Պապիկյանի տեղակալը և նրա հայրը սերտաճել են ճանշին ոլորտին

Պապիկյանի տեղակալը և նրա հայրը սերտաճել են ճանշին ոլորտին

Նիկոլ Փաշինյանը ճանապարհաշինությունը համարում է իր ձեռքբերումներից մեկը։ 100 դրական փաստեր թվարկելիս նա նշել էր, որ այս տարի 62.3 կմ ճանապարհ է նորոգվել, իսկ 2018 թվականին ճանապարհաշինության պլանը 60 տոկոսով գերակատարվել է։

Իրականում ճանապարհաշինությունը Հայաստանում շարունակում է մնալ ամենակոռուպցիոն ճյուղը։

Վերջերս Իջեւանում կատարվում  էին ասֆալտապատման աշխատանքներ, որոնք լուսաբանվեցին ԶԼՄ-ներով։ Աշխատանքներն իրականացնում է «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ն։ Հայտարարվեց, որ աշխատանքները կատարվում են գերմանական տեխնոլոգիայով եւ տեխնիկայով։ Բազմաթիվ «հանդիսատեսների» առաջ, որոնց թվում էին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նրա տեղակալ Բագրատ Բադալյանը, «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ․ Ավետիսյանը եւ այլ բարձրաստիճաններ, կոմպրեսորը փոշու այնպիսի ամպ բարձրացրեց, որ միանգամից պարզ դարձավ՝ գերմանական տեխնոլոգիայի մասին խոսելն ավելորդ է։

Ամպը բարձրաստիճաններից ոչ մեկը չնկատեց կամ չցանկացավ նկատել։
2014 թ․ շահագործման հանձնվեց Բերդ-Այգեձոր-Չինարի ճանապարհը։ Այն կառուցվել էր Համաշխարհային բանկի տրամադրած 1 մլն դոլար վարկային միջոցներով՝ «ԱԱԲ-Պրոյեկտ» ՍՊԸ-ի կողմից։ Ճանապարհաշինության վերահսկողությունն իրականացնում է «Կոքս-Քոնսալթինգ» գերմանական ընկերությունը, որի ղեկավարը Կնուտ Մյուլլերն է, նախագծողը՝ «Ճաննախագիծ» ՍՊԸ-ն։ Ճանապարհը մի քանի ամիս հետո քայքայվեց եւ դարձավ դժվարանցանելի։ Պարզ էր, որ վարկային միջոցները յուրացվել կամ վատնվել են, սակայն բարձրացած աղմուկը քիչ-քիչ մարեց։ «ԱԱԲ-Պրոյեկտ» ՍՊԸ-ն, օգտագործելով իր կապերն այն ժամանակվա կառավարող կլանի հետ, արեց ամեն ինչ, որպեսզի քրեական գործ չհարուցվի։ Արդյունքում ծածկադմփոց արվեց, պետությանը հասցված վնասը չվերականգնվեց։ Շինարարություն իրականացնող «ԱԱԲ-Պրոյեկտ» ընկերությունը,  տեխնիկական վերահսկող «Կոքս-Քոնսալթինգը», նախագծող «Ճաննախագիծ» ընկերությունը, որը նաեւ հեղինակային ստուգումներ պետք է իրականացներ, լիցենզիաներից չզրկվեցին։ Անորակ շինարարության պատասխանատուները ոչ միայն չպատժվեցին, այլեւ հիմա էլ շարունակում են  ճանապարհաշինությամբ զբաղվել՝ ահռելի վարկային միջոցներ իրացնելով։ Մասնավորապես՝ «ԱԱԲ-Պրոյեկտ» ՍՊԸ-ն այս տարի շահել է Երեւանի քաղաքապետարանի հայտարարած՝ փողոցների, բակերի ու բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքների մրցույթը։ Այս փաստը հաստատեցին քաղաքապետարանից։
Այդ աշխատանքների նախահաշվային գինը կազմում էր 389 մլն 64 հազար ՀՀ դրամ։ Սակայն նշված ՍՊԸ-ն առաջարկել է աշխատանքները կատարել 299 մլն 579 հազար 280 ՀՀ դրամով։ Տնտեսումը կազմել է մոտ 100 մլն դրամ։

2018 թվականին Բերդ-Այգեձոր-Չինարի ճանապարհը կրկին սկսեցին սարքել եւ կրկին՝ ՀԲ վարկային ռեսուրսների հաշվին։ Նախագծողը նույն «Ճաննախագիծ» ՍՊԸ-ն էր, որը նաեւ հեղինակային հսկողությունն իրականացրեց։ Այս նոր շինարարության վրա լրացուցիչ ծախսվեց մոտ 400 մլն դրամ։ Այս անգամ տեխնիկական վերահսկողությունը կատարեց իտալական «Տեխնիտալ» ընկերությունը, բայց Մյուլլերի ընկերությունն անգործ չմնաց՝ 2019 թվականին ստանձնեց կենսական նշանակության ճանապարհների ծրագրի տեխնիկական վերահսկողությունը։
Ինչո՞ւ, չնայած այս փաստերին, Ձեր ղեկավարած նախարարությունը շարունակում է աշխատել Մյուլլերի կազմակերպության հետ՝ հարցրինք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը։ Մեզ գրավոր պատասխանեցին․ «2012 թ․ դեկտեմբերի 1-ից մինչեւ 2013 թ․ նոյեմբերի 30-ը «ԱԲԲ- Պրոյեկտ» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են Չինարի-Այգեձոր-Արծվաբերդ-Վերին Կարմիրաղբյուր-Բերդ 22,9 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքներ։ Ճանապարհահատվածի շուրջ 3,5 կմ հատվածում ճանապարհածածկի կառուցման հետ կապված՝ առաջացել են բարդություններ, որոնց պատճառով վերանայվել է ճանապարհի նախագիծը՝ ասֆալտբետոնե ծածկը փոխվել է ավազակոպճային ծածկով, որի արդյունքում կատարվել է վերահաշվարկ, եւ նվազեցվել է պայմանագրի գումարը»։

