Փաշինյանի գաղտնի խոստումները, Աննա Հակոբյանի անպատասխան խաղաղասիրությունը, Մեհրիբանի վախերը

Փաշինյանի գաղտնի խոստումները, Աննա Հակոբյանի անպատասխան խաղաղասիրությունը, Մեհրիբանի վախերը

Փաշինյանի իշխանության գալուց ի վեր Աննա Հակոբյանն իր խաղաղասիրական քարոզչությամբ հաճախ է հայտնվում քննադատությունների կիզակետում` ուղղված ադրբեջանցիներին: 2018-ի իշխանափոխությունից հետո նա հանդես եկավ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությամբ եւ հայտարարեց. «Հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետեւ ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը…»: Այս հայտարարությունն արժանացավ բուռն քննադատությունների, վիրավորված էին հատկապես զոհերի հարազատները: Այնուհետեւ Հակոբյանը հույս հայտնեց. «…Ես հավատում եմ, որ մայրերի տիեզերական սիրո առջեւ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները։

Օրինակ՝ դրանք կվերածվեն այնպիսի զարդերի, որ ես այս պահին կրում եմ։ Ներկայում իմ կրած զարդերը հալված փամփուշտից են պատրաստված»։ Սա նույնպես արժանացավ բուռն քննադատությունների. փամփուշտները հալեցնելու եւ կանանց համար զարդեր պատրաստելու կոչ առաջինն անում է մի երկրի ղեկավարի կինը, այն երկրի, որն իր լինելության ողջ ընթացքում եղել է պայքարի, պատերազմների մեջ եւ զենքով է կարողացել պաշտպանել իրեն: Իհարկե, լավագույն, իդեալական իրականություն կարող է լինել, երբ աշխարհի բոլոր փամփուշտները հալվեն եւ դառնան կանանց զարդեր, բայց դա միամիտ լավատեսության շարքից է. այդպես երբեք չի եղել ու, հավանաբար, չի լինի երբեք: Մենք ունենք սաֆարովների նման հարեւաններ, որոնք քնած մարդու են կացնահարում, Սումգայիթ ու Բաքու, եղեռն իրականացրած հարեւաններ, ուստի ոչ միայն պետք է մշտապես ավելացնենք մեր փամփուշտները, այլեւ պետք է հրացանները լիցքավորված պահենք, մատն էլ՝ ձգանի վրա, փողը՝ ուղղված թշնամու ճակատին: Խաղաղությունը չեն խնդրում, հատկապես` պատերազմում հաղթած կողմը, այն պարտադրում են…

Աննա Հակոբյանի հաջորդ աղմկահարույց հայտարարությունն այն էր, որ Ալիեւային հրավիրեց Արցախ` մուղամ լսելու: Մեհրիբանն անպատասխան թողեց Աննա Հակոբյանի հրավերը եւ հասկացրեց, որ Աննա Հակոբյանի հետ չի ուզում ո՛չ մուղամ լսել, ո՛չ էլ «չայ» խմել: Նրան պետք է պատերազմ: Իսկ ինչո՞ւ է Աննա Հակոբյանը պարբերաբար հանդես գալիս խաղաղության առաջարկներով ու խնդրանքներով: Այս հարցն օդում կախված էր, մինչեւ BBC-ին վարչապետ Փաշինյանի տված հարցազրույցը: 

Լրագրող Ստեֆան Սակուրն իր հարցով գաղտնազերծեց, որ Փաշինյանն իշխանության է եկել խաղաղության խոստումներով. «Դուք իշխանության եկաք խաղաղության խոստումներով, սակայն…»: Փաշինյանն իշխանության գալիս Հայաստանի հասարակությանը չի խոստացել խաղաղություն, նման խոսք նրա ելույթներում դժվար է գտնել: Այդ դեպքում ո՞ւմ է խոստացել նշյալ խաղաղությունը, դեռեւս հայտնի չէ: BBC-ի լրագրողի հարցն անգամ չզարմացրեց Փաշինյանին, նա չհերքեց լրագրողի հնչեցրած միտքը: Իսկ սա նշանակում է, որ Փաշինյանը, իսկապես, որոշ արտաքին ուժերի խոստացել է խաղաղություն: Դրանով է պայմանավորված վարչապետի կնոջ` պարբերաբար խաղաղասիրական կոչերով հանդես գալը: Խաղաղասիրական շրջանակը, սակայն, միայն Ադրբեջանով չի սահմանափակվում, այն ունի ավելի մեծ տրամաչափ. իշխանական որոշ շրջանակներ ուզում են նաեւ սեր քարոզել հարեւան թուրքերի նկատմամբ: Դա արտացոլվում է «Պատմություն» առարկայի ծրագրի փոփոխության մեջ, որի հեղինակներից շատերը, նաեւ` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, եղել են հայ-թուրքական հաշտեցման նախաձեռնություններում: Թե ում եւ ինչի դիմաց է Փաշինյանը խաղաղություն խոստացել, հայտնի չէ։

Սակայն հայտնի է, որ այդ խաղաղությունն ընդունելի չէ ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ հարեւան Ադրբեջանի համար: Որքան Աննա Հակոբյանը խաղաղասիրություն է քարոզում, այնքան Մեհրիբան Ալիեւան ագրեսիվ է դառնում: Հուլիսի 13-ին, երբ ադրբեջանական հարձակման հետեւանքով Հայաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ մարտական գործողությունները նոր էին մեկնարկել եւ ծավալվելու միտում ունեին, Հակոբյանը դարձյալ կոչով հանդես եկավ, ադրբեջանցի կանանց եւ մայրերին հորդորելով՝ «կոչ անել իրենց երկրի ղեկավարությանը՝ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը»: Այս կոչին նույնպես հաջորդեց Ալիեւայի ռազմատենչ կոչն իր հայրենակիցներին: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցներով Աննա Հակոբյանին պատասխանեցին ադրբեջանցի զինվորների մի քանի մայրեր․ ասելիքն ամփոփված է հետեւյալ տողերում. «Ես՝ որպես զինվորի մայր, ասում եմ` պայքա՜ր: Առա՜ջ, ադրբեջանցի զինվոր, առա՜ջ…»: Ակնհայտորեն, դա իշխանական քարոզչամեքենայի կողմից ուղղորդված բեմականացում էր, որով, իբր, ադրբեջանցի մայրերը մերժեցին խաղաղության կոչը: Ինչո՞ւ են Մեհրիբանին այդքան զայրացնում ու վախեցնում Աննա Հակոբյանի խաղաղասիրական կոչերը, ինչի՞ց է վախենում Ադրբեջանի առաջին տիկինը: Մեհրիբանը վախենում է կորցնել իշխանությունը, կորցնել վերահսկողությունն իրավիճակի վրա: Ի վերջո, ադրբեջանցի մայրերի սիրտը քարից չէ, որ ամեն անգամ իշխանությունների սանձազերծած պատերազմի պատճառով հողին հանձնեն իրենց երիտասարդ որդիներին:

Ալիեւան վախենում է, որ մի օր մայրերը եւ, առհասարակ, հասարակությունը կհոգնեն այդ անհարկի պատերազմից, կհասկանան, որ այն անիմաստ է եւ պետք է միայն Ալիեւների կլանին, եւ մշտապես հասարակության բացասական էմոցիաները Հայաստանի վրա ուղղորդելով` փորձում է պահել իշխանությունը: Այդ վախերը հաստատվեցին նաեւ այն օրը, երբ ակնհայտորեն իշխանության կողմից կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքը, որը պետք է ունենար բացառապես Ղարաբաղի պահանջի ուղղվածություն, կեսճանապարհին դուրս եկավ վերահսկողությունից եւ դարձավ սոցիալական բնույթի. ադրբեջանցիներին միշտ չի հաջողվում հանրահավաք անել եւ «իրար» գլխի հավաքվել: Ալիեւները հասկացան, որ հասարակության համար սոցիալական խնդիրներն ավելի կարեւոր են, քան Ղարաբաղի հարցը: Դրա համար էլ տապալվեց իրենց իսկ նախաձեռնած «Ղարաբաղյան շարժումը», որը 1988-ի հայաստանյան ղարաբաղյան շարժման անհաջող ու ծիծաղելի նմանակումն էր: 
Իսկ Հայաստանի իշխանությունը պետք է հետեւություն անի. արժե՞ ագրեսորին խաղաղության ու հաշտության ձեռք մեկնել, երբ ամեն անգամ այդ ձեռքը մնում է օդում կախված…