւ սկզբունքային անձինք, որոնք միշտ անտեսված են եղել, բայց շատ լավ ու մեծ գործեր են արել։ Իհարկե՝ կան նաեւ երիտասարդներ։

- Կթվարկե՞ք մի քանի անուններ՝ թե՛ երիտասարդ, թե՛ ավագ սերնդից, ովքեր կարող են հավակնել գլխավոր ճարտարապետի պաշտոնին։

- Ես չգիտեմ՝ ինչքանով է դա էթիկապես ճիշտ, դրա համար անուններ չեմ տա, բայց խորհուրդ կտամ, որ քաղաքապետարանը, ավագանին եւ քաղաքապետը դիմեն Ճարտարապետների պալատ, որտեղ քննարկում գնա, եւ մի քանի թեկնածու հենց այդտեղից առաջադրվեն, որովհետեւ Ճարտարապետների պալատից ոչ ոք ավելի լավ չգիտի դաշտը։ Նախ թող լինի Ճարտարապետների պալատի կարծիքը, որը հետո քաղաքապետարանը կարող է հաշվի առնել կամ չառնել, դա արդեն իր գործն է, բայց Ճարտարապետների պալատի կարծիքը լսելը ճիշտ կլինի։

- Այնուամենայնիվ, եթե նույն Ճարտարապետների պալատն առաջարկի Ձեր թեկնածությունը, Դուք պատրա՞ստ եք ստանձնել այդ պատասխանատվությունը։

- Հիմա՝ ոչ, քանի որ շատ մեծ տարբերություն եմ տեսնում իմ եւ քաղաքապետարանի մոտեցումների, տեսլականի միջեւ, եւ այդ տեսլականները բերել նույն դաշտը՝ ես հասկանում եմ, որ այսօր անհնար է։ 

- Քաղաքի զարգացման Ձեր տեսլականն ինչո՞վ է հակադրվում քաղաքապետարանի այսօրվա մոտեցումներին։

- Հիմնականում դա կապված է քաղաքի զարգացման, գլխավոր հատակագծի հետ, թե ինչպիսին պետք է լինեն սահմանափակումները կենտրոնում, հետո՝ կառուցապատումը, նաեւ պետք է մշակվի ընդհանուր մոտեցում, թե ինչպես պետք է լինեն ընդհանրապես մոտեցումներն ու սահմանափակումները, քաղաքի կառուցապատումն ինչպիսին պետք է լինի, եւ, իհարկե՝ այն բոլոր խնդիրները, որ կապված են խախտումների հետ՝ թե՛ քաղաքի կենտրոնում, թե՛ կանաչ գոտիների հետ կապված, նաեւ՝ ինֆրակառուցվածքներ, ճանապարհներ։ Գլխավոր ճարտարապետի պաշտոնը սահմանափակված պաշտոն չէ, դա փաստացի քաղաքապետարանի գաղափարախոսությունն է, որն արտացոլված է հստակ ձեւավորված շենքերի եւ հատակագծային լուծումների մեջ, իսկ ես ընդհանրապես չեմ տեսնում, թե ինչպիսին է այսօրվա գաղափարախոսությունը, որը հիմնականում այսօր ուղղված է բիզնես-ծրագրին․ ով փող բերեց եւ ինչ ներդրում արեց՝ եկեք նրան հնարավորություն տանք կառուցապատելու, իսկ ես ավելի շատ մարդկային, սոցիալական ուղղվածություն ունեմ իմ գաղափարախոսության մեջ, եւ դա է ինձ համար կարեւորը, այսինքն՝ պետք է լինեն սահմանափակումներ, որոնք ապահովում են անձի, քաղաքացու լավագույն պայմանները՝ բնակարանի, բնակելի տարածքների, միջավայրի, իսկ այս ամբողջն այսօր հանված է քննարկումից։ Իսկ դրանով երբ դու մտնես, կձեւավորես շատ մեծ կոնֆլիկտային իրավիճակներ տարբեր բիզնես-ներկայացուցիչների հետ, քանի որ քաղաքապետարանի ուղղվածությունը բիզնես-ծրագրային է եւ ոչ ապագա Երեւանի զարգացմանն ուղղված, դրա համար իմ՝ այդտեղ լինելն անընդունելի է եւ չի էլ կարող լինել, որովհետեւ անիմաստ է, եւ անվերջ կոնֆլիկտային իրավիճակներ եմ ձեւավորելու։

- Մեծ հաշվով, Արթուր Մեսչյանի այս 2 տարվա պաշտոնավարումը շատերը ձախողված են համարում, քանի որ խոստումները շատ էին, արված գործը՝ քիչ։ Ավելին՝ ասում էին, որ Մեսչյանն էլ նույն այդ բիզնես-ծրագրերին կանաչ ճանապարհ էր տալիս։ Ի՞նչ տվեց կամ չտվեց նրա պաշտոնավարումը քաղաքին։ 

- Տվեց նոր ստեղծագործական մոտեցում, ճարտարապետական լուծումները լավացան, եւ ավելի շատ կարելի է տեսնել ժամանակակից շինություններ, որոնց տրվեցին շինարարության կամ նախագծման իրավունքներ, իսկ չիրականացավ մարդկանց այն սպասումը, որ Երեւանի կենտրոնում մտցվեն սահմանափակումներ։ Շատերի համար դա մեծ հիասթափություն էր, եւ բոլորս սպասում էինք, որ կձեւավորվի Երեւանի զարգացման նոր ծրագիր, որտեղ հստակ ձեւավորված կլինեն կանաչ գոտիները, այգիների զարգացումը, եւ քաղաքից դուրս նոր կենտրոններ կձեւավորվեն, որոնք կթեթեւանցնեին կենտրոնի գերբեռնվածությունը։ Այդ ամենը չարվեց, եւ, իհարկե, կար եւս մի ծրագիր, որ ձեւավորվի քաղաքաշինական փաստաթղթերի օնլայն հաստատում, որը նորություն չէ եւ արդեն կա Եվրոպայում ու Վրաստանում։ Այդպիսի թափանցիկ հարաբերությունները՝ քաղաքացու եւ քաղաքապետարանի միջեւ, շատ ավելի պարզ են դարձնում հարաբերությունները, ու թե որոնք են այսօր քաղաքապետարանի չափանիշները ապագա քաղաքի զարգացման հարցում։