Մինչդեռ թվում էր, թե պետական այրերն այսուհետ պետք է երկարացնեն շահագործման հանձնվող ճանապարհների  երաշխիքային ժամկետը, հսկողության ավելի խիստ չափանիշներ սահմանեն, որ Բերդ-Այգեձոր-Չինարի միջադեպը չկրկնվի։ Ոչ մի նման բան։ Փոխարենը եւս մի վերանայում արվեց՝ հետագայում անհարմար վիճակներից խուսափելու համար։ «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» վարկային ծրագրի հետշինարարական երաշխիքային ժամկետը 3 տարուց իջեցրին մինչեւ 1 տարի։

Նշենք, որ պետբյուջեի հաշվին կառուցվող ճանապարհների հետերաշխիքային ժամկետը 3 տարի է։
Ստացվում է, որ սուղ պետական միջոցներով կառուցվող ճանապարհների շինարարների նկատմամբ մենք խիստ ենք, իսկ վարկային միջոցները կարելի է հանգիստ վատնել ու մեկ տարի անց պատասխան չտալ դրանցով կատարվող անորակ աշխատանքի համար։

Անսպառ թեմա են տեխնիկական վերահսկողության համար ծախսվող վարկային գումարները։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը, որը «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի» պատվիրատուն է, տեխնիկական վերահսկողություն կատարող ընկերությունից, տվյալ դեպքում՝ 2019-ին կենսական նշանակության ճանապարհների ծրագրի տեխնիկական վերահսկողությունը ստանձնած «Կոքս-Քոնսալթինգ» ընկերությունից, ստանում է ֆինանսական հաշվարկ, որտեղ ներկայացվում են պահանջվող ծախսերը։ Ըստ մասնագետների՝ այդ հաշվարկի մեջ նշվում են խմբի ղեկավարի եւ այլ հսկիչների աշխատավարձերը։ Խմբի ղեկավարի աշխատավարձը, «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի» շրջանակներում, կազմում է ամսական 15 հազար դոլար, իսկ մնացած 12-15 աշխատողների աշխատավարձերը սահմանված են մոտ 3 հազար դոլարի չափով։ Մրցութային գործընթացն ավարտելուց հետո պայմանագիրը հաստատում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը։ Այնուհետեւ ընկերությունը վարձում է մեկ այլ, տեղական ընկերության՝ ենթակապալային եղանակով, որն էլ իրականացնում է աշխատավարձերի վճարումը։

Անհասկանալի տրամաբանությամբ, մինչեւ 2019 թվականը՝ որպես ենթակապալառու, «Կոքս-Քոնսալթինգ» ընկերությունն անընդհատ ընտրում է միեւնույն «Դոռզնակ» ՍՊԸ-ին։ Այն վճարում է աշխատավարձեր նույն  մարդկանց, որոնք նշված էին ՊՈԱԿ-ի եւ ընկերության միջեւ կնքված պայմանագրում, սակայն տեղական մասնագետներին վճարվում է արդեն ոչ թե հայտարարագրված 3 հազար դոլարը, այլ շատ ավելի քիչ՝ ընդամենը 800 դոլար։

«Դոռզնակ» ՍՊԸ-ն պատկանում է հայր եւ որդի Սամվել եւ Բագրատ Բադալյաններին։ Նրանք նաեւ նախագծային «Ճաննախագիծ» ՍՊԸ-ի սեփականատերերն են, որոնք երկարամյա սերտ համագործակցություն ունեն այդ ոլորտի հետ դեռեւս նախորդ իշխանության ժամանակներից։ Հիշեցնենք, որ Բագրատ Բադալյանը նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալն է՝ ճանապարհների գծով։ Հենց այս նախարարությունն է համակարգում ճանապարհաշինության ոլորտը, մրցույթներ կազմակերպում եւ այլն։

Փոխկապակցվածությունը թաքցնելու համար, 2019-ին ծրագրի տեխնիկական վերահսկողությունը ստացած «Կոքս-Քոնսալթինգ» ընկերությունը ենթակապալային պայմանագիր է կնքում արդեն ոչ թե «Դոռզնակ» ՍՊԸ-ի, այլ նոր ստեղծված ընկերության հետ, որի տնօրեն է նշանակվում Կնուտ Մյուլլերի երկարամյա մտերիմ՝ թարգմանչուհի Նարինե Հայկազյանը։ Ընդ որում, տեղական մասնագետներին տրամադրում է, ինչպես միշտ, «Ճաննախագիծ» ՍՊԸ տնօրեն Սամվել Բադալյանը, որը նաեւ փաստացի ղեկավարում է «Դոռզնակ» ՍՊԸ-ն։ Նրա որդին՝ տարածքային ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը, հայտարարագրել է մոտ 400 հազար դոլար սեփական ֆինանսական միջոցներ։  

ՀԳ․ Հրապարակման մեջ օգտագործված փաստերը ստուգված են։ Դրանք ստացել ենք ոլորտի մասնագետներից, նախկին իրավապահներից եւ պաշտոնական աղբյուրներից։

Շարունակելի