Երբ հատվում են լեգիտիմությունն ու ապալեգիտիմությունը

Երբ հատվում են լեգիտիմությունն ու ապալեգիտիմությունը

«Մենք այլեւս ընդդիմություն չենք, մենք այժմ մեծամասնություն ենք: Երկրում տեղի է ունենում խաղաղ հեղափոխություն»,- օգոստոսի 25-ին Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի հետ տեսակապի ժամանակ հայտարարել է Վիլնյուսում գտնվող Բելառուսի նախագահի ընդդիմության թեկնածու Սվետլանա  Տիխանովսկայան:

26 տարի շարունակ բացարձակ իշխանության կրող Ալեքսանդր Լուկաշենկոն, այս տարվա օգոստոսի 9-ին կեղծելով նախագահի ընտրությունների արդյունքները, հրաժարվում է իշխանությունը հանձնել ընդդիմության թեկնածուին՝ փորձելով այդ իշխանությունը պահել զոհերի եւ բռնությունների գնով, անգամ նախագահի նստավայր մտնելով ինքնաձիգով: 
Վերջին 17 օրերի ընթացքում փոթորկվող Բելառուսում քաղաքացիները չեն ընդունում նախագահի վերջին ընտրությունների արդյունքները՝ հրաժարվելով ենթարկվել Լուկաշենկոյի իշխանությանը: Ձերբակալություններն ու բռնությունները չեն կասեցնում հանրության պայքարը հանուն ժողովրդավարական փոփոխությունների: 

Արեւմուտքը հրաժարվել է ճանաչել Բելառուսի նախագահի ընտրությունների արդյունքները: Եվրախորհուրդն ընտրությունները գնահատել է «ոչ ազատ, ոչ արդար, միջազգային չափանիշներին չհամապատասխանող»: ԵՄ-ն սպառնացել է պատժամիջոցներ իրականացնել Լուկաշենկոյի վարչախմբի դեմ: «Եվրամիությունը համերաշխություն է ցուցաբերում Բելառուսի ժողովրդին», «Մենք չենք ճանաչում Բելառուսի իշխանությունների ներկայացրած արդյունքները»,- ասել է Եվրախորհրդի նախագահ Չարլզ Միշելը՝ ԵՄ 27 երկրների ղեկավարների հանդիպման ավարտին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծել է. «Միացյալ Նահանգները աջակցում է ազատ եւ արդար ընտրություններին, որոնք արտացոլում են բելառուս ժողովրդի կամքը. սա սկզբունքային հարց է: Օգոստոսի 9-ի ընտրությունները չհամապատասխանեցին այդ ստանդարտին: Մենք հանձնառու ենք աջակցել բելառուսցիների ձգտմանը՝ ընտրել իրենց առաջնորդին եւ սեփական ուղին»:

Ընտրություններում Լուկաշենկոյի «հաղթանակը» շնորհավորել են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքիան, Վենեսուելան, Մոլդովան, Վիետնամը եւ Հայաստանը: Ավտորիտար եւ տոտալիտար այս երկրների շարքում հեղափոխական Հայաստանի հայտնվելը կայծակ էր ամառային երկնքում: Մանավանդ որ, Լուկաշենկոյի «հաղթանակն» ուղեկցվում է սեփական ժողովրդի դեմ պատերազմով:
Բելառուսում կատարվածը ցավալիորեն ծանոթ պատկեր է նախկին խորհրդային հանրապետությունների համար ընդհանրապես, Հայաստանի համար՝ մասնավորապես: 
ՀՀ հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ արեւմտյան կրթություն ստացած, արեւմտյան քաղաքականությանը քաջածանոթ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընտրությունների հաջորդ օրն իսկ՝ օգոստոսի 9-ին, շնորհավորեցին Ալ. Լուկաշենկոյին՝ տարակուսանքի եւ զայրույթի մատնելով հայ հեղափոխական հանրությանը: Եթե Լուկաշենկոյին շնորհավորեին ՀՀ նախկին ղեկավարները, ապա դա զայրույթ կառաջացներ Հայաստանում, թեպետ օրինաչափ կհամարվեր. քաղաքականության մեջ, ինչպես եւ առօրյա կյանքում, սովորաբար «նման զնմանն գտանէ»: Սակայն «Եվրոպայի վերջին բռնապետին» աջակցող պաշտոնական Երեւանի շնորհավորանքը դադարում է լինել խորհրդանշական եւ վերածվում է արտաքին եւ ներքին քաղաքական վտանգավոր ազդանշանի: 

Թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ դրանից հետո Երեւանի՝ արտաքին աշխարհի վրա բացվող պատուհանը եղել են Ռուսաստանն ու նրան կցված ԵՏՄ-ն: Այս անհեռանկար ու վտանգավոր գործընկերության մեջ հայտնված Հայաստանը հայտնվեց բռնապետության աջակիցների ցանկում: Մինչդեռ Բելառուսի հետ Հայաստանը հատուկ հարաբերություններ չունի, ավելին՝ ՀԱՊԿ անդամ այդ երկիրը տարիներ շարունակ զենք է վաճառում ՀՀ ռազմաքաղաքական թշնամուն՝ Ադրբեջանին: Ո՛չ դիվանագիտական վարքականոնը, ո՛չ քաղաքական օգտապաշտությունն ու հաշվարկը, ո՛չ Հայաստանի շահերը չէին պահանջում, որ Երեւանը շնորհավորեր սեփական երկրում հեղափոխությունը խեղդել փորձող Լուկաշենկոյին: Մանավանդ որ, այդ շնորհավորանքը կարող է ընկալվել որպես աջակցություն Լուկաշենկոյի վարչակարգին եւ խաղաղ ցուցարարների հանդեպ կիրառվող բռնություններին: 

Հայաստանում Լուկաշենկոյի իշխանության երկրպագուները, որպես կանոն, ասպարեզ են նետում այն թեզը, որ Տիխանովսկայան քաղաքական գործիչ չէ, քաղաքական կենսագրություն եւ փորձառություն չունի: Անշուշտ, այդպես է, սակայն Բելառուսում շուրջ երկու տասնամյակ քաղաքական պայքարը հետապնդվել է: Քաղաքական պայքարի եւ միջավայրի բացակայության եւ բռնապետության պայմաններում քաղաքական գործիչ դառնալու հնարավորությունները կա՛մ խիստ սահմանափակ են, կա՛մ ընդհանրապես բացակայում են: Մինչդեռ հաճախ հանգամանքներն են որոշիչ դառնում քաղաքականության մեջ, ինչպես եղավ Տիխանովսկայայի դեպքում: 
Մինսկում օգոստոսի 12-ի 100-հազարանոց հանրահավաքում ԵՄ-ին կոչ անելով՝ չճանաչել «կեղծված ընտրությունները», Տիխանովսկայան հայտարարել է. «Պրն Լուկաշենկոն կորցրել է ամբողջ լեգիտիմությունը մեր ազգի եւ աշխարհի աչքում»:

Լեգիտիմությունը հենց այն խնդիրն է, որը թե՛ միավորում, թե՛ տարանջատում է Փաշինյանին եւ Լուկաշենկոյին: Ուշագրավն այն է, որ սեփական երկրում բացարձակ լեգիտիմությամբ իշխանության եկած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է սեփական երկրում լեգիտիմությունից իսպառ զրկված Ալ. Լուկաշենկոյին: Մինչդեռ լեգիտիմությունն այն դրոշն է, որ Փաշինյանն անվերջ թափահարում է իր ձախող կադրային քաղաքականությունն արդարացնելիս, պետական պարգեւատրումներ շռայլելիս, միանձնյա որոշումներ կայացնելիս, պետական հաստատությունները ցնցումների ենթարկելիս: 

Խնդիրն այն է, որ թեպետ Փաշինյանի իշխանությունը ձեւավորվել է ընտրությունների արդյունքում եւ լեգիտիմ է իրավական, քաղաքական եւ հասարակական առումներով, սակայն հետհեղափոխական այս երկու տարվա ընթացքում Փաշինյանը փաստացի ապալեգիտիմացրել է մնացյալ ողջ իշխանությունը՝ դառնալով իշխանության փաստացի միակ կրողը եւ իրենով փոխարինելով ողջ պետությանը: Եվ թեպետ լեգիտիմությունը տրվում է ընտրությունների արդյունքում, սակայն կարող է կորսվել կառավարման ընթացքում առանց հաջորդ ընտրությունների հանգրվանին հասնելու: 

Իշխանությունը լեգիտիմ է, եթե հանրությունն ընդունում է կառավարիչների՝ կառավարման իրավունքը, մեթոդներն ու ձեւերը, ենթարկվում է օրենքներին եւ որոշումներին: Հայաստանի հանրության մի մասի համար ՀՀ իշխանությունների լեգիտիմության աղբյուրը ոչ թե օրենքներն են, այլ Փաշինյանի անձը, որն իրենով փոխարինում է ողջ պետությանը: Լեգիտիմությունը նվազում է, երբ հանրությունը սկսում է անհամաձայնություն հայտնել ընդունված օրենքներին եւ որոշումներին, քաղաքականությանը՝ ընդհանրապես: Հայաստանի հանրության մյուս մասի համար ձախավեր կադրային քաղաքականության, անհագ պարգեւատրումներ հատկացնելու որոշումների, համաճարակի դեմ ձախողված պայքարի հետեւանքով Փաշինյանի լեգիտիմությունն էապես նվազել է: Փաշինյանի այսօրվա լեգիտիմ իշխանությունը կարող է վաղը ոչ լեգիտիմ դառնալ: 
Իշխանության լեգիտիմության ամրացման կամ թուլացման ամենակարեւոր գործոնը ժամանակն է, որի ընթացքում կա՛մ իշխանությունը կորցնում է լեգիտիմությունը, կա՛մ ամրապնդում է այն: Թեպետ նույնիսկ բացարձակ լեգիտիմ իշխանության դեպքում եւս լեգիտիմոււթյունը բացարձակ չէ, առավել եւս՝ ինքնանպատակ չէ: Մինչդեռ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունն արագորեն դառնում է ինքնանպատակ կամ հետապնդում է մեկ նպատակ՝ բոլոր ձախորդ գործողությունների դեպքում վկայակոչել լեգիտիմությունը, իսկ երբ իշխանությունը կորցնում է լեգիտիմությունը, ապա կկորցնի նաեւ իշխանությունը: 

Աշխարհի բոլոր հեղափոխություններին նախորդել են հանրության անհամաձայնությունն ու անհնազանդությունն իշխանություններին: Այդպես է ե՛ւ հայկական, ե՛ւ բելառուսական հեղափոխությունների դեպքում: Միջազգային բոլոր հարթակներում հայկական «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությամբ» հպարտացող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով Բելառուսի ոչ լեգիտիմ իշխանությանը, կամա թե ակամա ճանաչում է Լուկաշենկոյի՝ հեղափոխությունը ճնշելու իրավունքը: Թերեւս սեփական իշխանության վտանգների հանդեպ մշտարթուն Փաշինյանը սկսել է զգալ, թե ինչպես են կորցնում իշխանությունը: 
«Մենք այժմ մեծամասնություն ենք»,- Տիխանովսկայայի այս հայտարարությունն ընդգծում է՝ Բելառուսում իշխանությունն անցել է ժողովրդին: Լուկաշենկոյի հեռացումն իշխանությունից ժամանակի խնդիր է, այն էլ՝ կարճ ժամանակի: 

Բելառուսական հեղափոխության այս օրերին հայկական հեղափոխության առաջնորդը, շնորհավորելով Լուկաշենկոյին, սխալվեց ժամանակի ու քաղաքականության մեջ: Օգոստոսի 9-ի Երեւանի շնորհավորանքներում Փաշինյանի լեգիտիմությունը վահան չդարձավ Բելառուսի հանրության կողմից մերժված Ալ. Լուկաշենկոյի ապալեգիտիմության համար: Սակայն երբ Փաշինյանի լեգիտիմությունն ու Լուկաշենկոյի ապալեգիտիմությունը հատվեցին, Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը լրջորեն սասանվեց: